Եբրայեցիներ 11։1-40

11  Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւացող բաների ապացոյցն է:  Որովհետեւ նորանով առաջինները վկայութիւն ընդունեցին:  Հաւատքով ենք իմանում, որ աշխարհքներն Աստուծոյ խօսքովը հաստատուեցան, որ չ’երեւողներիցն այս տեսնուողներս եղած են:  Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. որ նորանով տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է:  Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չ’տեսնէ. եւ չէր գտնվում. որովհետեւ Աստուած փոխեց նորան. որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն:  Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի:  Հաւատքով Նոյը պատգամ առնելով դեռ չ’երեւացած բաների համար եւ երկիւղած լինելով շինեց տապանը իր տան փրկութեան համար, որով աշխարհքիս դատապարտեց. եւ ժառանգ եղաւ հաւատքով լինող արդարութեանը:  Հաւատքով Աբրահամը երբոր կանչուեցաւ հնազանդ եղաւ դուրս գնալու այն տեղ, որ ժառանգութեան համար ստանալու էր. եւ դուրս եկաւ գնաց առանց գիտենալու թէ ուր է գնում:  Հաւատքով պանդուխտ եղաւ աւետիքի երկրումն իբր օտարութիւնում. խորաններում բնակուելով Իսահակի եւ Յակոբի հետ, որ նոյն խոստմունքի ժառանգակիցներն էին: 10  Որովհետեւ սպասում էր այն հիմունքով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչն Աստուած է: 11  Հաւատքով Սառան ինքն էլ սերմն առնելու զօրութիւն ընդունեց. եւ տարաժամ հասակի մէջ որդի ծնեց. որովհետեւ հաւատարիմ համարեց խոստացողին: 12  Նորա համար եւ այն մէկիցը, այն էլ այն մեռած պրծածիցը՝ շատութեամբ ծնվում էին, ինչպէս երկնքի աստղերը եւ ինչպէս անհամար աւազը ծովի ափի մօտ: 13  Սորանք ամենը մեռան հաւատքի մէջ. առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռուանց տեսնում էին նորանց եւ ուրախանում. եւ բարեւում էին եւ դաւանում, թէ օտարներ եւ պանդուխտներ են երկրումը: 14  Որովհետեւ այնպիսի բաներ խօսողները յայտնի ցոյց են տալիս, որ մի հայրենիք են որոնում: 15  Եւ եթէ այն էին յիշում որից դուրս եկան, ապաքէն ժամանակ ունէին ետ դառնալու: 16  Բայց հիմա աւելի ազնիւին են ցանկանում, այսինքն երկնաւորին. եւ նորա համար Աստուած ամօթ չէ համարում՝ նորանց Աստուածը կոչուելու. որովհետեւ մի քաղաք է պատրաստել նորանց համար: 17  Հաւատքով Աբրահամը Իսահակին պատարագ մատուցրեց երբոր փորձուեցաւ. եւ միածնին մատուցանում էր նա որ խոստմունքն ընդունել էր, 18  Որ ասուեցաւ թէ Իսահակով քեզ զաւակ կ’կոչուի: 19  Մտածելով թէ Աստուած կարող է մեռելներից էլ յարուցանել. ուստի օրինակի համար էլ ընդունեց նորան: 20  Հաւատքով Իսահակը Յակոբին եւ Եսաւին օրհնեց հանդերձեալ բաների մասին: 21  Հաւատքով Յակոբը մեռնելիս Յովսէփի որդկանց ամեն մէկին օրհնեց, եւ իր գաւազանի ծայրի վերայ երկրպագութիւն արաւ: 22  Հաւատքով Յովսէփը վախճանելիս յիշեց Իսրայէլի որդկանց դուրս գալու մասին, եւ իր ոսկորների համար հրաման տուաւ: 23  Հաւատքով Մովսէսը երբոր ծնուեցաւ՝ երեք ամիս թաքուն պահուեցաւ իր ծնողքի ձեռովը. վասնզի տեսան թէ մանուկը գեղեցիկ էր, եւ չ’վախեցին թագաւորի հրամանիցը: 24  Հաւատքով Մովսէսը երբոր մեծացաւ՝ չ’կամեցաւ Փարաւօնի աղջկայ որդի կոչուիլ: 25  Աւելի լաւ համարեց Աստուծոյ ժողովրդի հետ չարչարուիլ, քան թէ մի առ ժամանակ մեղքի զուարճութիւնն ունենալ, 26  Աւելի մեծ հարստութիւն համարելով Քրիստոսի նախատինքը Եգիպտացիների հարուստ գանձերից. որովհետեւ աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը: 27  Հաւատքով թողեց նա Եգիպտոսը չ’վախենալով թագաւորի բարկութիւնիցը. որովհետեւ համբերեց՝ Անտեսանելուն տեսնողի պէս: 28  Հաւատքով արաւ զատիկը եւ արիւնի սրսկումը. որ առաջինեկներին սատակիչը չ’մօտենայ նորանց: 29  Հաւատքով անցան Կարմիր ծովովն ինչպէս ցամաքով. որի փորձն Եգիպտացիներն անելիս խեղդուեցան: 30  Հաւատքով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբոր եօթն օր նորա շուրջը պտտեցին: 31  Հաւատքով Ռախաբ պոռնիկը չ’կորաւ անհաւատների հետ, որ լրտեսներին ընդունել էր խաղաղութիւնով: 32  Եւ էլ ի՞նչ ասեմ. որ ժամանակս բաւական չէ որ պատմեմ Գեդէօնի, Բարակի, Սամփսոնի, Յեփթայէի, Դաւիթի եւ Սամուէլի եւ ուրիշ մարգարէների համար, 33  Որոնք հաւատքով թագաւորութիւնների յաղթեցին, արդարութիւն գործեցին, խոստմունքներ ստացան, առիւծների բերաններ խցկեցին. 34  Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան. տկարութիւնից զօրացան. պատերազմի մէջ զօրաւոր եղան. օտարների բանակներն փախցրին. 35  Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից. ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չ’ընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն. 36  Միւսներն էլ նախատինքների եւ ծեծերի, կապանքների եւ բանտի փորձը առան. 37  Քարկոծուեցան, սղոցուեցան, փորձանքի մէջ ընկան, սրով սպանուած մեռան. ոչխարի մորթերով եւ այծի կաշիներով ման եկան. կարօտութիւն քաշելով, նեղուած, չարչարուած. 38  Որ աշխարհքը նորանց արժանի չէր. անապատներում մոլորուեցան եւ սարերում եւ այրերում եւ երկրի խոռոչներում: 39  Եւ սորանք ամենը հաւատքով վկայութիւն առան, բայց խոստմունքը չ’ընդունեցին. 40  Որովհետեւ Աստուած մեզ համար աւելի լաւ բան նախապատրաստեց, որ նորանք առանց մեզ չ’կատարուին:

Ծանոթագրություններ