Եզեկիել 6։1-14

6  Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.  Մարդի որդի, երեսդ դարձրու դէպի Իսրայէլի սարերը եւ մարգարէացիր նորանց դէմ,  Եւ ասիր. Ով Իսրայէլի սարեր, լսեցէք Տէր Եհովայի խօսքը, այսպէս է ասում Տէր Եհովան սարերին ու բլուրներին, ձորերին ու հովիտներին. Ահա ես ձեզ վերայ սուր պիտի բերեմ. եւ պիտի կորցնեմ ձեր բարձրաւանդակները.  Եւ աւերակ պիտի դառնան ձեր սեղանները եւ պիտի փշրուին ձեր արեգական կուռքերը, եւ ձեր սպանուածներին պիտի գցեմ ձեր կուռքերի առաջին։  Եւ Իսրայէլի որդկանց դիակները պիտի դնեմ իրանց կուռքերի առաջին, եւ պիտի ցրիւ տամ ձեր ոսկորները ձեր սեղանների շուրջերը։  Ձեր ամեն բնակութիւններումը քաղաքները պիտի աւերակ դառնան. եւ բարձրաւանդակները՝ ամայանան. որպէս զի աւերակ ու ամայի դառնան ձեր սեղանները, եւ փշրուին ու խափանուին ձեր կուռքերը, եւ ձեր արեգական կուռքերը կտորուին եւ ձեր արարքները ջնջուին։  Եւ սպանուած պիտի վայր ընկնէ ձեր մէջ, որ իմանաք թէ ես եմ Տէրը։  Եւ ես աւելորդ պիտի թողեմ որ մնան ձեզ համար՝ սուրից ազատուածներ ազգերի մէջ, երբոր դուք ցրուած կ’լինէք ազգերի մէջ, երբոր դուք ցրուած կ’լինէք երկիրների մէջ։  Եւ ձեր ազատուածները պիտի յիշեն ինձ ազգերի մէջ, ուր որ նորանք գերի են տարուել, որ կոտրեմ նորանց շնացող սիրտը, որ հեռացել է ինձանից, եւ նորանց աչքերը որոնք շնացան իրանց կուռքերի ետեւից. եւ նորանք պիտի զզուին իրանցից այն չարութիւնների համար, որ արին իրանց բոլոր պղծութիւնների նկատմամբ։ 10  Եւ պիտի իմանան, որ ես եմ Տէրը, որ ի զուր չեմ խօսել, թէ պիտի անեմ նորանց այս չարիքը։ 11  Այսպէս է ասում Տէր Եհովան. Զարկիր ձեռքերովդ եւ ոտներովդ տրոփիր, եւ ասիր. Աւա՜ղ Իսրայէլի տան բոլոր պղծութիւններին, որ սրով, սովով եւ ժանտախտով պիտի ընկնեն։ 12  Հեռին ժանտախտով պիտի մեռնէ, եւ մօտիկը սրով պիտի ընկնէ, եւ մնացածն ու պաշարուածը սովով պիտի մեռնէ, եւ ես պիտի կատարեմ իմ բարկութիւնը նորանց վերայ։ 13  Եւ պիտի գիտենաք որ ես եմ Տէրը, երբոր նորանց սպանուածները կ’լինեն իրանց կուռքերի մէջտեղը, իրանց սեղանների շուրջերը, ամեն բարձր բլուրի վերայ՝ սարերի բոլոր գլխներին եւ ամեն կանաչ ծառի տակ եւ ամեն տերեւախիտ բեւեկնիի տակ, այնտեղ ուր անուշահոտ խունկ էին մատուցանում իրանց ամեն կուռքերին։ 14  Այսպէս իմ ձեռքը պիտի մեկնեմ նորանց վերայ, եւ երկիրը պիտի աւերակ ու աւերեալ շինեմ, Դիբլաթի անապատից աւելի, նորանց բոլոր բնակութիւններումը. եւ կ’իմանան որ ես եմ Տէրը։

Ծանոթագրություններ