Եզրաս 4։1-24

4  Եւ երբոր Յուդայի եւ Բենիամինի թշնամիները լսեցին, որ գերութիւնից եկողներն Իսրայէլի Տէր Աստուծոյ համար տաճար են շինում,  Մօտեցան Զօրաբաբէլին եւ տոհմապետներին եւ ասեցին նորանց. Մենք էլ ձեզ հետ շինենք, որովհետեւ մենք էլ ձեզ պէս ձեր Աստուծոյն ենք խնդրում, եւ նորան ենք զոհ մատուցանում Ասորեստանի Ասորդան թագաւորի օրերիցն ի վեր, որ մեզ այստեղ բերաւ.  Եւ նորանց ասեցին Զօրաբաբէլը եւ Յեսուն եւ Իսրայէլի միւս տոհմապետները. Ձեզ եւ մեզ չի վայելիլ միասին շինել մեր Աստուծոյ տունը, այլ մենք մինակ պիտի շինենք Իսրայէլի Տէր Աստուծոյ համար, ինչպես որ մեզ պատուիրել է Պարսից թագաւոր՝ Կիւրոս թագաւորը:  Եւ այն երկրի ժողովուրդը թուլացնում էր Յուդայի ժողովրդի ձեռքերը եւ խափանում էր նրանց շինելուց:  Եւ նորանց դէմ խորհրդականներ էին վարձում նորանց խորհուրդը խափանելու համար Պարսից Կիւրոս թագաւորի բոլոր օրերումը եւ մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորելը:  Եւ Ասուերոսի թագաւորութեան ժամանակին՝ նորա թագաւորութեան սկզբումը ամբաստանութեան գիր գրեցին Յուդայի եւ Երուսաղէմի բնակիչների դէմ:  Եւ Արտաշէսի օրերումը Բեսեղամը, Միթրիդատը, Տաբէէլը եւ միւս ընկերները գրեցին Պարսից Արտաշէս թագաւորին, եւ նամակի գիրը Ասորերէն եւ մեկնութիւնն էլ Ասորերէն էր:  Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը մէկ թուղթ գրեցին Արտաշէս թագաւորին Երուսաղէմի դէմ այս կերպով:  Այն ժամանակ նամակն ուղարկեցին Հռէում խորհրդապետը եւ Սամսայ ատենադպիրը եւ նորանց միւս ընկերները՝ Դինացիք, Ափարսաթաքացիք, Տարփաղեցիք, Ափերսացիք, Արքուեցիք, Բաբիլոնացիք, Շուշանացիք, Դաւեցիք, Եղամացիք, 10  Եւ մնացած ազգերը որոնց փոխադրեց մեծ եւ պատուական Ասենափարը եւ բնակեցրեց Սամարիայի քաղաքումը, եւ միւսները որ Գետի այս կողմին են եւ այլն. 11  Ահա այն նամակի պատճէնը որ ուղարկեցին նորան. Արտաշէս թագաւորիդ, քո ծառաները՝ Գետի այս կողմի մարդիկս եւ այլն. 12  Թագաւորիդ յայտնի լինի, որ այն Հրէաները որ քո մօտիցը դուրս եկան, եկել են մեզ մօտ՝ Երուսաղէմ, շինում են այդ ապստամբ եւ զզուելի քաղաքըի, եւ նորա պարիսպները նորոգում են, եւ հիմերը դրել են: 13  Հիմա յայտնի լինի թագաւորիդ, որ եթէ քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, նորանք հարկ, տուրք եւ մաքս չեն տալ, եւ վերջը վնաս կ’բերէ թագաւորներին: 14  Արդ որովհետեւ ամենքս պալատիցն ենք ստանում մեր ապրուստը*, եւ մեզ չի վայելիլ թագաւորիդ վնասը տեսնել, վասն որոյ ուղարկում եւ յայտնում ենք թագաւորիդ, 15  Որ որոնեն քո հայրերի յիշատակաց գրքերումը եւ դու կ‘իմանաս որ այս քաղաքը մի ապստամբ քաղաք է եղել՝ եւ թագաւորին ու գաւառներին վնասակար, եւ դաւաճանութիւն է եղած նորանում հին ժամանակներից, եւ դորա համար այդ քաղաքը աւերակ է դարձել: 16  Մենք իմացնում ենք թագաւորիդ, որ եթէ այս քաղաքը շինուի եւ նորա պարիսպները նորոգուին, այս պատճառով քեզ բաժին չի լինիլ Գետի այս կողմին: 17  Թագաւորը պատգամ ուղարկեց Հռէում խորհրդապետին եւ Սամսայ ատենադպրին եւ նորանց միւս ընկերներին որ բնակվում էին Սամարիայում, եւ Գետի այն կողմի եղող մնացածներին. 18  Ողջոյն եւ այլն. Նամակը, որ մեզ ուղարկել էիք, յայտնապէս կարդացուեցաւ իմ առաջին. 19  Եւ ես հրաման, եւ որոնեցին եւ գտան, որ այդ քաղաքը հին ժամանակներից թագաւորների դէմ է կացել, եւ դորա մէջ ապստամբութիւն եւ դաւաճանութիւն է եղել. 20  Եւ զօրաւոր թագաւորներ են եղել Երուսաղէմում, որ տիրել են Գետի բոլոր այդ կողմին. եւ հարկ, տուրք եւ մաքս է տրուել նորանց: 21  Հիմա հրաման արէք, որ այն մարդկանցն արգելեն, եւ այդ քաղաքը չ‘շինուի մինչեւ որ իմ կողմանէ հրաման տրուի: 22  Եւ զգոյշ եղիք որ այս մասին անհոգ չ‘լինիք: Ի՞նչու չարիքը մեծանայ թագաւորներին վնասելու համար: 23  Երբոր Արտաշէս թագաւորի նամակի պատճէնը կարդացուեցաւ Հռէումի եւ Սամսայ ատենադպրի եւ նորանց ընկերների առաջին, իսկոյն շտապելով գնացին Երուսաղէմ Հրէաների մօտ եւ խափանեցին նորանց բռնութեամբ եւ ուժով: 24  Այն ժամանակ խափանուեցաւ Երուսաղէմում եղող Աստուծոյ տան գործը, եւ խափանումը մնաց մինչեւ Պարսից Դարեհ թագաւորի թագաւորութեան երկրորդ տարին:

Ծանոթագրություններ

4։14 Քաղտ.՝ աղը։