Եբրայեցիներ 12։1-29

12  Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն* ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը.  Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց:  Ուրեմն մտածեցէք նորա վերայ, որ իրան դէմ եղած այսպիսի հակառակութիւն քաշեց մեղաւորներիցը, որ դուք ձեր անձերովը չ’յոգնիք թուլացած:  Տակաւին մինչեւ արիւն թափելու չափ պատերազմելով հակառակ չէք կացած մեղքին.  Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների հետ խօսում է. Իմ որդեակ, մի անարգիր Տիրոջ խրատը. եւ ոչ էլ վհատուիր, նորանից յանդիմանուած ժամանակդ:  Որովհետեւ Տէրը իրան սիրածին խրատում է. նա ծեծում է ամեն որդի որ ընդունում է:  Եթէ խրատին համբերէք, Աստուած ձեզ հետ ինչպէս որդկանց հետ կ’վարուի. որովհետեւ ո՞ր որդին է որ հայրը նորան չէ խրատում:  Բայց եթէ առանց խրատի էք, որին ամենը մասնակից եղան, ուրեմն խորթ էք եւ ոչ որդիք:  Նաեւ մենք մեր մարմնաւոր հայրերը խրատող ունենալով նորանցից ամաչում էինք. չէ՞ որ առաւել եւս պիտի հնազանդինք հոգիների Հօրը, եւ ապրենք: 10  Որովհետեւ սորանք մի քիչ ժամանակ իրանց հաճոյ երեւեցածի պէս խրատում էին, բայց նա՝ օգտի համար, որ նորա սրբութիւնն ընդունենք: 11  Եւ ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն. բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում: 12  Նորա համար հաստատեցէք թուլացած ձեռները, եւ տկարացած ծունկերը, 13  Եւ ձեր ոտների համար ուղիղ ճանապարհներ շինեցէք, որ կաղը չ’գլորուի, այլ մանաւանդ բժշկուի: 14  Հետեւեցէք խաղաղութեան ամենի հետ եւ սրբութեան, որ առանց նորան ոչ ով Տիրոջը չի տեսնիլ. 15  Զգոյշ կացէք, որ մէկը յետ մնացող չ’լինի Աստուծոյ շնորհքիցը. որ մի դառն արմատ վեր չ’բուսնէ եւ նեղութիւն տայ, եւ նորանով շատերը պղծուին: 16  Որ չ’լինի մէկը պոռնիկ եւ պիղծ ինչպէս Եսաւը, որ մի կերակուրի համար իր անդրանիկութիւնը ծախեց: 17  Որովհետեւ գիտէք որ թէեւ յետոյ կամեցաւ օրհնութիւնը ժառանգել, բայց մերժուեցաւ. որովհետեւ ապաշխարհութեան տեղի չ’գտաւ, թէեւ արտասուքով խնդրեց նորան: 18  Որովհետեւ դուք չէք մօտեցել շօշափելի սարին, որ կրակով վառուած էր եւ այն մէգին եւ խաւարին եւ մրրկին. 19  Եւ փողի հնչումին եւ խօսքերի ձայնին, որից հրաժարուեցան լսողները, որ խօսքը չ’շարունակուի նորանց: 20  Վասնզի չէին դիմանում այն հրամանին. Եթէ մի անասուն էլ մօտենայ սարին՝ քարկոծուի կամ նետով սպանուի: 21  Եւ այնպէս ահաւոր էր տեսիլքն, որ Մովսէսն ասում էր, թէ Զարհուրում եմ ու դողում: 22  Այլ մօտեցել էք Սիօն սարին, եւ կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնաւոր Երուսաղէմին, եւ բիւրաւոր հրեշտակներին, 23  Եւ երկնքումը գրուած անդրանիկների հանդէսին եւ եկեղեցուն, եւ ամենի դատաւոր Աստուծուն, եւ կատարեալ արդարների հոգիներին. 24  Եւ նոր կտակարանի միջնորդ՝ Յիսուսին. եւ այն արիւնի սրսկմանը որ աւելի լաւ է խօսում քան թէ Հաբէլի արիւնը: 25  Զգոյշ կացէք որ չ’մերժէք նորան որ խօսեց. որովհետեւ եթէ չ’կարողացան պրծնել երկրիս վերայ պատգամ տուողին մերժողները, որքա՜ն աւելի ապա մենք եթէ երկնքից խօսողին մերժենք: 26  Որի ձայնն այն ժամանակ երկիրը շարժեց. եւ հիմա խոստացել է եւ ասում է թէ Միւսանգամ եւս կ’շարժեմ, ոչ միայն երկիրը բայց երկինքն էլ: 27  Բայց այն Միւսանգամը ցոյց է տալիս որ շարժուող բաներն իբրեւ եղածներ պիտի փոխուին, որ հաստատ մնան չ’շարժուողները: 28  Ուստի անշարժ թագաւորութիւն ընդունած լինելով, պինդ բռնենք այն շնորհքը որով պաշտում ենք հաճութեամբ Աստուծուն, ահով եւ երկիւղածութեամբ: 29  Որովհետեւ մեր Աստուածը փճացնող կրակ է:

Ծանոթագրություններ

12։1 Յուն.՝ ամպ։