Եզեկիել 17։1-24

17  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, մի հանելուկ առաջարկիր եւ առակ ասիր Իսրայէլի տանը.  Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան. Մեծ արծիւը՝ թեւերը մեծ՝ փետուրը երկայն՝ փետրալից գոյնզգոյն եկաւ Լիբանան եւ առաւ եղեւինի գագաթը,  Նորա ընձիւղնների ծայրը կոտրեց եւ տարաւ նորան Քանանի երկիրը եւ նորան դրաւ վաճառականների քաղաքումը։  Եւ առաւ այն երկրի սերմերիցը եւ դրաւ նորան մի ցանքի արտում. նորան առաւ շատ ջրերի մօտ տնկեց իբրեւ ուռի։  (Եւ նա բուսաւ եւ եղաւ մի տարածուած որթ կարճահասակ,) որ նորա ճիւղերը դէպի նորան ուղղուին եւ արմատները նորա տակին լինեն. եւ նա մի որթ եղաւ եւ ոստեր հանեց եւ ընձիւղններ արձակեց։  Եւ մէկ արծիւ էլ կար մեծ ՝ թեւերը մեծ՝ եւ փետրալից. եւ ահա այս որթը իր արմատները տարածեց դէպի նորան եւ իր ճիւղերը դէպի նորան արձակեց, որ նորան ոռոգէ իր տնկուած ածուներիցը։  Նա տնկուեցաւ բարեբեր արտում շատ ջրերի մօտ, որ ոստեր տայ եւ պտուղ բերէ եւ ազնիւ որթ լինի։  Ասիր՝ Այսպէս է ասում Տէր Եհովան, Մի՞թէ նա կ’յաջողէ. մի՞թէ նորա արմատները չի խլիլ, եւ նորա պտուղը չի քաղիլ, որ նա չորանայ։ Նորա բոլոր բուսած տերեւները պիտի չորանան, եւ առանց մեծ բազուկի եւ շատ ժողովրդի, որ նորան հանէ նորա արմատներիցը։ 10  Եւ ահա թէեւ տնկուեցաւ, մի՞թէ յաջողուելու է. չէ՞ որ հենց արեւելեան քամին նորան դպչելուն պէս պիտի իսկոյն չորանայ, իր բուսած ածուներումը պիտի չորանայ։ 11  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 12  Ասիր ապստամբների տանը, մի՞թէ չէք հասկանում թէ սա ինչ է. ասիր. Ահա եկաւ Բաբիլոնի թագաւորը Երուսաղէմ եւ առաւ նորա թագաւորին եւ նորա իշխաններին եւ նորանց տարաւ Բաբիլոն իր մօտ։ 13  Եւ առաւ թագաւորի սերունդիցը մէկին եւ նորա հետ ուխտ արաւ եւ նորան երդում անել տուաւ, եւ երկրի զօրաւորներին էլ առաւ. 14  Որ թագաւորութիւնը ցած լինի եւ չ’կարողանայ իրան բարձրացնել, իր խոստումը պահէ որ ինքը հաստատ լինէ։ 15  Բայց նա ապստամբուեց նորա դէմ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով որ իրան ձիեր եւ շատ զօրք տան. մի՞թէ յաջողուելու է. մի՞թէ ազատուելու է այս բաներն անողը. եւ ուխտը կ’դրժէ՝ եւ կազատուի։ 16  Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ նա պետք է այն տեղը, ուր որ թագաւորը նորան թագաւոր արաւ, որի երդումը նա անարգեց եւ որի ուխտը նա դրժեց, նորա հետ մեռնէ Բաբիլոնում։ 17  Եւ մեծ զօրքովը եւ շատ բազմութիւնով Փարաւօնը նորան մի բան չի անիլ պատերազմի մէջ պատնէշ շինուելիս եւ մարտկոց կազմուելիս՝ շատ հոգիներ կոտրելու համար։ 18  Եւ նա անարգեց երդումը, որ ուխտը դրժէ. եւ ահա նա իր ձեռքը տուել էր եւ այս ամենը արաւ. նա չի ազատուիլ։ 19  Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես որ իմ երդումը որ նա անարգեց եւ իմ ուխտը որ նա դրժեց, նորա գլխովը պիտի տամ. 20  Եւ նորա վերայ պիտի տարածեմ ցանցը, եւ նա պիտի բռնուի իմ որոգայթումը, եւ ես նորան պիտի տանեմ Բաբիլոն եւ նորա հետ դատ պիտի վարեմ այնտեղ այն յանցանքի համար, որ գործեց ինձ դէմ։ 21  Եւ նորա բոլոր փախստականները նորա բոլոր զօրքերումը պիտի սրով ընկնեն, եւ մնացածները պիտի ցրվուին դէպի ամեն կողմը. եւ դուք կ’իմանաք, որ ես Տէրս եմ խօսել։ 22  Այսպէս է ասում Տէր Եհովան. Ես էլ պիտի առնեմ բարձր եղեւինի գագաթիցը եւ պիտի տնկեմ ես մէկ բարձր եւ վեր ելած սարի վերայ։ 23  Իսրայէլի բարձր սարի վերայ պիտի տնկեմ նորան. եւ նա ոստեր պիտի արձակէ եւ պտուղ տայ, եւ նա ազնիւ եղեւին պիտի դառնայ. եւ նորա տակին կ’բնակուեն ամեն տեսակ թեւաւոր թռչուններ, նորա ոստերի հովանումը կ’բնակուեն նորանք։ 24  Եւ դաշտի բոլոր ծառերը պիտի գիտենան որ ես Տէրս եմ բարձր ծառերը ցածացրել եւ ցած ծառերը բարձրացրել, կանաչ ծառը չորացրել, եւ դալարացրել չոր ծառը. ես Տէրս ասել եմ եւ պիտի անեմ։

Ծանոթագրություններ