Եբրայեցիներ 3։1-19

3  Ուստի, սուրբ եղբարք, երկնաւոր կոչումին մասնակիցք, մտիկ տուէք մեր դաւանութեան Առաքեալին եւ Քահանայապետին՝ Քրիստոս Յիսուսին,  Որ հաւատարիմ է իրան հաստատողին, ինչպէս Մովսէսն էլ նորա բոլոր տան մէջ:  Որովհետեւ նա աւելի փառքի արժան եղաւ քան Մովսէսը որքան որ տունիցն աւելի պատիւ ունի նորա շինողը.  Որովհետեւ ամեն տուն մէկից է շինվում. բայց նա որ ամենն արաւ՝ Աստուած է:  Եւ Մովսէսը հաւատարիմ է բոլոր տան մէջ ինչպէս ծառայ՝ այն ասուելու բաներին վկայ լինելու համար:  Բայց Քրիստոսն ինչպէս որդի իր տան վերայ որի տունը մենք ենք, եթէ յոյսի համարձակութիւնը եւ պարծանքը մինչեւ վերջը հաստատ բռնենք:  Նորա համար՝ ինչպէս Սուրբ Հոգին ասում է. Այսօր՝ եթէ նորա ձայնը լսէք,  Մի խստացնէք ձեր սրտերը ինչպէս բարկանալու ժամանակումն փորձութեան օրը անապատի մէջ.  Ուր որ ձեր հայրերը փորձեցին ինձ. քննեցին ինձ եւ տեսան իմ գործերը քառասուն տարի: 10  Նորա համար զզուեցի այն ազգիցը եւ ասեցի. Միշտ մոլորվում են սրտով. եւ նորանք չ’ճանաչեցին իմ ճանապարհները: 11  Այնպէս որ ես երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ: 12  Նայեցէք. եղբարք, մի գուցէ ձեզանից մէկումը անհաւատութեան չար սիրտ լինի որ ապստամբուի կենդանի Աստուածանից, 13  Այլ իրար յորդորեցէք ամեն մէկ օր. քանի որ այսօր է ասվում. որ ձեզանից մէկը չ’խստանայ մեղքի խաբեութիւնովը: 14  Որովհետեւ մասնակից եղանք Քրիստոսին, եթէ այն հաստատութեան սկիզբը մինչեւ վերջը պինդ բռնենք, 15  Քանի որ ասվում է. Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերն ինչպէս որ բարկացնելու ժամանակումը: 16  Որովհետեւ ոմանք որ լսել էին, բարկացրին. բայց ոչ թէ Եգիպտոսից Մովսէսի միջոցովը բոլոր դուրս եկածները: 17  Ումի՞ց զզուեցաւ այն քառասուն տարին. չէ՞ որ մեղք գործողներիցը. որո՞նց ոսկորներն ընկան անապատի մէջը: 18  Եւ որո՞նց երդում արաւ որ իր հանգստի մէջ չ’պիտի մտնեն, եթէ ոչ անհաւատներին: 19  Եւ տեսնում ենք որ չ’կարողացան մտնել անհաւատութեան պատճառով:

Ծանոթագրություններ