Եբրայեցիներ 1։1-14

1  Շատ մասերով եւ շատ կերպերով Աստուած առաջուց խօսելով մեր հայրերի հետ մարգարէների ձեռով,  Այս վերջի օրերումը խօսեց մեզ հետ Որդովը, որին ամեն բանի ժառանգ դրաւ, որով աշխարհքն* էլ արաւ.  Որ նորա փառքի լոյսը լինելով եւ նորա էութեան նկարագիրը, որ իր զօրութեան խօսքովն ամեն բան կրում է՝ մեր մեղքերի սրբութիւնն իրանով անելուց յետոյ նստեց Աստուծոյ մեծութեան աջ կողմը բարձունքներումը,  Եւ հրեշտակներիցն այնքան աւելի լավ եղաւ, որքան նորանցից աւելի գերազանց անուն ժառանգեց:  Որովհետեւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք, Իմ որդին ես դու, ես այսօր ծնեցի քեզ. եւ դարձեալ՝ Ես նորան Հայր կ’լինիմ, եւ նա ինձ Որդի կ’լինի:  Եւ երբոր անդրանիկին միւսանգամ աշխարհ կ’մտցնէ ասում է. Եւ երկրպագեն նորան Աստուծոյ բոլոր հրեշտակները:  Բայց հրեշտակների համար ասում է. Նա որ իր հրեշտակները հոգիներ արաւ, եւ իր պաշտօնեաները կրակի բոց:  Բայց Որդուն ասում է, Քո աթոռն, ով Աստուած, մինչեւ յաւիտեանս յաւիտենից է. քո թագաւորութեան գաւազանը ուղիղ գաւազան է:  Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը ուրախութեան իւղով աւելի քան թէ քո ընկերներին: 10  Եւ դու, ով Տէր, ի սկզբանէ երկիրը հիմնեցիր. եւ երկինքները քո ձեռքի գործն են: 11  Նորանք կ’կորչեն, բայց դու կ’կենաս կ’մնաս. եւ ամենը ձորձի պէս կ’մաշուին. 12  Եւ վերարկուի պէս կ’գալարես նորանց եւ կ’փոխուին, բայց դու նոյնն ես եւ քո տարիները չեն պակասիլ: 13  Եւ հրեշտակներից որի՞ն ասեց երբէք. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ որ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ: 14  Չէ՞ որ ամենը սպասաւոր հոգիներ են ուղարկուած սպասաւորութիւն անելու նորանց համար, որ փրկութիւնը պիտի ժառանգեն:

Ծանոթագրություններ

1։2 Կամ՝ յաւիտեաններն։