Եզրաս 7։1-28

7  Եւ այս բաներից յետոյ Պարսից թագաւոր Արտաշէսի թագաւորութեան ժամանակին Եզրասը՝ որդի Սարայիայի, որդի Ազարիայի, որդի Քեղկիայի,  Որդի Սեղղումի, որդի Սադովկի, որդի Աքիտովբի,  Որդի Ամարիայի, որդի Ազարիայի, որդի Մարիօթի,  Որդի Զարիայի, որդի Ոզիի, որդի Բոկկիի,  Որդի Աբիսուայի, որդի Փենէհեսի, որդի Եղիազարի, որդի քահանայապետ Ահարօնի.  Այս Եզրասը վեր եկաւ Բաբիլոնից, եւ նա ժիր դպիր էր Մովսէսի օրէնքումը որ Իսրայէլի Տէր Աստուածը տուել էր. եւ իր Տէր Աստուծու ձեռքը նորա վերայ լինելուն համար՝ թագաւորը տուել էր նորան նորա բոլոր խնդրածը:  Եւ Իսրայէլի որդկանցից եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ երգիչներից եւ դռնապաններից եւ Նաթանայիմներից ոմանք վեր գնացին Երուսաղէմ Արտաշէս թագաւորի եօթներորդ տարին:  Եւ նա Երուսաղէմ եկաւ հինգերորդ ամսումը, թագաւորի եօթներորդ տարումը:  Որովհետեւ առաջին ամսի մէկին սկսեց Բաբիլոնից ետ դառնալը, եւ հինգերորդ ամսի մէկին եկաւ Երուսաղէմ, որովհետեւ իր Աստուծոյ բարի ձեռքն իր հետն էր: 10  Նորա համար որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան: 11  Եւ ահա այն նամակի պատճէնը, որ Արտաշէս թագաւորը տուաւ Եզրաս քահանայ դպրին, որ դպիր էր Տիրոջ Իսրայէլի մասին ասուած պատուիրանքներումը եւ նորա օրէնքումը: 12  Թագաւորների թագաւոր Արտաշէսը՝ Եզրաս քահանային երկնքի Աստուծոյ օրէնքի կատարեալ դպրին, եւ այլն. 13  Ինձանից հրաման է տրվում, որ իմ թագաւորութիւնում եղող Իսրայէլի ժողովրդիցը եւ նորա քահանաներիցը եւ Ղեւտացիներիցն ամեն ով որ հաճէ Երուսաղէմ գնալ՝ քեզ հետ գնայ: 14  Որովհետեւ դու ուղարկվում ես թագաւորի եւ նորա եօթը խորհրդականների կողմից, որ քննես Յուդան եւ Երուսաղէմը քո Աստուծոյ օրէնքովը որ քո ձեռքին է: 15  Եւ տանես այն արծաթն ու ոսկին որ յօժարակամ տուին թագաւորը եւ նորա խորհրդականները Իսրայէլի Աստուծուն որի բնակութիւնը Երուսաղէմումն է, 16  Եւ այն ամեն արծաթն ու ոսկին որ գտար Բաբիլոնի բոլոր գաւառումը, այն կամաւոր ընծաների հետ որ ժողովուրդն ու քահանաները նուիրում են իրանց Աստուծոյ տան համար որ Երուսաղէմումն է. 17  Որպէսզի շուտով այն փողովը զուարակներ, խոյեր, գառներ, եւ նորանց հացի նուէրները եւ թափելու նուէրները ծախու առնես, եւ նորանց մատուցանես ձեր Աստուծոյ տան սեղանի վերայ որ Երուսաղէմումն է: 18  Եւ ինչ որ քեզ եւ քո եղբայրներին հաճելի լինի, մնացած արծաթովն ու ոսկիովն անել՝ ձեր Աստուծոյ կամացն համեմատ արէք: 19  Եւ այն անօթները որ քեզ տրուեցան քո Աստուծոյ տան պաշտօնի համար, յանձնիր Երուսաղէմումն Աստուծոյ առաջը: 20  Եւ ուրիշ ինչ որ քո Աստուծոյ տան համար պէտք լինի, որ քեզ վայել է տալ, տուր թագաւորի գանձատունիցը: 21  Եւ ինձանից՝ Արտաշէս թագաւորիցս հրաման է տրվում բոլոր գանձապետներիդ որ Գետի այդ կողմին էք, որ ամեն ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստուծոյ օրէնքի դպիրը ձեզանից ուզէ, շուտով կատարուի. 22  Մինչեւ հարիւր տաղանդ արծաթ, մինչեւ հարիւր քոռ ցորեն, եւ մինչեւ հարիւր մար իւղ, եւ աղ՝ առանց գրելու: 23  Ամեն ինչ որ երկնքի Աստուածը հրամայել է, ճիշտ կատարուի երկնքի Աստուծոյ տան համար, որ բարկութիւնը չ‘գայ թագաւորութեանը, թագաւորի եւ նորա որդիների վերայ: 24  Եւ ձեզ իմացնում ենք, որ քահանաներից եւ Ղեւտացիներից, երգեցողներից, դռնապաններից, Նաթանայիմներից եւ այս Աստուծոյ տան սպասաւորներից ոչ մէկի վերայ իրաւունք չ‘կայ որ հարկ, տուրք եւ մաքս դնէ: 25  Եւ դու, ով Եզրաս, քո Աստուծոյ իմաստութեամբը, որ քեզանում է, դատաւորներ եւ իշխաններ դիր, որ դատեն Գետի այն կողմին եղող ժողովրդին, այսինքն քո Աստուծոյ օրէնքը գիտացողներին. եւ ով որ չ’գիտէ, նորան սովորեցրէք: 26  Բայց ամեն ով որ չէ կատարում քո Աստուծոյ օրէնքը եւ թագաւորի օրէնքը, իսկոյն նորան դատաստան անուի կամ մահով, կամ աքսորով, կամ տուգանքով եւ կամ բանտարկութեամբ: 27  Օրհնեալ լինի մեր հայրերի Տէր Աստուածը, որ այսպիսի միտք դրաւ թագաւորի սրտումը Երուսաղէմումն եղող Տիրոջ տունը փառաւորելու. 28  Եւ ինձ վերայ դարձրեց թագաւորի եւ նորա խորհրդականների եւ թագաւորի բոլոր զօրաւոր իշխանների շնորհքը:  Եւ ես զօրացայ, որովհետեւ իմ Տէր Աստուծոյ ձեռքը ինձ վերայ էր, եւ Իսրայէլից իշխաններ հաւաքեց ինձ հետ գնալու համար:

Ծանոթագրություններ