Եբրայեցիներ 10։1-39

10  Որովհետեւ օրէնքը գալու բարիքների շուքն ունենալով, եւ ոչ թէ այն բաների յատուկ կերպարանքը, ամեն տարի մատուցուած մի եւ նոյն պատարագներովը չէր կարող կատարեալ անել մատուցանողներին:  Ապա թէ ոչ՝ կ’դադարէին մատուցանելուց, որովհետեւ պաշտօն մատուցանողներն էլ մեղքի խղճմտանք չէին ունենալ՝ մէկ անգամ սրբուած լինելով:  Բայց նորանցով ամեն տարի մեղքերի յիշատակ էր լինում:  Վասնզի անկարելի է որ նոխազների եւ ցուլերի արիւնը մեղքեր վեր առնէ:  Նորա համար աշխարհք մտնելիս ասում է. Զոհ եւ պատարագ չ’կամեցար, բայց մի մարմին պատրաստեցիր ինձ համար.  Ողջակէզների եւ մեղքի համար պատարագների չ’հաճեցիր:  Այն ժամանակ ասեցի թէ Ահա գալիս եմ, գրքի տոմսումը գրուած է ինձ համար քո կամքն անելու, ով Աստուած:  Վերեւումն ասելով թէ զոհի եւ պատարագի եւ ողջակէզների եւ մեղքի համար պատարագների չ’կամեցար եւ չ’հաճեցիր նորանց, որոնք օրէնքի համեմատ մատուցանվում են.  Այն ժամանակ ասում է. Ահա գալիս եմ քո կամքն անելու, ով Աստուած, առաջինը դէն է գցում որ երկրորդը հաստատէ: 10  Որ այն կամքովը մենք սրբուեցանք մէկ անգամ Յիսուս Քրիստոսի մարմնի պատարագովը: 11  Եւ ամեն քահանայապետ* ամեն օր կանգնած պաշտօն է կատարում. եւ նոյն պատարագներն է մատուցանում շատ անգամ, որ երբէք չեն կարող մեղքեր վեր առնել: 12  Բայց սա մեղքերի համար մէկ պատարագ մատուցանելով մշտնջենաւորապէս նստեց Աստուծոյ աջ կողմը: 13  Եւ այսուհետեւ սպասում է մինչեւ որ իր բոլոր թշնամիներն իր ոտների պատուանդանը դրուին: 14  Որովհետեւ մէկ պատարագով յաւիտեան կատարեց սրբուողներին: 15  Բայց Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ, այն առաջուց ասելովը. 16  Թէ Սա է այն ուխտն որ կ’դնեմ նորանց հետ այն օրերից յետոյ, ասում է Տէրը, կ’տամ իմ օրէնքները նորանց սրտերի մէջ, եւ նորանց խորհուրդների վերայ կ’գրեմ նորանց: 17  Եւ ապա ասում է. Նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւնները էլ չեմ յիշիլ: 18  Բայց որ տեղ որ սորանց թողութիւնը կայ, այնտեղ էլ մեղքի համար պատարագ պէտք չէ: 19  Արդ, եղբարք, որովհետեւ համարձակութիւն ունինք սրբարանը մտնելու Յիսուսի արիւնովը, 20  Որն որ նորոգեց մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարագուրի միջովն, այսինքն իր մարմնովը, 21  Եւ մի մեծ քահանայ՝ Աստուծոյ տան վերայ. 22  Ապա թող մօտենանք նորան ճշմարիտ սրտով, հաւատքի լրութեամբ, մեր սրտերը մաքրուած չար խղճմտանքից, եւ մեր մարմինը լուացուած սուրբ ջրով. 23  Պինդ բռնենք յոյսի դաւանութիւնն՝ անսայթաք. որ հաւատարիմ է խոստացողը: 24  Եւ զգուշանանք իրար համար՝ դէպի սէր եւ բարի գործեր գրգռելով. 25  Եւ չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է. բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է: 26  Որովհետեւ եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յոժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում, 27  Այլ դատաստանի ահաւոր սպասելը, եւ կրակի զայրոյթը որ հակառակողներին կ’լափէ: 28  Մէկը, որ Մովսէսի օրէնքն անարգում էր, առանց ողորմութեան երկու կամ երեք վկայի խօսքով մեռնում էր: 29  Էլ ո՞րքան աւելի, կարծում էք, սաստիկ պատժի կ’արժանանայ, նա որ Աստուծոյ Որդուն ոտքի տակ կոխեց, եւ ուխտի արիւնը պիղծ համարեց որով նա սրբուեցաւ, եւ շնորհքի Հոգուն նախատեց: 30  Որովհետեւ գիտենք նորան որ ասեց. Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը կ’տամ, ասում է Տէրը. եւ դարձեալ, թէ Տէրը կը դատէ իր ժողովրդին: 31  Սարսափելի բան է կենդանի Աստուծոյ ձեռքն ընկնիլը: 32  Արդ յիշեցէք առաջին օրերը, որ դուք լուսաւորուելուց յետոյ շատ չարչարանքների ճիգերին համբերեցիք: 33  Երբեմն նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուեցաք, եւ երբեմն էլ այնպիսի վիճակում լինողների հետ մասնակից եղաք: 34  Որովհետեւ իմ կապանքների հետ էլ չարչարուեցաք, եւ ձեր ստացուածքների յափշտակութիւնն էլ ուրախութիւնով ընդունեցիք. գիտենալով որ ձեր անձերի համար աւելի լաւ ու մնայուն ստացուածք ունիք երկնքումը: 35  Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի: 36  Որովհետեւ համբերութիւն է պէտք ձեզ, որ Աստուծոյ կամքն անելով խոստմունքն ստանաք: 37  Որովհետեւ միայն մի քիչ ժամանակ էլ, եւ նա որ գալու է՝ կ’գայ եւ չի ուշանալ: 38  Բայց արդարը հաւատքից կ’ապրի. եւ եթէ մէկը ետ քաշուի, իմ անձը նորան չի հաւանիլ: 39  Իսկ մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին:

Ծանոթագրություններ

10։11 Ոմանք՝ քահանայ։