Եբրայեցիներ 4։1-16
4 Ուրեմն վախենանք, մի գուցէ երբէք նորա հանգստի մէջ մտնելու խոստմունքը մնալիս, ձեզանից մէկը պակասած գտնուի:
2 Որովհետեւ մենք էլ ենք աւետիքն առել ինչպէս եւ նորանք. բայց նորանց օգուտ չ’բերաւ աւետիքի քարոզութեան խօսքը, որովհետեւ չ’խառնուեցաւ հաւատքի հետ լսողների մէջ:
3 Բայց մենք հաւատացեալքս մտնում ենք այն հանգստի մէջ, ինչպէս ասեց թէ Ինչպէս երդում արի իմ բարկութիւնումը, թէ պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ. թէեւ գործերն աշխարհքի սկզբիցը կատարուած էին:
4 Որովհետեւ մէկ տեղ եօթներորդ օրուայ համար այսպէս է ասում. Եւ Աստուած եօթներորդ օրումը հանգիստ առաւ իր բոլոր գործերիցը:
5 Եւ այս տեղ դարձեալ ասում է թէ Պիտի չ’մտնեն իմ հանգստի մէջ:
6 Արդ որովհետեւ մնում է որ մի քանիսը նորա մէջ մտնեն, եւ նորանք որ առաջուց աւետիքն առան, չ’մտան անհաւատութեան պատճառով.
7 Կրկին ուրիշ օր է հաստատում. Այսօր Դաւիթով ասելով այնքան ժամանակներից յետոյ. ինչպէս որ ասուեցաւ Այսօր եթէ նորա ձայնը լսէք մի խստացնէք ձեր սրտերը:
8 Որովհետեւ եթէ Յեսուն նորանց հանգստի մէջ էր տարել, նորանից յետոյ ուրիշ օրի համար էլ չէր խօսիլ:
9 Ուրեմն մնում է մի հանգստանալ Աստուծոյ ժողովրդի համար:
10 Որովհետեւ նորա հանգիստը մտնողը, ինքն էլ հանգստացաւ իր գործերիցը. ինչպէս Աստուած էլ իրաններիցը:
11 Ուրեմն ջանանք այն հանգստի մէջ մտնելու. որ մի գուցէ մէկը նոյն անհաւատութեան օրինակի պէս ընկնի:
12 Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները:
13 Եւ չ’կայ մի արարած աներեւոյթ նորա երեսից. բայց ամենն էլ մերկ եւ բաց է նորա աչքերի առաջին որի հետ է մեր բանը:
14 Արդ որովհետեւ մեծ Քահանայապետ ունինք երկինքներովն անցած՝ Աստուծոյ Որդին Յիսուսին, պինդ բռնենք դաւանութիւնը:
15 Որովհետեւ ոչ թէ այնպիսի քահանայապետ ունինք որ չ’կարողանայ մեր տկարութիւններին հետ կարեկից լինիլ. այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձուած մեր նմանութեամբ, բայց առանց մեղքի:
16 Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու: