Եզրաս 9։1-15

9  Եւ երբոր սորանք վերջացան, իշխաններն ինձ մօտեցան եւ ասեցին. Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաները եւ Ղեւտացիները չեն ջոկուել այս երկիրների ազգերիցը, այլ Քանանացիների, Քետացիների, Փերեզացիների, Յեբուսացիների, Ամմոնացիների, Մովաբացիների, Եգիպտացիների եւ Ամօրհացիների պղծութիւնների պէս են անում.  Որովհետեւ նորանց աղջիկներիցն առել են իրանց համար եւ իրանց որդկանց համար, եւ սուրբ սերունդը խառնուել է այս երկիրների ժողովուրդների հետ. նաեւ իշխաններն ու ոստիկաններն այս անօրէնութեան մէջ առաջինն էին:  Եւ հէնց որ ես լսեցի այս բանը, պատառեցի իմ հանդերձը եւ վերարկուն, եւ փետեցի գլխիս եւ մօրուքիս մազերը եւ ապշած նստեցի:  Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը:  Եւ երեկոյեան զոհին վեր կացայ իմ տառապանքիցը եւ իմ պատառուած հանդերձովն ու վերարկուովը ծունկի վերայ իջայ եւ ձեռքերս տարածեցի դէպի իմ Տէր Աստուածը.  Եւ ասեցի. Ով իմ Աստուած, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը:  Մեր հայրերի օրերիցն ի վեր մենք մեծ մեղքի մէջ ենք մինչեւ այսօր. եւ մեր անօրէնութիւնների համար մենք, մեր թագաւորները, մեր քահանաները մատնուեցանք, երկիրների թագաւորների, սուրի, գերութեան, յափշտակութեան եւ սեւերեսութեան ձեռքը ինչպէս որ այսօր կայ:  Եւ արդ մի փոքր վայրկեան ողորմութիւն եղաւ մեր Տէր Աստուածանից, որ մեզ համար փրկուածներ են մնացել, եւ մեզ հաստատել տուաւ իր սրբութեան տեղումը, որ մեր աչքերը լուսաւորել է մեր Աստուածը, եւ մեզ մի փոքր կենդանութիւն է տուել մեր ծառայութեան մէջ:  Որովհետեւ մենք ծառաներ ենք, բայց մեր ծառայութեան մէջ էլ չ’ձգեց մեզ մեր Աստուածը, եւ Պարսից թագաւորների շնորհքը մեզ վերայ դարձրեց, որ մեզ հանգստութիւն տան մեր Աստուծոյ տունը կանգնեցնելու եւ նորա աւերակները վերականգնելու եւ Յուդայում ու Երուսաղէմում մեզ մի պարսպաւոր տեղ տալու համար: 10  Եւ արդ՝ ի՞նչ ասենք, ով մեր Աստուած, այս բաներից յետոյ, որ մենք թողել ենք քո պատուիրանքները, 11  Որ քո ծառայ մարգարէների ձեռովը պատուիրեցիր ասելով. Այն երկիրը, որ որ գնում էք նորան ժառանգելու համար, գարշելի երկիր է՝ երկիրների ազգերի գարշութիւններովը եւ նորանց պղծութիւններովը, որոնցով լցրել են նորան ծայրէ ի ծայր իրանց անմաքրութիւնովը: 12  Ուրեմն ձեր աղջկերքը չ’տաք նորանց որդկանցը, եւ նորանց աղջկերքը չ’առնէք ձեր որդկանց համար, եւ նորանց խաղաղութիւնը եւ բառութիւնը չ’ուզէք յաւիտեան, որպէս զի զօրանաք եւ ուտէք երկրի բարիքը, եւ ձեր որդկանց համար յաւիտեան ժառանգութիւն թողէք նորան: 13  Եւ այս բոլորը մեր չար գործքերի եւ մեր մեծ յանցանքի պատճառով մեզ վերայ գալուց յետոյ (թէպէտ եւ դու, ով մեր Աստուած, մեզ խնայել ես մեր անօրէնութիւնից շատ եւ մեզ այսպէս փրկուածներ ես տուել), 14  Արդե՞ոք կրկին քո պատուիրանքները զանց անենք, եւ այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք. մի՞թէ չես բարկանալ մեզ վերայ, որ մեզ սպառես մինչեւ որ մնացորդ եւ փրկուած չ’լինի: 15  Ով Տէր Աստուած Իսրայէլի, դու արդար ես. որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկուած մնացինք. ահա մենք քո առաջին ենք մեր յանցանքովը, թէեւ այս պատճառովը քո առաջին կանգնել չի լինիլ:

Ծանոթագրություններ