Դատավորներ 9։1-57
9 Եւ Յերոբաաղի որդի Աբիմելէքը գնաց Սիւքէմ՝ իր մօր եղբայրների մօտ. եւ խօսեց նորանց հետ եւ իր մօր հօր բոլոր ազգատոհմի հետ, ասելով.
2 Աղաչում եմ՝ Սիւքէմի բոլոր բնակիչների ականջներին ասեցեք թե՝ Որն է լաւ ձեզ համար, Յերոբաաղին բոլոր որդկանց՝ եօթանասուն մարդկանց ձեզ վերայ թագաւորե՞լը, թե մէկ մարդի ձեզ վերայ թագաւորելը. եւ յիշեցեք, որ ես ձեր ոսկորն ու ձեր մարմինն եմ։
3 Եւ նորա մօր եղբայրները նորա մասին ամեն այս խօսքերը Սիւքեմի բոլոր բնակիչների ականջներին ասեցին. եւ նորանց սիրտը դարձաւ Աբիմելէքին, որովհետեւ ասեցին, թե Նա մեր եղբայրն է.
4 Եւ Բահաղ– բերիթի եօթանասուն կտոր արծաթ տուին նորան. եւ Աբիմելէքը նորանցով դատարկակեաց եւ սրիկայ մարդիկ վարձքով բռնեց, եւ նորանք նորա ետեւիցը գնացին։
5 Եւ գնաց Եփրայ իր հօր տունը, եւ իր եղբայրներին՝ Յերոբաաղի որդկանցը՝ եօթանասուն հոգի մէկ քարի վերայ սպանեց. բայց Յերոբաաղի փոքր տղան Յովաթամը ողջ մնաց ըստ որում թաք էր կացել։
6 Եւ բոլոր Սիւքէմի բնակիչները եւ Մելօնի բոլոր տունը մէկտեղ ժողովուեցան, եւ գնացին Աբիմելէքին թագաւոր արին արձանիի կաղնիի մօտ որ Սիւքեմումն է։
7 Եւ այս բանը Յովաթամին իմացրին. եւ նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց, եւ ձայնը բարձրացնելով աղաղակեց եւ նորանց ասեց. Ով Սիւքեմի բնակիչներ, ինձ լսեցէք, եւ Աստուած ձեզ լսէ։
8 Ծառերը գնացին որ իրենց համար մի թագաւոր օծեն, եւ ձիթենիին ասեցին. Մեզ վերայ թագաւոր եղիր։
9 Բայց ձիթենին նորանց ասեց. Իմ պարտութիւնը թողեմ, որ ինձանով պատւվում են Աստուած եւ մարդիկը, եւ գնամ ծառերի վերայ իշխե՞մ*։
10 Եւ ծառերը թզենին ասեցին. Դու եկ մեզ վերայ թագաւոր եղիր։
11 Եւ թզենին նորանց ասեց. Իմ քաղցրութիւնը եւ իմ լաւ պտուղը թողեմ, եւ գնամ ծառերի վերայ իշխե՞մ*։
12 Այն ժամանակ ծառերը որթին ասեցին. Դու եկ մեզ վերայ թագաւոր եղիր։
13 Որթն էլ նորանց ասեց. Իմ Աստուած ու մարդիկ ուրախացնող գինին թողնեմ, եւ գնամ ծառերի վերայ իշխե՞մ*։
14 Այն ժամանակ ամեն ծառերը դժնկին ասեցին. Դու եկ մեզ վերայ թագաւոր եղիր։
15 Եւ դժնիկը ծառերին ասեց Եթե դուք իրաւ ինձ ձեզ վերայ թագաւոր էք օծում, եկէք իմ հովանիի տակին նստեցեք, եթե ոչ՝ դժնիկիցը կրակ դուրս գայ եւ Լիբանանի եղեւնիները այրէ։
16 Եւ հիմա եթե դուք ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, եւ Աբիմելէքին թագաւոր արիք, եւ եթե Յերոբաաղին եւ նորա տանը բարութիւն արիք, եւ եթե նորա ձեռքի գործքերի համեմատ նորան հատուցում արիք.
17 (Որ իմ հայրը ձեզ համար պատերազմ արաւ, եւ իր անձը չ’խնայեց, եւ մեզ Մադիամի ձեռքիցն ազատեց.
18 Իսկ դուք այսօր իմ հօր տան դէմ էք կանգնել, եւ նորա որդիքը՝ եօթանասուն մարդ մէկ քարի վերայ սպանեցիք, եւ նորա աղախնի տղան Աբիմելէքը՝ Սիւքէմի բնակիչների վերայ թագաւոր արիք, ըստ որում ձեր եղբայրն էր.)
19 Եւ եթե այսօր Յերոբաաղի եւ նորա տան հետ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ վարուեցիք, Աբիմելէքի վերայ ուրախացէք, նա էլ ձեզ վերայ թող ուրախանայ.
20 Ապա եթե ոչ՝ թող Աբիմելէքիցը կրակ դուրս գայ եւ Սիւքէմի բնակիչներին եւ Մելօնի տունը այրէ. եւ Սիւքեմի բնակիչներիցը եւ Մելօնի տանիցը կրակ դուրս գայ եւ Աբիմելէքին այրէ։
21 Եւ Յովաթամը փախաւ ազատուեցաւ, եւ գնաց Բէիր, եւ իր Աբիմելէք եղբօրից վախենալով այնտեղ բնակուեց։
22 Եւ Աբիմելէքը Իսրայէլի վերայ երեք տարի իշխեց։
23 Եւ Աստուած Աբիմելէքի եւ Սիւքէմի մէջ չար ոգի ուղարկեց, եւ Սիւքէմի բնակիչները Աբիմելէքի հետ նենգութեամբ վարուեցան.
24 Որպէսզի Յերոբաաղի եօթանասուն որդկանց եղած անիրաւութիւնը գայ՝ եւ նորանց արիւնը նորանց եղբօր Աբիմելէքի վերայ հասնէ, որ նորանց սպանել էր, եւ Սիւքէմի բնակիչների վերայ՝ որոնք նորա ձեռքը զօրացրել էին իր եղբայրներին սպանելու։
25 Եւ Սիւքէմի բնակիչները սարերի գլուխներին նորա համար դարաններ պատրաստեցին, եւ կողոպտում էին իրանց մօտով ամեն անցնողներին. եւ այս բանը իմացրին Աբիմելէքին։
26 Եւ Աբեդի որդի Գաաղը եւ նորա եղբայրները եկան՝ Սիւքէմի մէջը մտան, եւ Սիւքէմի բնակիչները նորան ապաւինեցին.
27 Եւ դուրս եկան դաշտը եւ իրանց այգիների խաղողը քաղեցին, եւ կոխելով ուրախութիւն արին, եւ իրանց Աստուծոյ տունը մտան, եւ կերան ու խմեցին՝ եւ Աբիմէլեքին անիծեցին։
28 Եւ Աբեդեան Գաաղն ասեց. Աբիմելէքն ո՞վ է, եւ Սիւքէմն ո՞վ է որ մենք նորան ծառայենք, չէ՞ որ Յերոբաաղի տղան է, եւ Զեբուղը՝ նորա փոխանորդը։ Դուք Սիւքէմի հօր՝ Եմովրի մարդկանցը ծառայություն արեք. եւ մենք ի՞նչու համար նորան ծառայնեք։
29 Երանի թե այս ժողովուրդն իմ ձեռքն անցնէր. եւ ես Աբիմելէքին հեռացնէի. եւ Աբիմելէքին ասեց. Զօրքերդ շատացրու եւ դուրս եկ։
30 Եւ քաղաքի իշխան՝ Զեբուղը երբոր լսեց Աբեդեան Գաաղի խօսքերը, բարկութիւնը բորբոքուեց։
31 Եւ խորամանկ կերպով Աբիմելէքին պատգամավորներ ուղարկեց, ասելով. Ահա Աբեդեան Գաաղը եւ իր եղբայրները եկել են Սիւքէմ, եւ ահա նորանք քաղաքը քեզ դէմ են հանում։
32 Եւ հիմա դու եւ քեզ հետ լինող ժողովուրդը գիշերով վեր կաց, եւ դաշտումը դարան նստիր.
33 Եւ առաւօտը հէնց որ արգակը ծագէ՝ կանուխ վեր կաց ու քաղաքի վերայ հարձակուիր, եւ ահա նա եւ նորա հետ եղող ժողովուրդը քեզ դէմ են դուրս գալու. այն ժամանակ ձեռքիցդ եկածը արա նորան։
34 Եւ Աբիմելէքը եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը գիշերով վեր կացան, եւ չորս գունդով Սիւքէմի դէմ դարանի մէջ նստեցին։
35 Եւ Աբեդեան Գաաղը դուրս եկաւ եւ քաղաքի դռան առաջին կանգնեց. եւ Աբիմելէքը եւ իր հետն եղող ժողովուրդը դուրս եկան դարաններիցը։
36 Եւ Գաաղը տեսաւ այն ժողովրդին եւ Զեբուղին ասեց. Ահա սարերի գլխիցը ժողովուրդ է իջնում։ Եւ Զեբուղը նորան ասեց. Դու սարերի շուքն ես տեսնում մարդկանց պես։
37 Եւ Գաաղը շարունակեց խոսքը եւ ասեց. Ահա երկրի բարձր տեղիցը ժողովուրդ է իջնում, եւ մեկ գունդ էլ է գալիս Մէօնէնիմի կաղնիի ճանապարհովը.
38 Եւ Զեբուղը նորան ասեց. Ու՞ր է քո այն բերանը, որով ասում էիր թե Աբիմելէքն ո՞վ է որ մենք նորան ծառայութիւն անենք. ահա սա այն ժողովուրդն են, որ դու արհամարհեցիր. հիմա վեր կաց նորա հետ պատերազմիր։
39 Եւ Գաաղը Սիւքեմի բնակիչների առաջը դուրս եկաւ եւ Աբիմելէքի հետ պատերազմ արաւ։
40 Եւ Աբիմելէքը նորան հալածեց եւ նա նորա առաջիցը փախաւ, եւ շատերը մեռած ընկան մինչեւ դռան առաջը։
41 Եւ Աբիմելէքը Արումայի մէջ բնակուեց, եւ Զեբուղը՝ քշեց Գաաղին եւ նորա եղբայրներին որ Սիւքէմում չ’բնակուին։
42 Եւ հետեւեալ օրը ժողովուրդը դուրս եկավ դաշտը. եւ Աբիմելէքին իմացրին,
43 Եւ նա ժողովուրդն առաւ՝ երեք գունդի բաժանեց. եւ դաշտի մէջ դարանամուտ եղավ. եւ տեսաւ որ ահա ժողովուրդը քաղաքիցը դուրս է գալիս, եւ նորանց վերայ յարձակուելով նորանց զակեց։
44 Եւ Աբիմելէքը եւ նորա հետ եղող գունդը յարձակուեցան՝ քաղաքի դռան առաջին կանգնեցին, եւ երկու գունդերը բոլոր դաշտի մէջ եղողների վերայ յարձակուելով նորանց զարկեցին։
45 Եւ Աբիմելէքն այն բոլոր օրը քաղաքի հետ պատերազմեց եւ քաղաքն առաւ, եւ այն մարդիկը որ մէջն էին՝ կոտորեց, եւ քաղաքը քանդեց եւ աղ ցանեց։
46 Եւ Սիւքեմի աշտարակի բոլոր բնակիչները երբոր լսեցին, Բերիթ աստուծոյ տան բերդը մտան։
47 Եւ Աբիմելէքին իմացրին, թէ Սիւքէմի աշտարակի բոլոր բնակիչները ժողովուել են։
48 Եւ Աբիմելէքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը վեր ելան Սելմօն սարը. եւ Աբիմելէքը տապարը ձեռքն առաւ եւ մի ծառի ոստ կտրեց, եւ նորան վեր առաւ իր ուսի վերայ դրաւ, եւ իր հետ եղող ժողովրդին ասեց. Ահա տեսաք ինչ որ ես արի, շուտով դուք էլ ինձ պէս արեք։
49 Եւ ժողովրդի ամեն էլ մէկ մէկ ոստ կտրեցին. եւ Աբիմելէքի ետեւից գնացին, եւ բերդի մօտ դրին, եւ նորանցով բերդը կրակով այրեցին. այսպես Սիւքէմի աշտարակի բոլոր մարդիկն էլ՝ որոնք հազարի չափ մարդիկ ու կանայք էին՝ մեռան։
50 Եւ Աբիմելէքը գնաց Թեբէս, եւ Թեբէսը պաշարեց, եւ նորան առաւ։
51 Եւ քաղաքի մէջտեղումը մէկ պինդ աշտարակ կար. եւ քաղաքի բոլոր բնակիչները՝ մարդիկը եւ կանայքը փախան այնտեղ, եւ դուռը ներսիցը կողպեցին եւ վեր ելան աշտարակի կտուրը։
52 Եւ Աբիմելէքը գնաց մինչեւ աշտարակը եւ նորա հետ պատերազմ արաւ, եւ աշտարակի դռանը մօտեցաւ որ նորան այրէ։
53 Եւ մի կին մի երկանաքարի կտոր գցեց Աբեմելէքի գլխին եւ նորա գագաթը կոտրեց։
54 Եւ նա շուտով կանչեց իր զենքերը կրող երիտասարդին եւ ասեց. Սուրդ քաշիր եւ ինձ մեռցրու. մի գուցէ ինձ համար ասեն թե Մի կին սպանեց նորան։ Եւ երիտասարդը նորան խոցեց, եւ նա մեռաւ։
55 Եւ Իսրայելի մարդիկը տեսան, որ Աբիմելէքը մեռավ. եւ ամեն մարդ իր տեղը գնաց։
56 Այսպես Աստուած ետ դարձրեց Աբիմելէքի չարութիւնը, որ նա իր հօրն արել էր՝ եօթանասուն եղբայրներին սպանելով։
57 Եւ Սիւքեմի մարդկանց բոլոր չարութիւնը Աստուած նորանց գլխին դարձրեց. եւ Յերոբաաղի որդի Յովաթամի անեծքը նորանց վերայ եկավ։
Ծանոթագրություններ
^ 9։9 Եբր. երերա՞մ, կամ թափառե՞մ։
^ 9։11 Եբր. երերա՞մ, կամ թափառե՞մ։
^ 9։13 Եբր. երերա՞մ, կամ թափառե՞մ։