Եզեկիել 37։1-28

37  Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ, եւ Տէրը ինձ դուրս հանեց դաշտի մէջը, եւ դա լիքն էր ոսկորներով։  Եւ ինձ ման ածեց նորանց վերայ շուրջանակի, եւ ահա նորանք խիստ շատ էին դաշտի երեսի վերայ. եւ ահա շատ չորացած էին։  Եւ ինձ ասեց. Մարդի որդի, մի՞թէ կկենդանանան այս ոսկորները. եւ ես ասեցի. Ով Տէր Եհովայ, դու գիտես։  Եւ նա ինձ ասեց. Մարգարէացիր այս ոսկորների վերայ եւ ասիր նորանց. Ով չորացած ոսկորներ, լսեցէք Տիրոջ խօսքը.  Այսպէս է ասում Տէր Եհովան այս ոսկորներին. Ահա ես ձեր մէջը հոգի պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք։  Եւ ձեզ վերայ ջիղեր պիտի դնեմ, եւ ձեզ վերայ միս պիտի բերեմ եւ ձեզ պիտի մորթով պատեմ, եւ ձեր մէջը շունչ* պիտի դնեմ, եւ դուք պիտի կենդանանաք. եւ պիտի իմանաք որ ես եմ Տէրը։  Եւ ես մարգարէացայ ինչպէս որ ինձ պատուիրուեցաւ. եւ մի ձայն եղաւ հէնց որ մարգարէացայ, եւ ահա մի շարժում, եւ ոսկորները մօտեցան՝ ոսկոր ոսկորի մօտ։  Եւ տեսայ, եւ ահա նորանց վերայ ջիղեր եւ միս եկաւ, եւ մորթը պատեց նորանց վերեւիցը, սակայն շունչ չ’կար նորանց մէջ։  Եւ ինձ ասեց. Մարգարէացիր շունչին՝ մարգարէացիր, ով մարդի որդի, եւ ասիր շունչին. Այսպէս է ասում Տէր Եհովան, Չորս աշխարհակողմիցը եկ, ով շունչ*, եւ փչիր այս սպանուածների վերայ որ կենդանանան։ 10  Եւ ես մարգարէացայ, ինչպէս որ ինձ պատուիրուել էր, եւ շունչը նորանց մէջը մտաւ, եւ նորանք կենդանացան եւ կանգնեցին իրանց ոտների վերայ, եւ մի խիստ շատ մեծ բանակ էր։ 11  Եւ ինձ ասեց. Մարդի որդի, այս ոսկորները բոլոր Իսրայէլի տունն է. ահա նորանք ասում են. Մեր ոսկորները չորացան եւ մեր յոյսը փչացաւ, մենք կորած ենք։ 12  Դորա համար մարգարէացիր եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. ահա ես պիտի բանամ ձեր գերեզմանները, եւ ձեզ՝ իմ ժողովուրդը պիտի հանեմ ձեր գերեզմաններիցը, եւ ձեզ պիտի տանեմ Իսրայէլի երկիրը։ 13  Եւ դուք կ’իմանաք որ ես եմ Տէրը, երբոր կ’բանամ ձեր գերեզմանները եւ ձեզ իբրեւ իմ ժողովուրդը կ’հանեմ ձեր գերեզմաններիցը։ 14  Եւ ես իմ հոգին ձեր մէջը կ’դնեմ, եւ դուք կ’կենդանանաք, եւ ես ձեզ կ’հանգստացնեմ ձեր երկրի վերայ, եւ դուք կ’իմանաք որ ես Տէրս խօսեցի եւ կատարեցի, ասում է Տէրը։ 15  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 16  Եւ դու, մարդի որդի, քեզ համար մէկ փայտ առ եւ նորա վերայ գրիր՝ Յուդայինը եւ նոր ընկեր Իսրայէլի որդկանցը. եւ մէկ փայտ էլ առ եւ նրա վերայ գրիր՝ Յովսէփինը՝ Եփրեմի փայտը եւ նորա ընկեր Իսրայէլի բոլոր տանը։ 17  Եւ նորանց մօտեցրու միմեանց որ մէկ փայտ դառնան, եւ նորանք միանան քո ձեռքումը։ 18  Եւ երբոր քո ժողովրդի որդիքը խօսեն քեզ հետ ասելով. Մեզ չե՞ս ասիլ թէ սա ի՞նչ է քո ունեցածը. 19  Նորանց ասիր թէ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու Յովսէփի փայտը, որ Եփրեմի ձեռքին է, եւ նորա ընկեր Իսրայէլի ցեղերը, եւ նորանց նորա վերայ դնեմ Յուդայի փայտի հետ եւ նորանց մէկ փայտ եմ շինելու, եւ նորանք մէկ պիտի լինեն իմ ձեռքումը։ 20  Եւ այն փայտերը, որոնց վերայ դու պիտի գրես, քո ձեռքին լինեն նորանց աչքի առաջին. 21  Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես վեր եմ առնելու Իսրայէլի որդկանցը այն ազգերի միջից, ուր որ իրանք գնացել են, եւ նորանց ժողովելու եմ շուրջանակի եւ բերելու եմ նորանց իրանց երկիրը։ 22  Եւ նորանց մէկ ազգ եմ շինելու երկրումը Իսրայէլի սարերի վերայ եւ մէկ թագաւոր պիտի լինի նորանց ամենքի թագաւորը, եւ այլ եւս երկու ազգեր չեն լինիլ եւ այլ եւս պիտի չ’պառակտուին երկու թագաւորութիւնների։ 23  Եւ այլ եւս պիտի չ’պղծուին իրանց կուռքերովն ու գարշելիներովը, եւ ես պիտի ազատեմ նորանց իրանց բոլոր բնակութիւններիցը, որոնց մէջ իրանք մեղք գործեցին, եւ նորանց պիտի սրբեմ, եւ նորանք կ’լինեն իմ ժողովուրդը եւ ես կ’լինեմ նորանց Աստուածը։ 24  Եւ իմ ծառայ Դաւիթը՝ թագաւոր նորանց վերայ, եւ նորանց ամենին մէկ հովիւ կ’լինի. եւ իմ իրաւունքների մէջ կ’գնան եւ իմ կանոնները կ’պահեն եւ նորանց կ’կատարեն։ 25  Եւ ետ կ’դառնան այն երկիրը, որ տուել եմ իմ ծառայ Յակոբին, ուր որ ձեր հայրերը բնակել էին. եւ նորանք կ’բնակուեն նորա վերայ՝ իրանք եւ իրանց որդիքը եւ իրանց որդկանց որդիքը մինչեւ յաւիտեան, եւ իմ ծառայ Դաւիթը իշխան կ’լինի նորանց համար մինչեւ յաւիտեան։ 26  Եւ նորանց համար խաղաղութեան ուխտ կ’դնեմ՝ յաւիտենական ուխտ կ’լինի նորանց հետ. եւ նորանց պիտի հաստատեմ եւ շատացնեմ, եւ իմ սրբարանը նորանց մէջ դնեմ յաւիտեան։ 27  Եւ իմ խորանը նորանց մօտ կ’լինի ես նորանց Աստուած կ’լինեմ եւ նորանք իմ ժողովուրդը կ’լինեն։ 28  Եւ ազգերը կ’իմանան որ ես եմ Տէրը՝ Իսրայէլի սրբողը, երբոր իմ սրբարանը նորանց մէջ կ’լինի յաւիտեան։

Ծանոթագրություններ

37։6 Կամ՝ հոգի։
37։9 Կամ՝ հոգի։