Եզեկիել 34։1-31

34  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, մարգարեացիր Իսրայէլի հիվիւների մասին, մարգարէացիր եւ ասիր նորանց՝ այդ հովիւներին. թէ այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ Իսրայէլի հովիւներին, որոնք իրանց են արածեցնում. հովիւները չէ՞ որ հօտը պիտի արածեցնեն։  Կաթը ուտում էք, եւ բուրդը հագնում էք, եւ պարարտին մորթում էք. իսկ հօտը չէք արածեցնում։  Տկարներին չ’ուժացրիք, եւ հիւանդին չ’բժշկեցիք, եւ դուք կոտրածին չ’կապեցիք, եւ մոլորուածին ետ չ’բերիք, եւ կորածին չ’որոնեցիք, այլ խստութեամբ տիրեցիք նորանց վերայ եւ բռնութեամբ։  Եւ նորանք ցրիւ եկան հովիւ չ’լինելու պատճառով, եւ կերակուր եղան դաշտի բոլոր գազաններին եւ ցիրուցան եղան։  Մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վերայ եւ ամեն բարձր բլուրի վերայ, երկրի բոլոր երեսի վերայ ցրուել են իմ ոչխարները. եւ որոնող չ’կայ եւ հարցնող չ’կայ։  Դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը.  Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ իմ հօտը յափշտակուեցաւ եւ իմ հօտը՝ հիվիւ չ’լինելու համար՝ դաշտի բոլոր գազաններին կերակուր եղաւ, եւ իմ հովիւները իրանց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում։  Դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը. 10  Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես հովիւների դէմ եմ, եւ իմ ոչխարներին պիտի պահանջեմ նորանց ձեռքիցը, եւ նորանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, եւ հովիւները այլ եւս պիտի չ’արածեցնեն նորանց, եւ պիտի ազատեմ իմ ոչխարներին նորանց բերանիցը, որ նորանք նորանց համար ուտելիք չ’լինեն։ 11  Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես ինքս եմ պահանջելու իմ ոչխարներին եւ նորանց որոնելու. 12  Ինչպէս որ հովիւն է որոնում իր հօտը երբոր նորանք ցրուած ժամանակ նա իր ոչխարների մէջ է լինում, այնպէս պիտի որոնեմ իմ ոչխարներին եւ նորանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նորանք ցրուած են եղել ամպի եւ մառախուղի օրը. 13  Եւ նորանց պիտի հանեմ ազգերի միջից եւ պիտի ժողովեմ նորանց երկիրներից եւ նորանց պիտի բերեմ նորանց երկիրը եւ նորանց պիտի արածեցնեմ Իսրայէլի սարերի վերայ, ձորերումը եւ երկրի բոլոր բնակութիւններումը. 14  Նորանց պիտի լաւ արօտում արածեցնեմ, եւ Իսրայէլի բարձր սարերի վերայ պիտի լինի նորանց փարախը. այնտեղ լաւ փարախի մէջ պիտի մակաղեն. եւ պարարտ արօտում պիտի արածեն Իսրայէլի սարերի վերայ։ 15  Ես եմ արածեցնելու իմ ոչխարներին եւ ես եմ նորանց մակաղել տալու, ասում է Տէր Եհովան։ 16  Կորածը որոնելու եմ, եւ մոլորուածը ետ եմ բերելու, եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիւանդը պիտի զօրացնեմ, եւ պարարտն ու զօրաւորը պիտի փչացնեմ՝ իրաւունքով պիտի հովուեմ նորանց։ 17  Եւ դուք, ով իմ ոչխարները, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես դատաստան եմ անելու ոչխարի եւ ոչխարի մէջ, խոյերի եւ նոխազների մէջ։ 18  Սա քի՞չ է ձեզ համար որ դուք լաւ արօտում էք արածում, ձեր արօտի մնացորդը ձեր ոտքերովը կոխ է՞լ եք տալիս. եւ մաքուր ջուրը խմում էք, մնացածը ձեր ոտներովը պղտորո՞ւմ էք։ 19  Եւ իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածն է ուտում, եւ ձեր ոտներով պղտորածն է խմում։ 20  Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան նորանց. Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի եւ նիհար ոչխարի մէջ։ 21  Որովհետեւ դուք ձեր կողքովը հրում էք եւ ձեր եղջիւրներովը հարում էք ամեն տկարներին, մինչեւ որ նորանց ցիրուցան արիք դրսումը։ 22  Բայց ես պիտի փրկեմ իմ ոչխարներին, եւ նորանք այլ եւս պիտի չ’յափշտակուին, եւ պիտի դատեմ ոչխարի եւ ոչխարի մէջ։ 23  Եւ նորանց վերայ մէկ հովիւ պիտի դնեմ, եւ նա պիտի արածեցնէ նորանց, այսինքն իմ Դաւիթ ծառային, նա պիտի արածացնէ նորանց, եւ նա է լինելու նորանց հովիւը։ 24  Եւ ես Տէրս կ’լինեմ նորանց համար Աստուած, իսկ իմ Դաւիթ ծառան՝ իշխան նորանց մէջ. ես Տէրս եմ խօսել։ 25  Եւ ձեզ հետ խաղաղութեան ուխտ պիտի դնեմ, եւ պիտի դադարեցնեմ չար գազաններին այդ երկրից. եւ նորանք կը բնակուեն անապատումը ապահով. եւ կ’քնանան անտառներումը։ 26  Եւ նորանց եւ իմ բլուրի շրջակայքը պիտի օրհնութիւն շինեմ, եւ անձրեւը պիտի ցած թափեմ իր ժամանակին. անձրեւները պիտի օրհնութիւն լինեն։ 27  Եւ դաշտի ծառը պիտի իր պտուղը տայ, եւ երկիրը պիտի տայ իր բերքը, եւ նորանք ապահով պիտի լինեն իրանց երկրումը, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը, երբոր նորանց լուծի փայտերը կ’կոտրեմ եւ նորանց կ’ազատեմ իրանց ծառայեցնողների ձեռքիցը։ 28  Եւ այլ եւս ազգերին աւար չեն լինիլ, եւ երկրի գազանները նորանց չեն ուտիլ, եւ ապահով կ’բնակուեն եւ վախեցնող չի լինիլ։ 29  Եւ նորանց համար մի անուանի բոյս վեր կ’կացնեմ, որ այլ եւս սովով չ’սպառուին այն երկրումը, եւ այլ եւս չը կրեն ազգերի նախատինքը։ 30  Եւ կ’գիտենան թէ ես՝ նորանց Տէր Աստուածը իրանց հետ եմ, եւ իրանք իմ ժողովուրդն են՝ Իսրայէլի տունը, ասում է Տէր Եհովան։ 31  Եւ դուք իմ ոչխարները՝ իմ արօտի ոչխարները մարդիկ էք դուք. ես ձեր Աստուածն եմ, ասում է Տէր Եհովան։

Ծանոթագրություններ