Եզեկիել 24։1-27

24  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ իններորդ տարուայ տասներորդ ամսուայ ամսի տասին՝ ասելով.  Մարդի որդի, գրիր քեզ համար այս օրուայ անունը հէնց այսօր. Բաբիլոնի թագաւորը հէնց այսօր մօտեցաւ Երուսաղէմին։  Եւ առակով խօսիր դէպի այս ապստամբ տունը եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դիր կաթսան՝ դիր, եւ մէջն էլ ջուր ածիր։  Ժողովիր նորա կտորները մէջը՝ ամեն լաւ կտորը, ազդրը եւ ուսը, ընտիր ոսկորներով լցրու։  Ոչխարների ընտիրներն առ եւ ոսկորները դիզիր նորա տակին. նորան սաստիկ եռացրու, որ ոսկորներն էլ եփուին միջումը։  Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին, այն կաթսային որի ժանգը իրանում է եւ ժանգը միջիցը դուրս չէ եկած, կտոր կտոր հանիր կտորները. նորա վերայ վիճակ չ’ձգուի։  Որովհետեւ նորա արիւնը իրանում է. չոր ապառաժի վերայ է դրել նորան, գետնի վերայ չէ թափել նորան որ նորան ծածկէ հողով։  Իմ սրտմտութիւնը վեր հանելու եւ վրեժը առնելու համար նորա արիւնը դրի չոր ապառաժի վերայ, որ չ’ծածկուի։  Սորա համար այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ արիւնահեղ քաղաքին. ես էլ կրակի խարոյկը պիտի մեծացնեմ։ 10  Շատացրու փայտերը, վառիր կրակը որ միսը հալուի, համեմներ էլ դիր թող այրուին։ 11  Եւ յետոյ կայծերի վերայ դիր պարապ, որպէս զի տաքանայ եւ այրուի պղինձը, եւ հալուի նորանում նորա պղծութիւնը՝ վերջանայ ժանգը։ 12  Աշխատութիւններով յոգնեցաւ նա, եւ նորանից դուրս չ’եկաւ նորա շատ ժանգը՝ կրակով նորա ժանգը։ 13  Քո անմաքրութիւնումը պղծագործութիւն կայ. որովհետեւ ես քեզ մաքրեցի եւ դու մաքուր չ‘եղար, այլ եւս պիտի չ’մաքրուիս քո պղծագործութիւնից մինչեւ որ իմ սրտմտութիւնը հանգստացնեմ քեզ վերայ։ 14  Ես Տէրս եմ խօսել, պիտի գայ. եւ ես պիտի կատարեմ, ես պիտի չ’թողնեմ, եւ չ’խնայեմ եւ չ’զղջամ. քո ճանապարհների համեմատ եւ քո արարքների համեմատ պիտի դատուիս, ասում է Տէր Եհովան։ 15  Եւ Տիրոջ խօսքն ինձ եղաւ ասելով. 16  Մարդի որդի, ահա ես վեր եմ առնում քեզանից մի հարուածով քո աչքերի ցանկութիւնը, եւ դու պիտի ոչ ողբաս ոչ լաց լինես, եւ արտսուքդ պիտի չ’գայ։ 17  Լռութեամբ հառաչիր, մեռելի սուգ պիտի չ’անես. ապարօշդ կապիր գլխիդ, կօշիկներդ ոտներդ հագիր, դունչդ մի ծածկիր, եւ մարդկանց հացը մի ուտիր։ 18  Եւ ես առաւօտը խօսեցի ժողովրդի հետ, եւ իրիկունը մեռաւ կինս. եւ միւս առաւօտը ինձ հրամայուածին պէս արի։ 19  Եւ ժողովուրդն ինձ ասեց. Մեզ չե՞ս իմացնել, թէ սա ինչ է նշանակում մեզ համար, որ դու անում ես։ 20  Եւ ես ասեցի նորանց. Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 21  Ասիր Իսրայէլի տանը թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես պիտի պղծեմ իմ սրբարանը՝ ձեր զօրութեան պարծանքը, ձեր աչքերի ցանկութիւնը եւ ձեր հոգու խնայածը. եւ ձեր թողած տղերքն ու աղջկերքը սրով պիտի ընկնեն։ 22  Եւ դուք պիտի իմ արածին պէս անէք, դունչ պիտի չ’ծածկէք, եւ մարդկանց հացը պիտի չ’ուտէք. 23  Եւ ձեր ապարօշները ձեր գլխին եւ ձեր կօշիկները ձեր ոտքին լինելով պիտի սուգ չ’անէք եւ լաց չ’լինէք, այլ պիտի հալումաշ լինէք ձեր անիրաւութիւններովը եւ դէպի իրար հառաչէք։ 24  Եւ Եզեկիէլը ձեզ համար նշան է. նորա բոլոր արածին պէս պիտի անէք. սա լինելիս կ’իմանաք, որ ես եմ Տէր Եհովան։ 25  Եւ դու, մարդի որդի, ահա երբոր ես վեր կ’առնեմ նորանցից իրանց զօրութիւնը, իրանց պարծանքի ուրախութիւնը, իրանց աչքերի ցանկութիւնը եւ իրանց սրտի ուզածը իրանց տղերքն ու աղջկերքը, 26  Այն ժամանակ կ’գայ ազատուած մէկը քեզ մօտ, որ լուր կ’բերէ ականջներիդ։ 27  Այն ժամանակ բերանդ պիտի բացուի այն ազատուածովը եւ պիտի խօսես ու այլ եւս համր չ’մնաս, եւ դու նորանց համար նշան կ’լինես. եւ նորանք կ’իմանան, որ ես եմ Տէրը։

Ծանոթագրություններ