Եզեկիել 14։1-23

14  Եւ մարդիկ եկան ինձ մօտ Իսրայէլի ծերերիցը եւ նստեցին առաջս։  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, այս մարդիկը իրանց կուռքերը դրել են իրանց սրտումը, եւ իրանց անօրէնութեան գայթակղութիւնը դրել են իրանց երեսի առաջին. մի՞թէ ես երբէք պատասխան տամ նորանց։  Սորա համար խօսիր նորանց հետ եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը, որ իր կուռքերը դրել է իր սրտումը եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դրել է իր երեսի առաջին, եւ գալիս է մարգարէի մօտ, ես Տէրս նորան պատասխան պիտի տամ, որ գալիս է, նորա կուռքերի շատութեան համեմատ։  Որպէս զի բռնեմ Իսրայէլի տունը իրանց սրտիցը, որոնք օտարացել են ինձանից իրանց բոլոր կուռքերովը։  Սորա համար ասիր Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դարձի եկէք, եւ ետ դարձէք ձեր կուռքերիցը՝ եւ ձեր բոլոր պղծութիւններիցը ետ դարձրէք ձեր երեսները։  Որովհետեւ ամեն մէկ մարդ Իսրայէլի տանիցը եւ այն պանդուխտներիցը, որ պատդխտանում են Իսրայէլի մէջ, որ օտարանայ ինձանից եւ իր անօրէնութեան գայթակղութիւնը դնէ իր երեսի առաջին, եւ գայ մարգարէի մօտ որ նորանով հարցնէ ինձանից, ես Տէրս եմ տալու նորա պատասխանը ինձանով։  Եւ ես իմ երեսը պիտի ուղղեմ դէպի այն մարդը եւ նորան աւերակ անեմ իբրեւ նշան եւ առակ, եւ նորան պիտի բնաջինջ անեմ իմ ժողովրդի միջից, եւ կ’իմանաք որ ես եմ Տէրը։  Եւ երբոր մի մարգարէ սխալուի ու խօսք խօսէ, ես Տէրս եմ սխալեցրել այն մարգարէին. եւ ես պիտի մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ նորան փչացնեմ իմ Իսրայէլի ժողովրդի միջիցը։ 10  Եւ նորանք պիտի կրեն իրանց պատիժը. ինչպէս որ է հարցնողի պատիժը, մարգարէի պատիժն էլ նոյնչափ պիտի լինի. 11  Որպէս զի միւսանգամ չ’մոլորէ Իսրայէլի տունը ինձ հետեւելուց, եւ այլ եւս չ’պղծուին իրանց բոլոր յանցանքներովը. եւ նորանք իմ ժողովուրդը լինեն եւ ես նորանց Աստուած լինեմ, ասում է Տէր Եհովան։ 12  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 13  Մարդի որդի, երբոր մի երկիր անհաւատարմութիւն անելով մեղանչէ ինձ դէմ, եւ ես մեկնեմ իմ ձեռքը նորա վերայ եւ կոտրեմ նորա հացի ցուպը եւ նորա մէջը սով ուղարկեմ, եւ բնաջինջ անեմ նորանցից մարդն ու անասունը. 14  Եւ լինի որ այս երեք մարդիկը նորա մէջ լինեն՝ Նոյը, Դանիէլը եւ Յոբը, եւ սորանք իրանց արդարութիւնովը կ’ազատեն միայն իրանց անձերը, ասում է Տէր Եհովան։ 15  Եթե ես չար գազաններ բերեմ երկիրը, որ նորան անզաւակ անեն, եւ նա ամայի դառնայ որ անցնող չ’լինի գազանների պատճառովը. 16  Եթէ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ. իրանք միայն կ’ազատուին, եւ երկիրը անապատ կ’դառնայ։ 17  Կամ եթէ սուր բերեմ այն երկրի վերայ, եւ ասեմ. Ով սուր, անց կաց այդ երկրովը, ես նորանցից փչացնեմ մարդն ու անասունը, 18  Եւ այս երեք մարդիկը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես՝ ասում է Տէր Եհովան, որ իրանց տղերանցն ու աղջկերանցն էլ չեն ազատիլ, այլ միայն իրանք կ’ազատուին։ 19  Կամ եթէ ժանտախտ ուղարկեմ այն երկիրը եւ իմ սրտմտութիւնը թափեմ նորա վերայ արիւնով նորանից մարդն ու անասունը փչացնելու համար. 20  Եւ Նոյը, Դանիէլը եւ Յոբը նորա մէջը լինեն, կենդանի եմ ես ասում է Տէր Եհովան, որ ոչ մի տղայ եւ ոչ աղջիկ կ’ազատեն, նորանք իրանց արդարութեամբը իրանց անձը կ’ազատեն։ 21  Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ու՞ր մնաց որ եթէ իմ չորս չար պատիժները՝ այսինքն սուրը, սովը, եւ չար գազաններն ու ժանտախտը բերեմ Երուսաղէմի վերայ նորանից մարդն ու անասունը բնաջինջ անելու համար։ 22  Եւ ահա նորա մէջ մնացորդ պիտի մնայ ազատուած՝ դուրս բերուած տղերքն ու աղջկերքը. ահա նորանք դուրս են գալու ձեզ մօտ, եւ դուք պիտի տեսնէք նորանց գործերը, եւ պիտի մխիթարուիք այն պատուհասի մասին, որ բերի Երուսաղէմի վերայ այսինքն այն բոլորը, որ բերի նորա վերայ։ 23  Եւ նորանք պիտի մխիթարեն ձեզ երբոր տեսնեք նորանց ճանապարհը եւ նորանց բոլոր գործերը. եւ դուք կ’իմանաք թէ ի զուր չեմ արել այն ամենը որ արի նորան, ասում է Տէր Եհովան։

Ծանոթագրություններ