Եզեկիել 44։1-31

44  Եւ ինձ ետ դարձրեց դուրսի սրբարանի դռան ճանապարհովը, որ նայում է դէպի արեւելք. եւ նա կղպուած է։  Եւ Տէրն ասեց ինձ. Այս դուռը կղպուած պիտի մնայ. չ’պիտի բացուի, նորանով պիտի չ’մտնեն, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը մտաւ նորանով. ուրեմն կղպուած պիտի մնայ։  Իսկ իշխանը ինքը իբրեւ իշխան նստէ այնտեղ Տիրոջ առաջին հաց ուտելու համար. նա դռան սրահի ճանապարհովը պիտի մտնէ, եւ նոյն ճանապարհովը դուրս գայ։  Եւ ինձ տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը տան առաջը, եւ տեսայ, եւ ահա լցրել էր Տիրոջ փառքը Տիրոջ տունը. եւ ես ընկայ երեսիս վերայ։  Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, ուշադրութիւն արա եւ տես աչքերովդ եւ ականջներովդ լսիր ամեն ինչ որ խօսում եմ քեզ հետ Տիրոջ տան բոլոր օրէնքի նկատմամբ եւ նորա բոլոր օրէնքի նկատմամբ. եւ ուշդ դարձրու տան մուտքին սրբարանի բոլոր ելքերովը։  Եւ ասիր ապստամբներին, այսինքն՝ Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Բաւական է ձեզ համար ձեր բոլոր պղծութիւնները, ով Իսրայէլի տուն,  Որ դուք ներս էք բերում օտարների որդկանցը՝ սրտով անթլփատներին՝ մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանումը լինեն իմ տունը պղծելու համար, դուք իմ հացը, ճարպը եւ արիւնը մատուցանելիս. եւ նորանք դրժեցին իմ ուխտը, ձեր բոլոր պղծութիւններից ի զատ։  Եւ չ’պահեցիք իմ սուրբ բաների պահպանութիւնը, այլ իմ սրբարանումն իմ պահպանութիւնը անելու համար ձեզ համար պահապաններ դրիք։  Այսպէս է ասում Տէր Եհովան. Ոչ մի օտարազգի՝ սրտով անթլփատ եւ մարմնով անթլփատ պիտի չ’մտնէ իմ սրբարանը բոլոր օտարազգիներից, որոնք Իսրայէլի որդկանց մէջ են։ 10  Այլ եւ Ղեւտացիքն էլ, որոնք հեռացան ինձանից Իսրայէլի ինձ դէմ արած մոլորութիւնովը մոլորելով եւ իրանց կուռքերոին հետեւելով, պիտի իրանց անօրէնութիւնները կրեն։ 11  Եւ սպասաւորներ պիտի լինեն իմ սրբարանումը տան դռներին որոշուած եւ տանը ծառայողներ. նորանք պէտք է մորթեն ողջակէզը եւ զոհը ժողովրդի համար. եւ նորանք պէտք է կանգնեն նորանց առաջին նորանց ածառայելու համար։ 12  Որովհետեւ նորանց ծառայութիւն արին իրանց կուռքերի առաջին, եւ Իսրայէլի տան համար անօրէնութեան գայթակղութիւն եղան. դորա համար ձեռքս բարձրացրի նորանց վերայ, ասում է Տէր Եհովան, որ կրեն իրանց անօրէնութիւնները։ 13  Եկ պէտք է ինձ չ’մօտենան՝ ինձ համար քահանայութիւն անելու եւ իմ բոլոր սուրբ բաներին եւ ամենասուրբ բաներին մօտենալու համար. այլ իրանց նախատինքը պիտի կրեն եւ իրանց արած պղծութիւնները։ 14  Սակայն նորանց պիտի տանը պահապանութիւնը պահպանողներ շինեմ նորա բոլոր ծառայութեան համար, եւ այն ամեն բանի համար որ նորանում պիտի կատարուի։ 15  Բայց Ղեւտացի քահանաները՝ Սադովկի որդիքը, որոնք պահեցին իմ սրբարանի պահապանութիւնը Իսրայէլի որդիքը ինձանից ապստամբուելու ժամանակ, նորանք պիտի մօտենան ինձ որ ինձ ծառայեն, եւ պիտի կանգնեն իմ առաջին ինձ ճարպ եւ արիւն մատուցանելու, ասում է Տէր Եհովան։ 16  Նորանք պիտի իմ սրբարանը մտնեն, եւ նորանք պիտի մօտենան իմ սեղանին ինձ ծառայելու համար, եւ պիտի պահպանեն իմ պահպանութիւնը։ 17  Եւ կ’լինի որ նորանք ներսի գաւիթի դռներովը մտնելիս՝ պէտք է կտաւի հանդերձներ հագնեն, եւ նորանց վերայ բուրդ պիտի չ’գայ, նորանց ներսի գաւիթի դռներումը եւ ներսումը ծառայելու ժամանակ։ 18  Կտաւի ապարօշներ պիտի լինեն նորանց գլխին եւ կտաւի վարտիքներ՝ նորանց երանքների վերայ. քրտնեցնող գոտի պիտի չ’կապեն։ 19  Եւ դրսի գաւիթը գնալիս երբոր դուրս են գալիս դրսի գաւիթը ժողովրդի մօտ՝ պէտք է այն հանդերձները հանեն, որոնցով նորանց պաշտօն են մատուցանում, եւ նորանց պիտի սուրբ սենեակներումը դնեն, եւ ուրիշ հանդերձներ հագնեն, որպէս զի ժողովուրդը չ’սրբեն իրանց հանդերձներովը։ 20  Եւ իրանց գլուխը պիտի չ’ածիլեն եւ իրանց վարսերը չ’երկարացնեն. իրանց գլխի մազերը պէտք է անպատճառ խուզեն։ 21  Եւ բնաւ պիտի գինի չ’խմեն քահանաները երբոր ներքին գաւիթն են գալիս։ 22  Եւ որբեւայրին ու արձակուածը իրանց համար կին չ’առնեն, այլ Իսրայէլի տան սերունդից եղող կոյսը, կամ այն որբեւայրին որ մի քահանայից որբեւայրի է մնացել, առնեն։ 23  Եւ իմ ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերութիւնը , եւ պիղծի ու մաքուրի տարբերութիւնը պիտի հասկացնեն նորանց։ 24  Եւ դատերի վերայ նորանք պէտք է կենան դատելու համար իմ դատաստաններումը եւ նորանց դատեն իմ օրէնքովը եւ իմ կանոններովը, եւ իմ տօները պիտի պահեն եւ շաբաթները սրբեն։ 25  Եւ մեռած մարդի մօտ պիտի չ’գնան որ չ’պղծուին, այլ միայն իր հօր եւ մօր, տղու եւ աղջկայ, եղբօր եւ քրոջ մօտ գնան որ մարդի չէ գնացած, դորանց մեռած դիակի մօտ թող պղծուին։ 26  Եւ մէկը իր մաքրուելուց յետոյ եօթը օր համարէ իրան համար։ 27  Եւ նա սրբարանը ներսի գաւիթը սրբարանում պաշտօն մատուցանելու մտած օրը, նա պիտի մատուցանէ իր մեղքի պատարագը, ասում է Տէր Եհովան։ 28  Եւ սան նորանց համար ժառանգութին լինի՝ ես եմ նորանց ժառանգութիւնը. եւ նորանց կալուածք չը տաք Իսրայէլումը. ես եմ նորանց կալուածքը։ 29  Հացի ընծան, մեղքի պատարագը եւ յանցանքի պատարագը նորանք պիտի ուտեն. եւ Իսրայէլի մէջ ամեն նուիրուածը նորանցը պիտի լինի։ 30  Եւ ամեն բանի բոլոր երախայրիների առաջինը, եւ ամեն բանի բոլոր ընծան ձեր բոլոր ընծաներից քահանաներինը լինի. եւ ձեր ցորենեղէնների երախայրիները տուէք քահանային, որ օրհնութիւնը հանգչէ քո տան վերայ։ 31  Ոչ մի մեռած կամ գազանաբէկ, թէ թռչուն թէ անասուն, պիտի չ’ուտեն քահանաները։

Ծանոթագրություններ