Դատավորներ 16։1-31

16  Եւ Սամփսոնը գնաց Գազա, եւ այնտեղ մի պոռնիկ կին տեսաւ, եւ նորա մօտ մտաւ։  Եւ Գազացիներին ասեցին թե Սամփսոնը եկել է այստեղ։ Եւ պաշարեցին եւ բոլոր գիշերը նորան դարանակալ եղան քաղաքի դռան մօտ, եւ բոլոր գիշերը լռեցին եւ ասեցին. Առաւոտը կանուխ մեռցնենք նորան։  Եւ Սամփսոնը մինչեւ կէս գիշեր քնեց, եւ կես գիշերին վեր կացաւ եւ քաղաքի դռան փեղկերը երկու սեմերովը բռնեց եւ նորանց նիգովը մէկտեղ հանեց եւ ուսերի վերայ առնելով նորանց Քեբրոնի դիմացի սարի գլուխը տարաւ։  Եւ նորանից յետոյ մէկ կին սիրեց Սովրեկ հեղեղատի մօտ, ու նորա անունը Դալիլա էր։  Եւ Փղշտացիների նախարարները այն կնկայ մօտ գնացին եւ նորան ասեցին. նորան խաբիր եւ տես, թե նորա մեծ զօրութիւնը ինչումն է, թե ինչով կ’կարողանանք նորան յաղթել, որ նորան յաղթենք եւ տկարացնենք, եւ մենք քեզ ամեն մէկս հազար հարիւր արծաթ կ’տանք։  Եւ Դալիլան Սամփսոնին ասեց. Աղաչում եմ՝ յայտնիր ինձ , թե քո մեծ զօրութիւնը ինչո՞ւմ է, եւ քեզ տկարացնելու համար ի՞նչ բանով կապել պետք է։  Եւ Սամփսոնը նորան ասեց. Եթե ինձ եօթը հատ չ’չորացած դալար ջիլերով կապեն, կ’տկարանամ եւ մարդկանց մէկի պէս կ’դառնամ։  Եւ Փղշտացիների նախարարները նորա համար եօթը հատ չ’չորացած դալար ջիլեր բերին, եւ նա նորան կապեց նորանցով։  Եւ նորա մօտ ներքին սենեակումը դարանակալներ էին նստել։ Եւ կինը նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. այն ժամանակ ջիլերը կտրատեց ինչպես կրակի հոտ առած խծուծից շինած մի լար կ’կտրատեն. եւ նորա ոյժը չ’հասկացուեցաւ։ 10  Եւ Դալիլան ասեց Սամփսոնին. Ահա ինձ խաբեցիր եւ ինձ սուտ ասեցիր. հիմա աղաչում եմ՝ յայտնիր ինձ թե ինչո՞վ կ’կապուես։ 11  Եւ նա նորան ասեց. Եթե ինձ նոր ու չ’գործածուած չուաններով պինդ կապեն՝ այն ժամանակ կ’տկարանամ, եւ մարդկանց մէկի պէս կ’դառնամ։ 12  Եւ Դալիլան նոր չուաններ առաւ եւ նորանցով նորան կապեց, եւ նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. (եւ դարանակալները ներքին սենեակումը նստել էին.) այն ժամանակ նա նորանց դերձանի պես իր բազուկներիցը կտրատեց։ 13  Եւ Դալիլան ասեց Սամփսոնին. Մինչեւ հիմա ինձ խաբեցիր եւ ինձ սուտ ասեցիր. ասիր ինձ թե ինչո՞վ կ’կպուես։ Եւ նա նորան ասեց. Եթե գլխիս եօթը բաժին մազերը ազբով հիւսես։ 14  Եւ նա ցիցով պնդացրեց, եւ նորան ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան։ Եւ նա քնիցը զարթնեց, եւ ոստայնի ցիցը եւ ազբը հանեց։ 15  Այն ժամանակ Դալիլան նորան ասեց. Ինչպէս ես ասում թէ քեզ սիրում եմ, քանի որ սիրտդ ինձ հետ չէ. հիմա այս երեք անգամն է որ ինձ խաբեցիր, եւ ինձ չ’ասեցիր՝ թէ քո մեծ զօրութիւնը ինչում է։ 16  Եւ որովհետեւ ամեն օր իր խօսքերովը նորան նեղում էր եւ նորան բռնադատում էր, այն ժամանակ նորա սիրտը նեղացաւ մինչեւ մահ, 17  Եւ նա իր սրտի մէջ բոլոր եղածը նորան յայտնեց եւ ասեց նորան. Իմ գլխի վերայ ածելի չէ ելած, որովհետեւ իմ մօր արգանդիցը ես Աստուծոյ ուխտաւոր եմ. եթե ածիլուեմ, իմ ոյժն ինձանից կ’գնայ եւ ես կ’տկարանամ, եւ ամեն մարդկանց պէս կ’դառնամ։ 18  Եւ երբոր Դալիլան տեսաւ, որ նա իր սրտի մէջ բոլոր եղածն իրան յայտնեց, Փղշտացիների նախարարներին կանչել տուաւ եւ ասեց. Այս անգամը վեր եկէք. որովհետեւ իր սրտի մէջ բոլոր եղածն ինձ յայտնել է։ Այն ժամանակ Փղշտացիների նախարարները նորա մօտ վեր գնացին. եւ արծաթն էլ իրանց ձեռքին բերին։ 19  Եւ Դալիլան նորան իր ծունկերի վերայ քնացրեց, եւ մի մարդ կանչեց, եւ նորա գլխի եօթը բաժին մազերը ածիլել տուաւ, եւ սկսեց նորան տկարացնել. եւ նորա ոյժը իրանից գնացել էր։ 20  Եւ կինն ասեց. Սամփսոն, Փղշտացիները քեզ վերայ եկան. եւ նա քնիցը զարթնելով՝ ասեց. Դուրս գամ եւ առաջի անգամների պէս թօթափուիմ, բայց չ’գիտեր որ Տէրն իրանից գնացել էր։ 21  Եւ Փղշտացիները նորան բռնեցին եւ նորա աչքերը հանեցին, եւ նորան տարին ցած՝ Գազա, եւ ոտնակապերով կապեցին, եւ բանտումը աղում էր։ 22  Եւ նորա գլխի մազը ածիլուելուց յետոյ սկսեց բուսնել։ 23  Եւ Փղշտացիների նախարարները ժողովուեցան, որ իրանց աստուծուն՝ Դագոնին մեծ զոհ մատուցանեն, եւ ուրախութիւն անեն. եւ ասեցին. Մեր աստուածը մեր թշնամի Սամփսոնին մեր ձեռքը մատնեց։ 24  Եւ ժողովուրդը նորան տեսնելով՝ գովեցին իրանց աստուծուն, որովհետեւ ասեցին. Մեր աստուածը մեր թշնամիին՝ մեր երկիրը քանդողին եւ մեր մեռելները շատացնողին մեր ձեռքը մատնեց։ 25  Եւ երբոր նորանց սիրտն ուրախ էր, ասեցին. Սամփսոնին կանչեցեք, որ մեր առաջին պար գայ։ Եւ Սամփսոնին կանչեցին բանտիցը, եւ նորանց առաջին պար էր գալիս. եւ նորան կանգնեցրին սիւների մէջ տեղը։ 26  Եւ Սամփսոնն իր ձեռքից բռնող պատանիին ասեց. Թող տուր ինձ, որ այս տունը կրող սիւները շօշափեմ, եւ նորանց վերայ կռթնեմ։ 27  Եւ տունը լիքն էր մարդկանցով եւ կանանցով. եւ Փղշտացիների բոլոր նախարարները այնտեղ էին.եւ տանիքի վերայ երեք հազարի չափ մարդիկ եւ կանայք կային, որոնք Սամփսոնի պար գալուն մտիկ էին տալիս։ 28  Եւ Սամփսոնն աղաղակեց Տիրոջը եւ ասեց. Ով Տեր Եհովայ, աղաչում եմ յիշիր ինձ, ով Աստուած, եւ միայն այս անգամ էլ ինձ ուժովացրու որ Փղշտացիներից իմ երկու աչքերի վրէժը մէկ անգամով առնեմ։ 29  Եւ Սամփսոնն այն տունը կրող միջի սիւները՝ մէկ աջ ձեռքովը բռնեց եւ նորանց վերայ կռթնեց. 30  Եւ Սամփսոնն ասեց. Իմ անձն էլ Փղշտացիների հետ թող մեռնի. եւ ուժովը ծռեց, եւ տունը վայր ընկաւ նախարարների վերայ եւ միջումն եղող ժողովուրդի վերայ. եւ իր մեռնելովը մեռցրածները իր կենդանութեան ժամանակ մեռցրածներիցն աւելի էին։ 31  Եւ նորա եղբայրները եւ նորա հօր բոլոր տունը իջան, եւ նորան վեր առան եւ դուրս տարին եւ թաղեցին նորան իր հօր Մանուէի գերեզմանումը Սարաայի եւ Եսթաւուղի մէջտեղը։ Եւ նա Իսրայելի միջումը քսան տարի դատաւորութիւն արաւ։

Ծանոթագրություններ