Գործեր 9։1-43

9  Բայց Սօղոսը դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների վերայ, քահանայապետի մօտ եկաւ,  Եւ նորանից թղթեր խնդրեց Դամասկոս՝ ժողովարանների վերայ. որ եթէ մէկին գտնէ այն ճանապարհին հետեւող՝ մարդիկ կամ կանայք, նորանց կապած բերէ Երուսաղէմ:  Եւ նա գնալիս մոտեցաւ Դամասկոսին, եւ յանկարծակի նորա չորս կողմովը լոյս փայլեց երկնքիցը:  Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում:  Եւ նա ասեց. Ո՞վ ես, Տէր. եւ Տէրն ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. դժվար է քեզ՝ խթանին քացի տալ:  Եւ դողալով ու զարհուրաելով ասեց. Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ:  Եւ Տէրն ասեց նորան. Կանգնիր եւ մտիր քաղաքը, եւ կասուի քեզ՝ թէ ինչ է պէտք քեզ անել. բայց այն մարդիկը՝ որ նորա հետ գնում էին, ապուշ կանգնած էին. ձայնը լսում էին, բայց ոչինչ չէին տեսնում:  Սօղոսն էլ վերկացաւ գետնիցը, իր աչքերը բաց անելով ոչ ոքին չէր տեսնում, եւ նորա ձեռքիցը բռնած մտցրին Դամասկոս:  Եւ երեք օր չէր տեսնում. եւ ոչ ուտում էր եւ ոչ խմում: 10  Եւ Դամասկոսում մի աշակերտ կար անունն Անանիա. եւ Տէրն տեսիլքի մէջ նորան ասեց. 11  Անանիա. եւ նա ասեց. Ահա ես, Տէր: Եւ Տէրը նորան ասեց. վեր կաց գնա այն փողոցը՝ որ կոչվում է Ուղիղ. եւ Յուդայի տանը որոնիր մի Սօղոս անունով Տարսօնացի մարդ, որովհետեւ ահա աղոթք է անում: 12  Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ մի Անանիա անունով մարդ, որ մտաւ եւ ձեռքը դրաւ իրան վերայ, որ տեսնէ: 13  Անանիան էլ պատասխանեց. Տէր, ես այն մարդի համար շատերից լսեցի, թէ որչափ չարիք արաւ քո սուրբերին Երուսաղէմումը: 14  Եւ այստեղ էլ քահանայապետներիցն իշխանութիւն ունի, որ այն ամենքին կապէ, որ քո անունը կանչում են: 15  Տէրն էլ ասեց նորան. Գնա. որովհետեւ նա ինձ համար ընտրուած անօթ է, որ իմ անունը տանէ հեթանոսների, թագավորների՝ եւ Իսրայէլի որդկանց առաջին: 16  Որովհետեւ ես ցոյց կ’տամ նորան, թէ որչափ պիտի չարչարուի իմ անունի համար: 17  Եւ Անանիան գնաց՝ եւ մտաւ այն տունը. եւ ձեռքերը դրաւ նորա վերայ, եւ ասեց. Սաւուղ եղբայր, Տէրն ուղարկեց ինձ, այն Յիսուսը որ երեւեցաւ քեզ ճանապարհումը, որ գալիս էիր, որ տեսնես՝ եւ Սուրբ Հոգով լցուիս: 18  Եւ շուտով նորա աչքերիցը թեփերի պէս վայր ընկան. եւ իսկոյն տեսաւ, եւ վերկացաւ մկրտուեցաւ. 19  Եւ կերակուր առաւ՝զօրացաւ: Եւ Սօղոսը մի քանի օր Դամասկոսումը լինող աշակերտների հետ եղաւ: 20  Եւ շուտով ժողովարաններումը Քրիստոսին քարոզեց, թէ Սա է Աստուծոյ Որդին: 21  Ամենքն էլ՝ որ լսում էին, զարմանում էին եւ ասում. Չէ՞ որ սա էր՝ որ Երուսաղէմումը հալածում էր այս անունը կանչողներին. եւ հենց նորա համար է այստեղ եկել, որ սորանց կապած տանէ քահանայապետների մօտ: 22  Բայց Սօղոսն աւելի եւս զօրանում էր՝ եւ յաղթում էր այն Հրէաներին, որ Դամասկոսումը բնակուած էին. ապացուցանելով թէ սա է Քրիստոսը: 23  Երբոր բաւական օրեր լրացան, Հրէաները խորհուրդ արին՝ որ սպանեն նորան: 24  Բայց նորանց նենգութիւնը յայտնուեցաւ Սօղոսին, որ գիշեր եւ ցերեկ դռները պահում էին՝ որ նորան սպանեն: 25  Աշակերտներն էլ ալ նորան գիշերով առան, եւ զամբիւղով պարսպիցը կախելով իջեցրին: 26  Եւ երբոր Սօղոսը Երուսաղէմ եկաւ, ջանք էր անում, որ աշակերտներին յարի. եւ ամենքը նորանից վախենում էին, եւ չէին հաւատում՝ թէ աշակերտ է: 27  Բայց Բառնաբասը նորան առաւ տարաւ առաքեալների մօտ. եւ նորանց պատմեց թէ ինչպէս ճանապարհումը Տիրոջը տեսաւ, եւ թէ նորա հետ խօսեց, եւ ինչպէս Դամասկոսումը համարձակ քարոզեց Յիսուսի անունը: 28  Եւ նորանց հետ էր Երուսաղէմումը մտնելով եւ դուրս գալով, եւ Տէր Յիսուսի անունը համարձակ քարոզելով: 29  Եւ Հելլեննախօսների հետ էլ խօսում էր՝ եւ վիճաբանութիւն էր անում. եւ նորանք որոնում էին, որ սպանեն նորան: 30  Եւ եղբայրները իմանալով, նորան իջեցրին Կեսարիա, եւ ուղարկեցին նորան Տարսօն: 31  Բայց եկեղեցիները բոլոր Հրէաստանի՝ Գալիլեայի եւ Սամարիայի մէջ խաղաղութիւն ունէին, շինվում էին, եւ Տիրոջ երկիւղին հետեւում. եւ Սուրբ Հոգու մխիթարութեամբը շատանում էին: 32  Եւ եղաւ երբոր Պետրոսը ման էր գալիս ամեն տեղ, եկաւ այն սրբերի մօտ, որ Լիւդիայի մէջ բնակուած էին: 33  Եւ այնտեղ մի մարդ գտաւ, անունը Ենեա, որ ութ տարի մահիճի մէջ անդամալոյծ դրած էր: 34  Եւ Պետրոսն ասեց նորան. Ենեա, Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վեր կաց եւ անկողինդ շինիր. եւ նա շուտով վերկացաւ: 35  Եւ տեսան նորան ամենքը որ բնակուած էին Լիւդիայի եւ Սարօնի մէջ, որոնք դարձան դէպի Տէր: 36  Եւ Յոպպէի մէջ մի աշակերտ դարձած կին կար՝ անունը Տաբիթա, որ թարգմանուած ասում է Այծեմնիկ. սա լիքն էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ անում էր: 37  Եւ եղաւ այն օրերումը, որ նա հիւանդացաւ եւ մեռաւ. եւ նորան լուացին եւ դրին վերնատանը: 38  Եւ Լիւդիան Յոպպէին մոտիկ լինելով, աշակերտները լսեցին՝ թէ Պետրոսը այնտեղ է, նորա մօտ երկու մարդ ուղարկեցին աղաչելու, որ չ’ուշանայ նորանց մօտ գալու: 39  Եւ Պետրոսը վերկացաւ եկաւ նորանց հետ. եւ երբ որ եկաւ, նորան հանեցին այն վերնատունը. եւ ամեն որբեւայրիները նորա չորս կողմովը կանգնեցին, լաց էին լինում եւ ցոյց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները որ Այծեմնիկը շինում էր, քանի որ նորանց հետ էր: 40  Եւ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկ դրաւ՝ աղօթք արաւ. եւ դարձաւ դէպի մարմինն եւ ասեց. Տաբիթա, վեր կաց. եւ նա աչքերը բաց արաւ. եւ Պետրոսին որ տեսաւ՝ ուղիղ նստեց: 41  Եւ նա ձեռքը տուաւ նորան՝ եւ վերկացրեց նորան. եւ կանչեց սուրբերին եւ որբեւայրիներին, եւ նորանց առաջին կենդանի կանգնեցրեց նորան: 42  Եւ յայտնի եղաւ բոլոր Յոպպէի մէջ, եւ շատերը հաւատացին Տիրոջը. 43  Եւ նա շատ օր մնաց Յոպպէումը՝ մի կաշեգործ Սիմօնի մօտ:

Ծանոթագրություններ