Եզեկիել 47։1-23

47  Եւ ինձ ետ դարձրեց այն մուտքը, եւ ահա ջուրեր էին դուրս գալիս տան սեմի տակից արեւելեան կողմից. որովհետև տան երեսը դէպի արւելքն էր. եւ ջրերը իջնում էին տան աջ կողմի տակի սեղանի հարաւային կողմիցը։  Եւ ինձ դուրս տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը եւ շուռ ածեց դուրսի ճանապարհովը դէպի դուրսի դուռը դէպի արեւելք նայող ճանապարհովը. եւ ահա ջրեր էին բղխում աջ կողքիցը։  Մարդը դէպի արեւելք դուրս գնալիս մի լար ունէր ձեռքին, եւ հազար կանգուն չափեց, եւ ինձ անց կացրեց ջրերովը. ջրերը մինչեւ գարշապարներս էին։  Եւ նա չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց ջրերովը. ջրերը մինչեւ ծունկերս էին, եւ չափեց հազար էլ, եւ ինձ անց կացրեց. ջրերը մինչեւ մէջքս էին։  Եւ չափեց հազար էլ. մի գետ որով չ’կարողացա անց կենալ, որովհետեւ ջրերը յորդել էին, լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ որ չէր կարելի անց կենալ։  Եւ ինձ ասեց. տեսնո՞ւմ ես, մարդի որդի. եւ ինձ տարաւ ման ածեց գետի եզերքին։  Եւ ես ման էի գալիս, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից եւ այն կողմից։  Եւ ինձ ասեց. Այս ջրերը դուրս են գալիս դէպի արեւելեան գաւառը եւ իջնում են անապատը եւ գնում են ծովը. դուրս են տարվում ծովը, որ առողջանա նորա ջրերը։  Եւ պիտի լինի որ ամեն կենդանի շունչ, որ շարժում է այն ամեն տեղերում ուր որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրէ, եւ ձուկը խիստ շատ պիտի լինի. որովհետեւ այս ջրերը այնտեղ պիտի գնան, եւ նորանք պիտի բժշկուին, եւ ամենքը պիտի կենդանանան ուր որ գետը գնայ։ 10  Եւ պիտի լինի որ նորա վերայ ձկնորսներ պիտի կանգնեն, Ենգադդիից մինչեւ Ենեգլայիմ ուռկաններ փռելու տեղ պիտի լինի. նորանց ձկները ըստ տեսակին են լինելու, մեծ ծովի ձկներին չեփ խիստ շատ են լինելում։ 11  Նորա տիղմերը եւ նորա ճահիճները չեն բժշկուելու, աղի համար պիտի մնան։ 12  Եւ գետի վերայ նորա եզերքին պիտի այս կողմից եւ այն կողմից ամեն տեսակ պտղաբեր ծառեր բուսնեն. նորանց տերեւը չի թառամիլ եւ նորանց պտուղը չի վերջանալ. ամեն ամիս պտուղ պիտի տայ, որովհետեւ նորա ջրերը սրբարանիցն են դուրս գալիս. եւ նորանց պտուղը ուտելու համար է եւ նորանց տերեւները՝ բժշկութեան համար։ 13  Այսպէս է ասում Տէր Եհովան. Սա է այն երկրի սահմանը, որը պիտի ժառանգէք Իսրայէլի տասնեւերկու ցեղերին համեմատ. Յովսէփին երկու բաժին։ 14  Եւ նորան ամեն մարդ իր ընկերին պէս պիտի ժառանգէ, որի համար իմ ձեռքը երդմամբ բարձրացրի որ տամ ձեր հայրերին. եւ այս երկիրը ձեզ պիտի ընկնէ իբրեւ ժառանգութիւն։ 15  Եւ սա է երկրի սահմանը. դէպի հիւսիսային կողմը մեծ ծովից Եթլոնի ճանապարհը միչեւ Սեդադ։ 16  Եմաթ, Բերոթա, Սիբրայիմ, որ Դամասկոսի սահմանի եւ Եմաթի սահմանի մէջտեղն է, միջի Ասերը որ Աւրանի սահմանն է։ 17  Եւ սահմանը լինի ծովից Ասար–ենան՝ Դամակոսի սահմանը, եւ հիւսիսի նկատմամբ դէպի հիւսիս եւ Եմաթի սահմանը. սա է հիւսիսային կողմը։ 18  Եւ արեւելեան կողմը Աւրանի միջից՝ եւ Դամասկոսի միջից եւ Գաղաադի միջից եւ Իսրայէլի երկրի միջից՝ Յորդանանը. սահմանիցը չափեցէք մինչեւ արեւելեան ծովը. սա է արեւելեան կողմը։ 19  Եւ հարաւային կողմը դէպի հարաւ Թամարից մինչեւ Կադէսի Վիճաբանութեան ջրերը. հեղեղատովը մինչեւ Մեծ ծովը. եւ դէպի հարաւային կողմը. սա է՝ հարաւը։ 20  Եւ արեւմտեան կողմը՝ Մեծ ծովը սահմանիցը մինչեւ Եմաթի դիմացը. սա է արեւմտեան կողմը։ 21  Եւ բաժանեցէք այս երկիրը ձեզ համար Իսրայէլի ցեղերի վերայ. 22  Եւ պիտի լինի որ վիճակով պիտի բաժանէք նորան ձեզ համար եւ ձեր միջումը պանդխտացող օտարականների համար, որոնք ձեր մէջ որդիք են ծնել, եւ նորանք ձեզ համար բնակների պէս պիտի լինեն Իսրայէլի որդկանց մէջ. նորանք ձեզ հետ պիտի ժառանգեն Իսրայէլի ցեղերի մէջ։ 23  Եւ ո՛ր ցեղի մէջ որ օտարականը պանդխտացել է, այնտեղ պիտի տաք նորա ժառանգութիւնը, ասում է Տէր Եհովան։

Ծանոթագրություններ