Դանիել 9։1-27

9  Ասուերոսի որդի Դարեհի առաջի տարին, որ Մարաց սերունդիցն էր եւ թագաւոր դրուեցաւ Քաղդէացիների թագաւորութեան վերայ,  Նորա թագաւորութեան առաջի տարին ես Դանիէլս իմացայ գրքերումը այն տարիների թիւը, որոնց համար Տիրոջ խօսքը եղել էր Երեմիա մարգարէին, թէ պիտի վերջացնէր Երուսաղէմի աւերմունքները եօթանասուն տարիով։  Եւ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղօթք եւ աղաչանք մատուցանեմ ծոմով եւ քուրձով ու մոխիրով։  Եւ աղօթեցի իմ Տէր Աստուծուն եւ խոստովանուեցայ ու ասեցի. Ոհ, Տէր, մեծ Աստուած եւ ահաւոր, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ պատուիրանքներդ պահողներին.  Մենք մեղանչեցինք եւ անօրինութիւն գործեցինք եւ ամբարիշտ եղանք ու ապստամբուեցինք եւ խոտորեցինք քո պատուիրանքներիցն ու իրաւունքներիցը.  Եւ չլսեցինք քո ծառաներին՝ մարգարէներին, որոնք խօսեցին քո անունովը մեր թագաւորների, մեր իշխանների եւ մեր հայրերի հետ եւ երկրի բոլոր ժողովրդի հետ։  Քոնն է, ով Տէր, արդարութիւնը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպէս որ այսօր է, Յուդայի մարդկանցը եւ Երուսաղէմի բնակիչներին եւ բոլոր Իսրայէլին մօտաւորներին եւ հեռաւորներին այն ամեն երկիրներում, ուր որ աքսորել ես նորանց այն յանցանքի համար, որ գործեցին քեզ դէմ։  Տէր, մերն է երեսի ամոթը՝ մեր թագաւորներինը, մեր իշխաններինը եւ մեր հայրերինը, որ մեղանչեցինք քեզ դէմ։  Մեր Տէր Աստուծունն է ողորմութիւնը եւ ներողութիւնը, որովհետեւ մենք ապստամբեցինք նորա դէմ, 10  Եւ չլսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին, որ գնայինք նորա օրէնքովը, որոնք նա դրավ մեր առաջին իր ծառաների՝ մարգարենէրի ձեռովը. 11  Եւ բոլոր Իսրայէլը զանց արավ քո օրէնքը եւ խոտորեցաւ, որ չ’լսէ քո ձայնին եւ թափուեցաւ մեզ վերայ այն անէծքը եւ երդումը, որ գրուած է Աստուծոյ ծառա Մովսեսի օրէնքումը.որովհետեւ մենք մեղանչեցինք նորա դէմ։ 12  Եւ նա հաստատեց այն խոսքերը, որ ասել էր մեր մասին եւ մեզ դատող մեր դատաւորների մասին՝ մեզ վերայ մեծ չարիք բերելով, այնպէս որ երկնքի տակ եղած չէ ինչպէս որ եղավ Երուսաղէմին։ 13  Մովսեսի օրէնքումը գրուածին պէս այս բոլոր չարիքը եկաւ մեզ վերայ, սակայն մենք չ’խնդրեցինք մեր Տէր Աստուծոյ երեսը, որ ետ դառնայինք մեր անօրէնութիւններիցը եւ խելամտէինք քո ճշմարտութեան մէջ։ 14  Եւ Տէրը հսկեց այս չարիքի համար եւ նորան բերաւ մեզ վերայ. որովհետեւ արդար է մեր Տէր Աստուածը իր արած բոլոր գործերի մասին. իսկ մենք չ’լսեցինք նորա ձայնին։ 15  Եւ արդ, ով մեր Տէր Աստուած, որ քո ժողովուրդը Եգիպտոսի երկրիցը հանեցիր հզօր ձեռքով, եւ քեզ համար անուն շինեցիր, ինչպէս որ այսօր է. մենք մեղանչեցինք անօրինացանք։ 16  Ով Տէր, քո բոլոր արդարութեան համեմատ, աղաչում ենք, թող ետ դառնայ քո բարկութիւնը եւ սրտմտութիւնը քո սուրբ սարից՝ քո Երուսաղէմ քաղաքիցը. որովհետեւ մեր մեղքերի համար եւ մեր հայրերի անօրէնութիւնների համար Երուսաղէմը եւ քո ժողովուրդը նախատինք են դառել մեր բոլոր շրջականերին։ 17  Եւ արդ, ով մեր Աստուած, լսիր քո ծառայի աղօթքը եւ նորա աղաչանքը, եւ փայլեցրու քո երեսը քո ամայացած սրբարանի վերայ Տիրոջ շնորհիվ։ 18  Ականջ դիր, ով իմ Աստուած, եւ լսիր, բաց աչքերդ եւ տես մեր աւերակները եւ այն քաղաքը որի վերայ կոչված է քո անունը, որովհետեւ ոչ թէ մեր արդարութիւնների համար ենք աղաչում մենք մեր աղօթելով քո առաջին, այլ քո շատ ողորմութիւնների համար։ 19  Ով Տէր, լսիր, ով Տէր, ներիր, ով Տէր, ականջ դիր եւ կատարիր, մի ուշացնիր քեզ համար, ով իմ Աստուած, որովհետեւ քո անունն է կոչուած քո քաղաքի եւ քո ժողովրդի վերայ։ 20  Եւ ես տակաւին խօսում էի եւ աղօթում եւ խոստովանում էի իմ մեղքը եւ իմ ժողովրդի Իսրայէլի մէղքը եւ իմ աղաչանքը մատուցանում էի իմ Տէր Աստուծոյ առաջին իմ Աստուծոյ սուրբ սարի համար. 21  Եւ ես տակաւին խօսում էի աղօթքում, որ այն Գաբրիէլ մարդը, որ տեսիլքումը տեսել էի սկզբումը թուլացած նուաղած ժամանակին*, դպաւ ինձ երեկոյեան զոհի ժամանակին, 22  Եւ հասկացնելով խօսում էր ինձ հետ, եւ ասեց. Ով Դանիէլ, հիմա դուրս եկայ որ քեզ իմաստութիւն սովորեցնեմ. 23  Քո աղաչանքի սկզբումը խօսք դուրս եկաւ, եւ ես եկայ իմացնելու, որ դու ցանկալի ես. ուրեմն հասկացիր խօսքը եւ իմացիր տեսիլքը. 24  Եօթանասուն եօթնեակ է վճռուած քո ժողովրդի եւ քո սուրբ քաղաքի վերայ, յանծանքը վերջացնելու եւ մեղքերը կնքելու եւ անօրէնութիւնը քաւելու եւ յաւիտենական արդարութիւն բերելու եւ տեսիլքն ու մարգարէքը կնքելու եւ ամենասուրբը օծելու համար։ 25  Եւ իմացիր ու հասկացիր, որ Երուսաղէմը դարձեալ շինելու համար հրամանը դուրս գալուց մինչեւ Մեսիա* իշխանը եօթը եօթնեակ եւ վաթսունեւերկու եօթնեակ կայ, որ դարձեալ պիտի շինուի հրապարակը եւ պարիսպը, այն էլ նեղ ժամանակներում։ 26  Եւ վաթսունեւերկու եօթնեակից յետոյ պիտի Մեսիան մահով դատապարտուի բայց չէ թէ իրան համար. եւ եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնէ քաղաքը եւ սրբարանը, եւ նորա վերջը իբր թէ հեղեղով կ’լինի, եւ մինչեւ պատերազմի վերջը աւերումներ են որոշուած։ 27  Եւ նա պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ, եւ եօթնեակի կէսին պիտի դադարեցնէ զոհը եւ պատարագը. եւ տաճարի ծայրի վերայ աւերածի պղծութիւնը կ’լինի մինչեւ որ վերջնական եւ նախասահմանեալ պատուհասը կ’թափուի աւերածի վերայ։

Ծանոթագրություններ

9։21 Կամ՝ շուտով թռչելով։
9։25 Այսինքն՝ Օծեալ։