Դատավորներ 11։1-40

11  Եւ Գաղաադացի Յեփթայեն հզօր զօրաւոր մարդ էր, եւ նա մի պոռնիկ կնկայ զաւակ էր. եւ Յեփթայէի հայրը Գաղաադն էր։  Եւ Գաղաադի կինը նորա համար զաւակներ ծնեց. եւ երբոր այն կնկայ զաւակները մեծացան՝ Յեփթայէին հալածեցին, եւ նորան ասեցին. Դու մեր հօր տան մէջ ժառանգութիւն պիտի չ’ունենաս, որովհետեւ դու մի օտար կնկայ զաւակ ես։  Եւ Յեփթայեն իր եղբայրների երեսիցը փախչելով՝ Տովբի երկրումը բնակուեց. եւ Յեփթայէի մօտ սրիկայ մարդիկ ժողովուեցան եւ ման էին գալիս նորա հետ։  Եւ եղաւ որ մի ժամանակից յետոյ Ամմոնի որդիքը Իսրայէլի հետ պատերազմ արին։  Եւ երբոր Ամմոնի որդիքը Իսրայելի հետ պատերազմ էին անում, Գաղաադի ծերերը գնացին, որ Յեփթայէին Տովբի երկրիցն առնեն։  Եւ Յեփթայէին ասեցին. Եկ մեզ զօրագլուխ եղիր որ Ամմոնի որդկանց հետ պատերազմ անենք։  Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերին ասեց. Չէ՞ որ դուք ինձ ատեցիք եւ ինձ հալածեցիք իմ հօր տանիցը, եւ հիմա ի՞նչու համար էք եկել ինձ մօտ, որ նեղութեան մէջ էք։  Եւ Գաղաադի ծերերը Յեփթայէին ասեցին. Նորա համար ենք քեզ դիմել, որ մեզ հետ գնաս եւ Ամմոնի որդկանց դէմ պատերազմ անես, եւ մեզ՝ Գաղաադի բոլոր բնակիչներիս գլուխ լինես։  Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերին ասեց. Եթե դուք ինձ դարձնեք Ամմոնի որդկանց դէմ պատերազմ անելու համար, եւ Տերը նորանց իմ ձեռքը մատնէ, ես ձեզ գլուխ լինեմ։ 10  Եւ Գաղաադի ծերերը Յեփթայէին ասեցին. Տերը մեր մէջ լսէ, եթե ասածիդ պես չ’անենք։ 11  Եւ Յեփթայէն Գաղաադի ծերերի հետ գնաց, եւ ժողովուրդը նորան իրանց վերայ գլուխ եւ զօրապետ դրին. եւ Յեփթայէն խօսեց Մասփայումը Տիրոջ առաջին իր բոլոր խօսքերը։ 12  Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց թագաւորին պատգամաւորներ ուղարկեց, ասելով. Դու ինձ հետ ի՞նչ բան ունես, որ ինձ մօտ եկար իմ երկրումը պատերազմ անելու։ 13  Եւ Ամմոնի որդկանց թագաւորը Յեփթայէի պատգամաւորներին ասեց թե Իսրայէլն Եգիպտոսից դուրս գալիս՝ Առնոնից մինչեւ Յաբոկ եւ մինչեւ Յորդանան իմ երկիրն առաւ, հիմա խաղաղութեամբ ետ դարձրու այն։ 14  Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց թագաւորին կրկին պատգամաւորներ ուղարկեց, 15  Եւ նորան ասեց. Յեփթայեն այսպես է ասում. Իսրայէլը չ’առաւ Մովաբի երկիրը եւ Ամմոնի որդկանց երկիրը. 16  Որովհետեւ Եգիպտոսիցը դուրս գալիս Իսրայէլը մինչեւ Կարմիր ծովը անապատովը գնաց, եւ եկավ Կադես. 17  Եւ Իսրայէլը Եդովմի թագաւորների մօտ դեսպաններ ուղարկեց ասելով. Աղաչում եմ թող քո երկրովն անցնեմ. բայց Եդովմի թագաւորը չ’լսեց, եւ Մովաբի թագաւորի մօտ էլ ուղարկեց, նա էլ թող չ’տուաւ. եւ Իսրայելը մնաց Կադեսի մէջ։ 18  Եւ անապատովը գնաց, եւ Եդովմի երկրովը եւ Մովաբի երկրովը պտոյտ տուաւ, եւ Մովաբի երկրի արեւելեան կողմիցը գնալով Առնոնի այն կողմին բանակ տուաւ. բայց Մովաբի սահմանը չ’մտաւ, որովհետեւ Մովաբի սահմանն Առնոնն էր։ 19  Եւ Իսրայէլը դեսպաններ ուղարկեց Ամօրհացիների Սեհոն թագաւորի մօտ (որ Եսեբոնի թագաւորն էր) եւ Իսրայէլը նորան ասեց. Աղաչում եմ քո երկրովն անցնեմ մինչեւ մի տեղը։ 20  Բայց Սեհոնը Իսրայէլին հաւատք չ’ընծայեց որ նա իր սահմանովն անցներ. եւ Սեհոնը իր բոլոր ժողովրդին ժողովեց, եւ բանակ տուին Յասայի մէջ. եւ նա Իսրայէլի դէմ պատերազմ արաւ։ 21  Եւ Իսրայէլի Տեր Աստուածը Սեհոնին եւ նորա բոլոր ժողովրդին Իսրայելի ձեռքը մատնեց, եւ նորանք զարկեցին նորանց եւ Իսրայէլը այն երկրումը բնակող Ամօրհացիների բոլոր երկիրն առաւ։ 22  Եւ ժառանգեցին Ամօրհացիների բոլոր սահմանը՝ Առնոնից միչեւ Յաբոկ, եւ անապատիցը մինչեւ Յորդանան։ 23  Եւ հիմա Իսրայելի Տեր Աստուածն է Ամօրհացիներին իր ժողովրդի առաջից հալածել, եւ դու՞ ժառանգես այն։ 24  Չէ՞ որ դու քո աստուծոյ՝ Քամովսի քեզ ժառանգութիւն տուածը կ’ժառանգես. մենք էլ ժառանգում ենք մեր Եհովայ Աստուծոյ մեր առաջից հալածածը։ 25  Եւ հիմա դու Մովաբի թագաւոր Սեպփօրեան Բաղակիցն աւելի լաւ ե՞ս. մի թե նա վիճե՞ց Իսրայելի հետ կամ նորանց հետ պատերազմ արա՞ւ։ 26  Իսրայէլը Եսեբոնում եւ նորա գիւղերումը, Արոերում եւ նորա գիւղերումը, եւ Առնոնի եզերքի վերայ եղող բոլոր քաղաքներումը երեք հարիւր տարի է որ բնակվում է, եւ ի՞նչու համար այնքան ժամանակ չ’ազատեցիք։ 27  Եւ ես քեզ դեմ յանցանք չեմ արած, եւ դու ինձ հետ պատերազմ անելով ինձ չարութիւն ես անում. այսօր Իսրայէլի որդկանց եւ Ամմոնի որդկանց մէջ դատաւոր եղող Եհովան դատաստան անէ։ 28  Բայց Ամմոնի որդկանց թագաւորը Յեփթայէի ուղարկած խօսքերը չ’լսեց։ 29  Եւ Տիրոջ Հոգին Յեփթայէի վերայ եղաւ. եւ նա Գաղաադիցն ու Մանասեիցն անց կացաւ եւ Գաղաադի Մասփայիցն էլ անցաւ, եւ Գաղաադի Մասփայիցն Ամմոնի որդկանց վերայ գնաց։ 30  Եւ Յեփթայէն Տիրոջն ուխտ արաւ եւ ասեց. Եթե Ամմոնի որդիքը բոլորովին իմ ձեռքը մատնես, 31  Այն ժամանակ իմ տան դռնիցն ինձ դիմաւորելու դուրս եկողը, երբոր ես խաղաղութեամբ ետ դառնամ Ամմոնի որդիներից, Տիրոջը թող լինի, եւ նորան ողջակէզ մատուցանեմ։ 32  Եւ Յեփթայէն Ամմոնի որդկանց վերայ գնաց նորանց հետ պատերազմելու եւ Տերը մատնեց նորա ձեռքը։ 33  Եւ նա զարկեց Արոէրից մինչեւ Մեննիթ՝ քսան քաղաք, եւ մինչեւ Աբէլքերամիմ սաստիկ կոտորածով. եւ Ամմոնի որդիքը Իսրայէլի որդկանց առաջին նուաճուեցան։ 34  Եւ Յեփթայէն եկաւ Մասփա իր տունը. եւ ահա նորա աղջիկը դուրս էր գալիս թմբուկներով եւ պարելով նորան դիմաւորելու. եւ նա նորա մէկ հատ զաւակն էր, եւ բացի նորանից տղայ կամ աղջիկ չ’ունէր։ 35  Եւ երբոր նորան տեսաւ, իր հանդերձը պատառեց եւ ասեց. Ոհ, աղջիկս, դու ինձ փորձանքի մէջ գցեցիր, որովհետեւ ես բերանս բացի Տիրոջը եւ չեմ կարող ետ դարձնել։ 36  Եւ աղջիկը նորան ասեց. Հայր իմ, բերանդ բացել ես Տիրոջը, արա ինձ ինչպես որ դուրս է եկել բերանիցդ, ըստ որում Տերը քեզ համար քո թշնամիներիցը՝ Ամմոնի որդկանցիցը վրեժխնդրութիւն արաւ։ 37  Եւ իր հօրն ասեց. Միայն այս բանն արա ինձ. ինձ երկու ամիս թող տուր որ վեր գնամ սարերը եւ իջնեմ. եւ իմ ընկերներովն իմ կուսութեան վերայ լաց լինեմ։ 38  Եւ նա ասեց. Գնա. եւ նորան երկու ամիս թող տուաւ. եւ նա իր ընկերներովը գնաց, եւ սարերի վերայ իր կուսութիւնը լաց եղաւ։ 39  Եւ երկու ամիսը լրանալուց յետոյ իր հօր մօտ դարձաւ, եւ նա իր արած ուխտը նորա մասին կատարեց. եւ նա այր չ’ճանաչեց։ 40  Եւ Իսրայէլի մէջ սովորութիւն եղաւ, որ ժամանակ ժամանակ Իսրայէլի աղջիկները գնան եւ Գաղաադացի Յեփթայէի աղջկան համար տարին չորս օր լաց լինեն։

Ծանոթագրություններ