Եզեկիել 8։1-18

8  Եւ եղաւ որ վեցերորդ տարին վեցերորդ ամսի հինգին ես նստած էի տանս, եւ Յուդայի ծերերը նստած էին իմ առաջին, եւ այնտեղ Տէր Եհովայի ձեռքը ընկաւ ինձ վերայ։  Եւ մտիկ արի եւ ահա մի կերպարանք՝ կրակի երեւույթով, նորա երանքի կերպարանքից դէպի ցած կրակ էր, եւ նորա երանքից դէպի վեր մի փառաւոր կերպարանք հրահալքի տեսքով։  Եւ նա մի ձեռքի նմանութիւն մեկնեց եւ բռնեց իմ գլխի վարսիցը, եւ հոգին վերացրեց ինձ երկրի ու երկնքի մէջտեղը, եւ տարաւ ինձ Երուսաղէմ Աստուծոյ տեսիլքներով ներքին դռան մուտքը, որ նայում է դէպի հիւսիս, ուր որ նստած էր Նախանձի կուռքը՝ նախանձ գրգռողը։  Եւ ահա այնտեղ էր Իսրայէլի Աստուծոյ փառքը, այն տեսիլքի պէս, որ տեսել էի դաշտումը։  Եւ ինձ ասեց. Մարդի որդի, աչքերդ բարձրացրու դէպի հիւսիս. եւ ես բարձրացրի աչքերս դէպի հիւսիս, եւ ահա սեղանի դռան հիւսիսային կողմին կար այդ Նախանձի կուռքը մուտքումը։  Եւ նա ասեց ինձ. Մարդի որդի, տեսնո՞ւմ ես դու, թէ դորանք ի՞նչ են անում, այդ մեծամեծ պղծությունները, որ Իսրայէլի տունը անում է այստեղ որ ես հեռանամ իմ սրբարանից, բայց էլի դարձիր տես աւելի մեծ պղծութիւններ։  Եւ ինձ տարաւ գաւիթի դուռը, եւ ես մտիկ տուի, եւ ահա մի ծակ կար պատի վերայ։  Եւ ասեց ինձ. Մարդի որդի քանդիր այս պատը. եւ ես քանդեցի պատը, եւ ահա մէկ մուտք կար։  Եւ նա ասեց ինձ. Եկ եւ տես այն գէշ պղծութիւնները, որ նորանք անում են այստեղ։ 10  Եւ ես մտայ ու տեսայ եւ ահա ամեն սողունների եւ գարշելի անասունների նմանութիւններ, եւ Իսրայէլի տան բոլոր կուռքերը պատին վերայ փորուած շուրջանակի շուրջով։ 11  Եւ եօթանասուն մարդիկ Իսրայէլի տան ծերերից եւ Սափանի որդի Յեղոնիան նորանց մէջ կանգնած, որոնք կանգնած էին նորանց առաջին. եւ ամեն մէկը բուրվառը ձեռքին, եւ խունկի ծուխի ամպը վեր էր բարձրանում։ 12  Եւ ինձ ասեց. Մարդի որդի, տեսո՞ւմ ես ինչ են անում Իսրայէլի տան ծերերը խաւարում, ամեն մարդ իր նկարների սենեակներումը, որովհետեւ ասում են թէ Տէրը մեզ չէ տեսնում, Տէրը թողել է երկիրը։ 13  Եւ ասեց ինձ. Էլի դարձիր տես աւելի մեծ պղծութիւններ, որ նորանք անում են։ 14  Եւ ինձ տարաւ Տիրոջ տան դռան մուտքը, որ դէպի հիւսիս էր. եւ ահա այնտեղ կանայք էին նստել, որ լաց էին լինում Թամուզի վերայ։ 15  Եւ ասեց ինձ. Տեսնո՞ւմ ես, մարդի որդի. էլի դարձիր տես սորանցից աւելի մեծ պղծութիւններ։ 16  Եւ ինձ տարաւ Տիրոջ տան ներքին գաւիթը, եւ ահա Տիրոջ տաճարի մուտքումը սրահի եւ սեղանի մէջտեղը քսանեւհինգ մարդի չափ կային, քամակները դէպի Տիրոջ տաճարը եւ երեսները դէպի արեւելք արեգակին։ 17  Եւ ինձ ասեց. Տեսնո՞ւմ ես, մարդի որդի, մի՞թէ թեթեւ բան է Յուդայի տան համար անել այս պղծութիւնները, որ անում են այստեղ, որ լցրել են երկիրը բռնութիւնով եւ ետ են դառել ինձ բարկացնելու համար, եւ ահա նորանք ճիւղը մեկնում են դէպի իրանց քիթը։ 18  Եւ ես էլ պէտք է անեմ սրտմտութիւնով. աչքս պիտի չ’խնայէ, եւ ես պիտի չ’ողորմեմ. եւ նորանք պիտի կանչեն իմ ականջներին մեծ աղաղակով, բայց չեմ լսելու։

Ծանոթագրություններ