Եզեկիել 35։1-15

35  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, երեսդ Սէիր սարին դարձրու եւ մարգարէացիր նորա մասին,  Եւ ասիր նորան. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես քեզ դէմ եմ, ով Սէիր սար, եւ մեկնում եմ իմ ձեռքը քեզ վերայ եւ ես քեզ ամայի եւ ամայացած պիտի անեմ։  Քո քաղաքները աւերակ պիտի անեմ, եւ դու ամայի պիտի դառնաս, եւ պիտի գիտենաս որ ես եմ Տէրը։  Որովհետեւ դու մշտնջենական ատելութիւն ունիս եւ Իսրայելի որդկանցը սուրի ձեռք մատնեցիր նորանց պատուհասի ժամանակին, անօրէնութիւնը ծայրին հասած ժամանակին։  Դորա համար կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ քեզ արիւն պիտի անեմ, եւ արիւնը պիտի հալածէ քեզ. ըստ որում դու արիւնը չ’ատեցիր, արիւնն էլ պիտի հալածէ քեզ։  Եւ ես Սէիր սարը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ նորանից պիտի փչացնեմ անցնողն ու դարձողը։  Եւ պիտի լցնեմ նորա սարերը նորա սպանուածներովը, եւ բլուրներիդ ու հովիտներիդ եւ բոլոր ձորերիդ մէջ պիտի սրով սպանուածներ ընկնեն։  Եւ քեզ յաւիտենական անապատներ պիտի շինեմ, եւ քո քաղաքները պիտի չ’բնակուին, եւ դուք պիտի իմանաք որ ես եմ Տէրը։ 10  Որովհետեւ դու ասեցիր թէ Այս երկու ազգերը եւ այս երկու երկիրները իմն են լինելու, եւ մենք պիտի տիրենք նորանց, թէեւ Տէրը այնտեղ էր. 11  Դորա համար՝ Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ պէտք է անեմ քո բարկութեան եւ քո նախանձի համեմատ, որ ի գործ դրիր նորանց ատելիս, եւ ես պիտի ճանաչուիմ նորանց մէջ երբոր կ’անեմ քո դատաստանը։ 12  Ես կ’գիտենաս, որ ես Տէրս լսել եմ քո հայհոյանքները, որ խօսեցիր Իսրայէլի սարերի դէմ, ասելով. Աւերակ եղան՝ մեզ տրուեցան իբրեւ ուտելիք։ 13  Եւ դուք հպարտացաք ձեր բերանովը ինձ դէմ, եւ ձեր խօսքերը շատացրիք ինձ դէմ. ես լսել եմ։ 14  Այսպէս է ասում Տէր Եհովան. Բոլոր երկիրը ուրախանալիս, քեզ աւերակ պիտի անեմ։ 15  Ինչպէս որ դու ուրախացար Իսրայէլի տան ժառանգութեան վերայ, երբոր նա աւերակ եղաւ, այնպէս էլ պիտի անեմ քեզ. դու աւերակ պիտի դառնաս, ով Սէիր սար, եւ ով բոլոր Եդովմ. եւ կ’իմանան որ ես եմ Տէրը։

Ծանոթագրություններ