Եզեկիել 38։1-23

38  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, երեսդ դէպի Գոգն արա Մագոգի երկրում՝ դէպի Ռովսի, Մոսոքի եւ Թաբէլի իշխանը եւ մարգարէացիր նորա վերայ։  Եւ ասիր. Այսպէս է ասում Տէր Եհովան, Ահա ես քեզ դէմ եմ, Ով Գոգ՝ Ռովսի, Մոսոքի եւ Թոբէլի իշխան։  Եւ քեզ պիտի ետ դարձնեմ եւ կարթեր պիտի դնեմ քո կզակներին, եւ քեզ պիտի հանեմ եւ բոլոր զօրքը՝ ձիերն ու ձիաւորները, բոլորը շքաղութիւնով հագուած վահանաւորների եւ ասպարակիրների մեծ ժողովքը, որոնց ամենքն էլ սուր բռնողներ են։  Պարսիկները, Եթէովպացիները եւ Փուդացիք նորանց հետ. ամենքն էլ ասպարակիր եւ սաղաւարտաւոր.  Գոմերը եւ նորա բոլոր գունդերը, Թորգոմայի տունը՝ հիւսիսի ծայրերիցը եւ նորա բոլոր գունդերը. շատ ժողովուրդներ քեզ հետ։  Պատրաստ եղիր եւ պատրաստիր քեզ եւ քո բոլոր ժողովքը որ ժողովուել են, եւ դու նորանց պահապանը եղիր։  Շատ օրերից յետոյ պիտի այցելուիս. տարիների վերջին դու պիտի գաս այն երկիրը, որ սուրիցը ետ է առնուած, եւ շատ ազգերից ժողովուածի վերայ Իսրայէլի սարերի վերայ, որոնք մշտնջենական աւերակներ էին. բայց ազգերի միջից դուրս բերուեցան, եւ ամենքն էլ ապահով են բնակվում։  Բայց դու մրրիկի պէս պիտի վեր կենաս գաս, երկիրը ծածկուելու համար եղող ամպի պէս պիտի լինես՝ դու եւ քո բոլոր գունդերը եւ շատ ազգեր քեզ հետ։ 10  Այսպէս է ասում Տէր Եհովան. Եւ այն օրը պիտի լինի, որ սրտումդ բաներ պիտի վեր կենան եւ դու պիտի չար խորհուրդներ խորհես, 11  Եւ ասես. Վեր գնամ բաց երկրի վերայ, հասնեմ ապահովների վերայ, որ ապահով բնակուել են, ամենքը բնակվում են առանց պարսպի, եւ նորանք նիգեր ու դռներ չ’ունին, 12  Աւար յափշտակելու եւ կողոպուտ կողոպտելու, որ ձեռքդ դարձնես մարդաշէն դառած աւերակներին, եւ դէպի այն ժողովուրդը որ հաւաքուած է ազգերի միջից, որ խաշինք ու ապրանք է ստացել, որ նստել են երկրի միջին տեղը։ 13  Սաբան եւ Դեդանը եւ Թարսիսի վաճառականները եւ նորա բոլոր առիւծները քեզ պիտի ասեն. Մի՞թէ աւար յափշտակելու համար եկար դու, մի՞թէ կողոպուտ կողոպտելու համար ժողովեցիր քո ժողովքը, որ արծաթ ու ոսկի վեր առնես, որ խաշինք ու ապրանք առնես, որ մեծ աւար յափշտակես։ 14  Դորա համար մարգարէացիր, մարդի որդի, եւ ասիր Գոգին. Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա այն օրը երբոր իմ ժողովուրդ Իսրայէլը ապահով կ’բնակուէ, կ’իմանաս, 15  Եւ կ’գաս քո տեղերից՝ հիւսիսի ծայրերիցը՝ դու ինքդ եւ շատ ժողովուրդներ քեզ հետ, ամենքը ձիեր հեծած, մեծ բազմութիւնով եւ շատ զօրքով։ 16  Եւ դու վեր կ’գաս իմ Իսրայէլ ժողովրդի վերայ իբրեւ ամպ երկիրը ծածկելու. վերջի օրերումը պիտի լինի. եւ քեզ պիտի իմ երկրի վերայ բերեմ, որպէս զի ազգերը ինձ ճանաչեն, երբոր ես քեզանով կ’սրբուիմ նորանց աչքի առաջին, ով Գոգ։ 17  Այսպէս է ասում Տէր Եհովան. Դու նա՞ ես որի համար առաջի օրերը ասել եմ իմ ծառաներ՝ Իսրայէլի մարգարէների ձեռքովը, որ մարգարէանում էին այն օրերը եւ տարիները, որ քեզ նորանց վերայ բերեմ։ 18  Եւ այն օրը պիտի լինի երբոր Գոգը կ’գայ Իսրայէլի երկրի վերայ, ասում է Տէր Եհովան, իմ բարկութիւնը երեսիս պիտի բարձրանայ։ 19  Եւ իմ նախանձովը՝ իմ բարկութեան կրակովը խօսեցի, որ այն օրը անշուշտ մեծ խռովութիւն պիտի լինի Իսրայէլի երկրի վերայ։ 20  Եւ պիտ դողան իմ երեսից ծովի ձկները եւ երկնքի թռչունները եւ դաշտի գազանները եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունները եւ ամեն մարդ եր երկրի երեսին է, եւ սարերը պիտի քանդուին, եւ գահավէժ ժայռերը կործանուին եւ ամեն պարիսպները գետինը պիտի ընկնեն։ 21  Եւ իմ բոլոր սարերի վերայ նորա դէմ սուր պիտի կանչեմ, ասում է Տէր Եհովան, ամեն մարդի սուրը իր ընկերի դէմ պիտի լինի։ 22  Եւ նորա հետ պիտի դատուիմ ժանտախտով եւ արիւնով եւ յորդահոս անձրեւ եւ կարկուտի քարեր եւ կրակ ու ծծումբ պիտի տեղամ նորա վերայ եւ նորա գունդերի վերայ եւ նորա հետ եղող շատ ազգերի վերայ։ 23  Եւ ես պիտի փառաւորուիմ եւ սրբուիմ եւ ճանաչուիմ շատ ազգերի աչքի առաջին, եւ պիտի իմանան որ ես եմ Տէրը։

Ծանոթագրություններ