Եզեկիել 27։1-36

27  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Եւ դու, մարդի որդի, Տիւրոսի վերայ ողբ բարձրացրու,  Եւ ասիր Տիւրոսին, Ով ծովի մուտքերումը բնակող, որ վաճառականութիւն ես անում ազգերի հետ շատ կղզիների վերայ, այսպէս է ասում Տէր Եհովան. Ով Տիւրոս, դու ասեցիր՝ Ես գեղեցկութեան կատարելութիւնն եմ։  Ծովի սրտումն են քո սահմանները. քեզ շինողները կատարելագործեցին քո գեղեցկութիւնը։  Սանիրի մայրից շինեցին բոլոր լանջքերը քեզ համար. Լիբանանի եղեւին առան քեզ վերայ կայմ շինելու.  Քո թիակները Բասանի կաղիններից շինեցին. քո նստարանները շինեցին փղոսկրից՝ պատեցին Կիտացիների կղզիներից եկած տօսախով։  Եգիպտոսից բերած նկարագործ բեհեզից էր քո առագաստը, որ քեզ համար դրօշ լինէր. կապուտակ եւ ծիրանեգոյն էր քո ծածկոցը Եղիսայի կղզիից բերուած։  Սիդոնի եւ Արուդի բնակիչները թիավարներդ էին. քո իմաստունները, ով Տիւրոս, որ քեզանում կային, քո նաւավարներն էին։  Գեբաղի ծերերը եւ նորա իմաստունները, որ քեզանում կային, ծակոտուածքդ պնդացնողներն էին, ծովի բոլոր նաւերը եւ նորանց նաւաստիները քեզանում էին քո ապրանքները առուտուրի դնելու։ 10  Պարսիկներ, Ղուդացիք եւ Փութացիք քո զօրքի մէջ էին իբրեւ քո պատերազմական մարդիկը. վահան եւ սաղաւարտ կախող էին. նորանք քեզ փառաւորութիւն տուին։ 11  Արուադացիք եւ քո զօրքը քո պարիսպների վերայ էին շուրջանակի, եւ քաջասիրտներն էին քո աշտարակների վերայ. նորանք իրանց վահանները կախում էին քո պարիսպների վերայ շուրջանակի. նորանք կատարելագործեցին քո գեղեցկութիւնը։ 12  Թարսիսը քո վաճառականներն էր ամեն տեսակ ապրանքի շատութիւնիցը. արծաթով, երկաթով, անագով եւ կապարով անում էին քո առուտուրը։ 13  Յաւանը, Թոբելը եւ Մոսոքը քո վաճառականներն էին. նորանք քեզ հետ մարդկանց հոգիների եւ պղնձի անօթների առուտուր էին անում։ 14  Թորգոմայի տունից ձիեր եւ ձիաւորներ եւ ջորիներ էին բերում քեզ մօտ իբրեւ առուտուրի ապրանք։ 15  Դեդանի որդիքը քո վաճառականներն էին. շատ կղզիներ իբրեւ վաճառահանութեան տեղեր ձեռքիդ էին. փղոսկրեայ եղջիւրներ եւ ոպնիազ փայտ էին ետ դարձնում քեզ իբրեւ փոխանակութիւն։ 16  Ասորիք քո վաճառականներն էին, քո ձեռագործների շատութեան համար. կարկեհանով, ծիրանեգոյնով, նկարագործներով, բեհեզով, բուստերով եւ կարմիր յակինթով անում էին քո առուտուրը։ 17  Յուդան եւ Իսրայէլի երկիրը քո վաճառականներն էին. Մեննիթի ցորենով, խմորեղէնով, մեղրով, իւղով եւ բալասանով անում էին քո վաճառականութիւնը։ 18  Դամասկոսը քո վաճառականն էր, ձեռագործներիդ շատութեան ամեն տեսակ ապրանքի շատութեան համար՝ Քեղբոնի գինիով եւ սպիտակ բուրդով։ 19  Վեդանը եւ Յաւանը Ուազալից բերում էին քո ապրանքները. շինած երկաթեղէն, կասիա եւ խնկեղէգն էր լինում քո փոխանակութիւնը։ 20  Դեդանը քո վաճառականն էր կառքի պաստառակալներով։ 21  Արաբացիք եւ Կեդարի բոլոր իշխանները քո պատրաստ վաճառականներն էին. գառներով, խոյերով եւ նոխազներով էին առեւտուր անում քեզ հետ։ 22  Սաբայի եւ Ռեգմայի վաճառականները քո վաճառականներն էին, ամեն տեսակ գլխաւոր բուրմունքներով եւ ամեն տեսակ պատուական քարերով եւ ոսկով անում էին քո առուտուրը։ 23  Խառանը, Քաննէն եւ Եդեմը. Սաբայի վաճառականները, Ասորեստանն ու Քաղմադը քո վաճառականներն էին։ 24  Նորանք քեզ հետ վաճառականութիւն էին անում շքեղ հանդերձներով, կապուտակ եւ նկարագործ վերարկուներով, մանածների կուտակներով, հիւսուած չուաններով եւ եղեւնափայտեայ սնտուկենրով քո վաճառանոցներում։ 25  Թարսիսի նաւերը քո կարաւաններն էին քո վաճառքների համար, եւ դու լցուեցար եւ շատ փառաւորուեցար ծովի միջումը։ 26  Շատ ջրերով տարան քեզ քո թիաւարները. արեւելյան քամին քեզ կոտրեց ծովի միջումը։ 27  Քո ապրանքներն ու վաճառքները՝ քո առուտուրը, քո նաւաստիներն ու նաւավարները, քո ծակոտուածքը պնդացնողները եւ քեզ հետ առուտուր անողները, եւ քեզանում լինող քո բոլոր պատերազմի մարդիկը եւ քո բոլոր բազմութեան հետ որ քեզանում է, պիտի ընկնեն ծովի մէջը քո անկման օրը։ 28  Քո նաւավարների աղաղակի ձայնիցը պիտի դողան արուարձանները։ 29  Եւ պիտի իջնեն իրանց նաւերիցը բոլոր թիաւարները, նաւաստիները՝ ամեն նաւավարները ծովի մէջ եւ կանգնեն երկրի վերայ։ 30  Եւ իրանց ձայնը լսել կ’տան քեզ վերայ եւ կ’աղաղակեն դառնապէս. եւ հող վեր կ’ածեն իրանց գլուխների վերայ, եւ մոխրի մէջ կ’թաւալուեն։ 31  Եւ իրանց մազերը կ’ածիլեն քո մասին եւ քուրձեր կ’հագնեն եւ քեզ վերայ լաց կ’լինեն դառն հոգով եւ դառն սուգով. 32  Եւ իրանց կոծ անելովը ողբ կ’բարձրացնեն քեզ վերայ, եւ ողբ կ’երգեն քեզ վերայ ասելով. Ո՞վ է Տիւրոսի նման, ծովի մէջ բնաջինջ եղածին նման։ 33  Քո վաճառքները ծովիցը դուրս գալիս՝ շատ ազգեր էիր կշտացնում, քո ապրանքների ու քո առուտուրների շատութիւնովը հարստացնում էիր երկրի թագաւորներին, 34  Արդ որ ծովի միջում ջրերի խորերն ես խորտակուել, քո վաճառքներն եւ բոլոր բազմութիւնդ ընկան քո մէջը։ 35  Կղզիների բոլոր բնակիչները ապշել են քեզ վերայ եւ նորանց թագաւորները սաստիկ զարհուրեցան. դողում են նորանց երեսները։ 36  Ազգերի միջի վաճառականները սուլում են քեզ վերայ, դու սոսկում եղար եւ ոչնչացար յաւիտեան։

Ծանոթագրություններ