Եբրայեցիներ 6։1-20
6 Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խօսքը թողելով դէպի կատարեալը գանք. առանց կրկին հիմը դնելու մեռած գործերից ապաշխարութեան եւ Աստուծոյ հաւատալու համար.
2 Եւ մկրտութիւնների ուսմունքի, եւ ձեռք դնելու, եւ մեռելների յարութեան եւ յաւիտենական դատաստանի համար:
3 Եւ սա անենք, եթէ Աստուած հրաման տայ:
4 Որովհետեւ անկարելի է նորանց որ մէկ անգամ լուսաւորուած, այն երկնաւոր պարգեւի համն առած, եւ Սուրբ Հոգուն մասնակից եղած,
5 Եւ Աստուծոյ բարի խօսքի, եւ հանդերձեալ աշխարհքի զօրութիւնները ճաշակած են,
6 Եթէ կործանվում են, որ նորանք դարձեալ նորոգուին ապաշխարութեան համար. որովհետեւ Աստուծոյ Որդին իրանց համար կրկին խաչեցին եւ խայտառակ արին:
7 Վասնզի այն երկիրը, որ իր վերայ շատ անգամ եկած անձրեւը խմէ, եւ շահաւոր արդիւնք բուսեցնէ նորանց համար, որոնց ձեռովն էլ մշակվում է, նա Աստուածանից օրհնութիւն կ’ընդունի:
8 Բայց այն որ փուշ եւ տատասկ է բերում, անպիտան է եւ անէծքի մօտ. եւ նորա վերջն այրուիլ է:
9 Իսկ ձեզ համար, սիրելիներ, հաստատ յոյս ունինք լաւագոյն եւ փրկութեան վերաբերեալ բաների մասին:
10 Որովհետեւ Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք, որ ծառայում էիք սուրբերին եւ ծառայում էք:
11 Եւ փափաքում ենք որ ձեզանից ամեն մէկը նոյն ջանքը ցոյց տայ, որ յոյսը հաստատ մնայ մինչեւ վերջը:
12 Որ հիւանդամիտ չ’լինիք. այլ նմանող լինիք հաւատքով եւ երկայնմտութիւնով խոստմունքները ժառանգողներին:
13 Որովհետեւ երբոր Աստուած խոստմունքը տուաւ Աբրահամին, այն պատճառով որ ուրիշ աւելի մեծը չ’ունէր՝ որ նորանով երդում անէր,
14 Իր անձովն երդում արաւ եւ ասեց. Այո, օրհնելով կ’օրհնեմ քեզ, եւ շատացնելով կ’շատացնեմ քեզ:
15 Եւ այսպէս երկայնամիտ լինելով, հասաւ խոստմունքին:
16 Իրաւի մարդիկ աւելի մեծովն են երդում անում, եւ նորանց բոլոր հակառակութեան վճիռը բանը հաստատելու համար՝ երդումն է:
17 Որով Աստուած առաւել եւս կամենալով խոստմունքի ժառանգողներին ցոյց տալ իր խորհրդի անփոփոխ լինելը, երդումը մէջ բերաւ.
18 Որ երկու անփոփոխելի բանով, որոնցով անկարելի է որ Աստուած սուտ խօսի, հաստատուն մխիթարութիւն ունենանք, մենք որ ապաւինեցանք մեր առջեւը դրած յոյսը բռնելու.
19 Որ հաստատ եւ անշարժ խարիսխի պէս ունինք մեր անձի համար. որ եւ մտնում է վարագուրի ներսի կողմն էլ,
20 Ուր որ մեզ համար Առաջնորդ մտաւ Յիսուսը, Մելքիսեդեկի կարգի պէս յաւիտենական Քահանայապետ եղած: