Եզեկիել 33։1-33

33  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, խօսիր քո ժողովրդի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի երկրի վերայ սուր բերեմ, եւ այն երկրի ժողովուրդը մէկ մարդ ընտրէ իր միջիցը եւ նորան իրանց համար դէտ շինեն.  Եւ նա տեսնէ այն սուրը գալիս երկրի վրա, եւ փողը հնչեցնէ եւ ժողովրդին զգուշացնէ.  Բայց մէկը փողի ձայնը որոշ լսէ եւ զգուշանայ, եւ սուրը գայ եւ նորան վեր առնէ. նորա արիւնը նորա գլուխը պիտի լինի։  Նա լսել էր փողի ձայնը եւ չ’զգուշացաւ. նորա արիւնը իր վերայ պիտի լինի. եւ եթէ նա զգուշացած լինէր իր անձը կա’ազատէր։  Բայց եթէ դէտը տեսնէ սուրը գալիս եւ փողը չ’հնչեցնէ, եւ ժողովուրդը չ’զգուշանայ, եւ սուրը գայ եւ նորանցից մի հոգի վեր առնէ. նա իր անօրէնութիւնովը վեր առնուեցաւ, բայց նորա արիւնը ես դէտի ձեռքիցն եմ պահանջելու։  Եւ դու, մարդի որդի, ես քեզ դէտ դրի Իսրայէլի տան վերայ, եւ դու պիտի իմ բերանից խօսքը լսես եւ նորանց զգուշացնես իմ կողմանէ։  Եւ ամբարշտին ասելիս, Ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ դու եթէ չ’խօսես ամբարշտին՝ իր ճանապարհիցն զգուշացնելու համար. այն ամբարիշտը կ’մեռնէ իր անօրէնութեան համար, բայց նորա արիւնը քո ձեռքիցն ես կ’պահանջեմ։  Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին իր ճանապարհիցը, որ նորանից ետ դառնայ, բայց նա ետ չ’դառնայ, նա իր անօրէնութեան համար կ’մեռնէ, բայց դու ազատած կ’լինես քո անձը։ 10  Եւ դու, մարդի որդի, ասիր Իսրայէլի տանը. Դուք այսպէս էք խօսում եւ ասում թէ Մեր յանցանքներն ու մեր մեղքերը մեզ վերայ է, եւ մենք նորանցով մաշվում ենք. ուրեմն ինչպէս պիտ ապրենք։ 11  Նորանց ասիր. Կենդանի եմ ես, ասում է տէր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ։ Դարձէք, դարձէք ձեր չար ճանապարհներիցը, եւ ինչո՞ւ համար դուք մեռնէք, ով Իսրայէլի տուն։ 12  Եւ դու, մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը թէ Արդարի արդարութիւնը նորան չի փրկիլ երբոր նա յանցանք գործէ, եւ ամբարիշտը իր ամբարշտութիւնովը չի գլորուիլ՝ երբոր իր ամբարշտութիւնից ետ դառնայ, եւ արդարը չէ կարող իր արդարութիւնովը ապրիլ երբոր մեղանչէ։ 13  Երբոր ես արդարին ասեմ թէ Նա անպատճառ պիտի ապրէ, եւ նա վստահանայ իր արդարութեան վերայ եւ անօրէնութիւն անէ. նորա բոլոր արդարութիւնը պիտի չ’յիշուի, եւ այն իր արած անօրէնութիւնովը պիտի մեռնէ։ 14  Բայց երբոր ամբարշտին ասեմ. Դու անպատճառ պիտի մեռնես, եւ նա ետ դառնայ իր մեղքիցը եւ իրաւունք ու արդարութիւն գործէ. 15  Ամբարիշտը գրաւը ետ դարձնէ, յափշտակուածը հատուցանէ հատուցանէ, կեանքի կանոններովը գնայ առանց անօրէնութիւն գործելու. նա անշուշտ պիտի ապրէ եւ չ’պիտի մեռնէ։ 16  Այն ամեն մեղքերը, որ նա արել էր, պիտի չը յիշուին. նա իրաւունք ու արդարութիւն գործեց. նա անշուշտ պիտի ապրէ։ 17  Եւ քո ժողովրդի որդիքը կ’ասեն. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. բայց իրանց ճանապարհն է որ ուղիղ չէ։ 18  Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն գործէ, այն ժամանակ նա պէտք է նորանցում մեռնէ։ 19  Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, նա պէտք է ապրէ նորանցով։ 20  Բայց դուք ասում էք թէ Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ, ես ձեզանից ամեն մէկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն։ 21  Եւ եղաւ որ մեր գերութեան տասնեւերկուերորդ տարուայ տասներորդ ամսի հինգին մէկ ազատուած եկաւ ինձ մօտ Երուսաղէմից ասելով թէ Քաղաքը կոտրուեցաւ։ 22  Եւ Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ այն իրիկունը ազատուած գալուց առաջ եւ բացաւ իմ բերանը մինչեւ որ նա առաւօտը ինձ մօտ եկաւ, եւ բերանս բացուեցաւ եւ այլ եւս համր չէի։ 23  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 24  Մարդի որդի, այս աւերակների բնակիչները Իսրայէլի երկրի վերայ ասում են թէ՝ Աբրահամը մէկ հատ մարդ էր եւ ժառանգեց երկիրը. իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կ’տրուի իբրեւ ժառագութիւն։ 25  Դորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք արիւնովն էք ուտում եւ ձեր աչքերը բարձրացնում էք դէպի ձեր կուռքերը եւ արիւն էք թափում. եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։ 26  Դուք հաստատ կանգնած էք ձեր սրի վերայ, պղծութիւն էք անում, եւ ձեզանից ամեն մձկը իր ընկերի կնոջը պղծում . եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։ 27  Այսպէս ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես, որ աւերակներումը եղողները սրով պիտի ընկնեն, եւ դաշտի վերայ եղողները գազաններին եմ տալիս իբրեւ նորանց կերակուր, եւ բերդերումն ու քարայրներումն եղողները ժանտախտով պիտի մեռնեն։ 28  Եւ երկիրը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ պիտի փչանայ նորա զօրութեան հպարտութիւնը. եւ ամայի պիտի դառնան Իսրայէլի սարերը որ անց կենող չ’լինի։ 29  Եւ կ’իմանան որ ես եմ Տէր, երբոր երկիրը ամայի ու ամայացած կ’անեմ նորանց արած բոլոր պղծութիւնների համար։ 30  Իսկ դու, մարդի որդի, քո ժողովրդի որդիքը որ խօսակցում են քեզ դէմ պատերի մօտ եւ տների դռներումը եւ մէկզմէկի հետ խօսում են իրար ասելով. Մէկ եկէք ու լսեցէք թէ ինչ բան կայ դուրս եկած Տիրոջ կողմից։ 31  Եւ նորանք քեզ մօտ կ’գան հէնց որ ժողովուրդը եկաւ եւ քո առաջին կը նստեն իբրեւ իմ ժողովուրդ, եւ կը լսեն քո խօսքերը, բայց նորանց չեն կատարիլ. այն նորանք իրանց բերանովը հաճութիւն ցոյց կ’տան, բայց նորանց սիրտն իրանց ագահութեան քամակիցն է գնում։ 32  Եւ ահա դու նորանց համար քաղցր երգի պէս ես՝ գեղեցկաձայն եւ բարեյարմար. եւ նորանք կ’լսեն քո խօսքերը, բայց նորանց կատարողները չեն։ 33  Եւ երբոր սա կ’գայ, (ահա պիտի գայ), այն ժամանակ պիտի իմանան, որ իրանց միջումը մարգարէ է եղել։

Ծանոթագրություններ