Դատավորներ 21։1-25

21  Եւ Իսրայէլի մարդիկը Մասփայումն երդում էին արել եւ ասել. թէ Մեզանից ոչ ով իր աղջիկը Բենիամինցիի կին չ’տայ։  Եւ ժողովուրդը գնաց Բեթէլ եւ այնտեղ Աստուծոյ առաջին մինչեւ իրիկուն նստեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով՝ մեծ լացով լաց եղան,  Եւ ասեցին. Ով Իսրայելի Տէր Աստուած, ի՞նչու համար պատահեց այս բանը Իսրայէլի մէջ, որ այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ պակաս է։  Եւ հետեւյալ օրը ժողովուրդը կանուխ վեր կացաւ, եւ այնտեղ սեղան շինեցին, եւ ողջակէզներ եւ խաղաղության զոհեր մատուցրին։  Եւ Իսրայէլի որդիքն ասեցին. Ո՞վ է որ Իսրայէլի ամեն ցեղերիցը վեր չ’գնայ ժողովքի հետ Տիրոջ առաջը. որովհետեւ Տիրոջ առաջը Մասփա վեր չ’գնացող մարդի համար երդում էին արել, ասելով թէ՝ Նա անպատճառ պիտի մեռնէ  Այն ժամանակ Իսրայէլի որդիքն իրանց եղբօր Բենիամինի համար ցաւելով ասեցին. Այսօր Իսրայէլիցը մէկ ցեղ բնաջինջ եղաւ։  Այս մնացածներին ի՞նչ անենք կնիկների մասին. որովհետեւ մենք Տիրոջ անունովը երդում արինք որ մեր աղջիկներից նորանց կին չ’տանք։  Եւ ասեցին. Ո՞վ է որ Իսրայէլի ցեղերից վեր չ’գնաց Տիրոջ առաջը Մասփա. եւ ահա Գաղաադի Յաբիսիցը ոչ մի մարդ չէր եկած բանակը եւ ժողովքը։  Եւ ժողովուրդը հանդիսացաւ. եւ ահա նորանց մէջ Գաղաադի Յաբիսի բնակիչներիցը մարդ չ’գտնուեցաւ։ 10  Այն ժամանակ ժողովքը շատ զօրաւորներից տասնեւերկու հազար մարդ ուղարկեցին այնտեղ, եւ նորանց պատուիրելով ասեցին. Գնացէք, եւ Գաղաադի Յաբիսի բնակիչներին սուրի բերանով զարկեցէք, կանանցն էլ տղերանցն էլ։ 11  Եւ այս է ձեր անելիքը. Ամեն արու եւ արուի անկողին գիտացող ամեն կին փչացրէք*։ 12  Եւ Գաղաադի Յաբիսի բնակիչների մէջ չորս հարիւր կոյս աղջիկներ գտան, որոնք արուի հետ պառկած չէին, եւ արու չ’գիտէին, եւ նորանց Քանանի երկրի մէջ Սելովի բանակը բերին։ 13  Եւ բոլոր ժողովքը մարդ ուղարկելով Ռեմօնի վէմումն եղող Բենիամինի որդկանց հետ խօսեցին եւ նորանց խաղաղութեան հրաւիրեցին։ 14  Եւ այն ժամանակ Բենիամինեանք ետ դառան. եւ այն կանայքը տուին նորանց որ ողջ էին թողել Գաղաադի Յաբիսի կանանցից. բայց նորանց համար բաւական չ’եղան։ 15  Եւ ժողովուրդը Բենիամինի համար ցաւեց. որ Տէրը Իսրայէլի ցեղերի մէջ խրամատութիւն արաւ։ 16  Եւ ժողովքի ծերերն ասեցին. Մնացածներին ի՞նչ անենք կանանց մասին. որովհետեւ Բենիամինի կանայքը կորան։ 17  Եւ ասեցին. Ողջ մնացող Բենիամինեանց համար ժառանգութիւն թող մնայ. որ Իսրայէլիցը մի ցեղ բնաջինջ չ’լինի։ 18  Եւ մենք մեր աղջկերքից չենք կարող նորանց կին տալ. որովհետեւ Իսրայէլի որդիքը երդում արին ասելով. Բենիամինին կին տուողը անիծեալ լինի։ 19  Եւ ասեցին.Ահա տարուց տարի Տիրոջ տօնախմբութիւն է լինում Սելովի մէջ, որ Բեթէլի հիւսիսային կողմին, եւ Ղեբօնայի հարաւային կողմին է։ 20  Եւ Բենիամինի որդկանցը պատուիրելով՝ ասեցին. Գնացէք, այգիներումը թաք կացեք։ 21  Եւ երբոր տեսնեք, որ Սելովի աղջկերքը պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներիցը եկէք, եւ ձեր ամեն մէկն իր համար Սելովի աղջկերքիցը կին յափշտակեցեք, եւ Բենիամինի երկիրը գնացէք։ 22  Եւ եթէ նորանց հայրերը կամ եղբայրները գան մեզ հետ կռուելու, նորանց կ’ասենք թէ Նորանց մեզ շնորհեցէք, որովհետեւ մենք պատերազմումը նորանց ամենի համար կին չ’պահեցինք. եւ հիմա որ դուք չ’տաք նորանց յանցավոր կ’լինէք։ 23  Եւ Բենիամինի որդիքը այնպէս արին, եւ իրանց թիւին չափ պար բռնածներիցը կանայք յափշտակելով՝ առան եւ գնացին ետ դառան իրանց ժառանգութիւնը, եւ քաղաքներ շինեցին եւ նորանց մէջ բնակուցան։ 24  Եւ այն ժամանակ Իսրայէլի որդիքն այնտեղից ամեն մարդ իր ցեղի ու իր ազգատոհմի մօտ գնաց. եւ ամեն մարդ այնտեղից դուրս գնաց դէպի իր ժառանգութիւնը։ 25  Այն օրերը Իսրայէլի մէջ թագաւոր չ’կար. ամեն մարդ իր աչքին հաճելի եղածն էր անում։

Ծանոթագրություններ

21։11 Կամ՝ նզովեցէք։