Ելք 16։1-36

16  Եւ չուեցին Եղիմիցը, եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը եկան Սին անապատը՝ որ Եղիմի ու Սինայի մէջտեղն է, նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ ամսուայ տասնեւհինգերորդ օրը:  Եւ Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը անապատումը Մովսէսի եւ Ահարօնի դէմ տրտունջ արին.  Եւ Իսրայէլի որդիքն ասեցին նորանց. Երանի թէ Եհովայի ձեռքովը մեռած լինէինք Եգիպտոսի երկրումը, երբոր մսի կաթսաների մօտ նստած էինք եւ կուշտ հաց էինք ուտում, որովհետեւ մեզ այս անապատը հանեցիք, որ բոլոր այս ժողովքը սովածութիւնից մեռցնէք:  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ահա ես ձեզ երկնքիցը հաց պիտի տեղամ, եւ ժողովուրդը վեր կենայ՝ եւ օրուայ պէտք եղածը նոյն օրը ժողովէ, որ փորձեմ նորանց թէ իմ օրէնքի համեմատ պիտի գնան՝ թէ ոչ:  Եւ լինի որ վեցերորդ օրը, երբոր իրանց բերածը պատրաստեն, նա նորանց ամեն օրուայ ժողովածների կրկինը լինի:  Եւ Մովսէսն ու Ահարօնն ասեցին Իսրայէլի բոլոր որդիներին. Այս իրիկուն կ’իմանաք, որ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանողը Եհովան է:  Եւ առաւօտը կ’տեսնէք Եհովայի փառքը, որովհետեւ Եհովայի դէմ ձեր արած տրտունջը ինքը լսեց. եւ մենք ո՞վ ենք՝ որ մեզ դէմ տրտնջում էք:  Եւ Մովսէսն ասեց. Եհովան ձեզ իրիկունը ուտելու միս եւ առաւօտը կշտանալու չափ հաց տալիս՝ Եհովան լսած է իր դէմ ձեր արած տրտունջը. եւ մենք ո՞վ ենք. ձեր տրտունջը մեզ դէմ չէ, այլ Եհովայի դէմ:  Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Իսրայէլի որդիների բոլոր ժողովքին ասիր, Եհովայի առաջին մօտեցէք. որովհետեւ ձեր տրտունջը լսեց: 10  Եւ եղաւ որ Ահարօնը Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի հետ խօսելիս, դէպի անապատը նայեցին, եւ ահա Եհովայի փառքը ամպի մէջ երեւաց: 11  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 12  Իսրայէլի որդիների տրտունջը լսեցի. խօսիր նորանց հետ ասելով. Իրիկուայ դէմ միս պիտի ուտէք, եւ առաւօտանց հացով պիտի կշտանաք. եւ կ’իմանաք թէ ես եմ Եհովան՝ ձեր Աստուածը: 13  Եւ եղաւ իրիկունը, որ լորամարգիներ ելան եւ բանակը ծածկեցին եւ առաւօտանց բանակի շուրջը ցօղ իջաւ: 14  Եւ երբոր իջած ցօղը վերացաւ, ահա անապատի երեսի վերայ մանր թեփաձեւ մի բան կար՝ եղեամի պէս մանր գետնի վերայ: 15  Եւ Իսրայէլի որդիքը տեսան, եւ իրար ասեցին. Ի՞նչ է սա.* որովհետեւ չ’գիտէին թէ ինչ էր. եւ Մովսէսն ասեց նորանց. Սա այն հացն է, որ Եհովան տուաւ ձեզ ուտելու: 16  Եհովայի պատուիրած բանը այս է. ժողովեցէք նորանից ամեն մէկն իր կերածի չափ, մարդագլուխ մէկ օմէր՝ ամեն մէկն իր վրանի մէջ եղողների համար՝ ձեր հոգիների թիւին նայելով: 17  Եւ Իսրայէլի որդիքն այնպէս արին. եւ որը շատ, եւ որը քեչ ժողովեց: 18  Եւ օմէրով չափում էին, շատ ունեցողինը չ’աւելացաւ, եւ քեչ ունեցողինը չ’պակասեց. ամեն մէկն իր կերածի չափ ժողովեց: 19  Եւ Մովսէսն ասեց նորանց. Ոչ մէկը նորանից մինչեւ առաւօտը չ’պահէ: 20  Բայց չ’լսեցին Մովսէսին, այլ ոմանք թողեցին նորանից մինչեւ առաւօտ, եւ որդնոտեց եւ հոտեց. եւ Մովսէսը բարկացաւ նորանց վերայ: 21  Եւ ամեն առաւօտ ժողովում էին նորանից ամեն մէկն իր կերածի չափ. ու արեւը տաքանալիս հալում էր: 22  Եւ եղաւ որ, վեցերորդ օրը կրկնապատիկ ուտելիք՝ այսինքն ամեն մէկի համար երկու օմէր ժողովեցին, եւ ժողովքի բոլոր իշխանները եկան եւ պատմեցին Մովսէսին: 23  Եւ նա ասեց նորանց. Այս է Եհովայի ասածը, էգուց հանգստութեան սուրբ շաբաթն է Եհովայի համար, ինչ որ եփելու էք՝ եւ ինչ որ եռացնելու էք՝ եռացրէք, եւ ինչ որ կ’աւելանայ՝ ձեզ համար առաւօտուան պահուելու թողեցէք: 24  Եւ նորան առաւօտուան թողեցին Մովսէսի հրամայածի պէս, եւ չ’հոտեց, ոչ էլ մէջը որդ եղաւ: 25  Եւ Մովսէսն ասեց. Այսօր կերէք, որովհետեւ այսօր շաբաթ է Եհովայի համար. այսօր դաշտի մէջ նորանից չէք գտնիլ: 26  Վեց օր պիտի ժողովէք նորան. բայց եօթներորդ օրը՝ որ շաբաթ է, պիտի չ’գտնուի: 27  Եւ եղաւ որ եօթներորդ օրը ժողովրդիցը ոմանք ժողովելու գնացին, բայց չ’գտան: 28  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Մինչեւ ե՞րբ չէք ուզում պահել իմ պատուիրանքներն ու օրէնքները: 29  Տեսէք որ Եհովան տուաւ ձեզ շաբաթը, նորա համար վեցերորդ օրը ինքը ձեզ երկու օրուայ հաց է տալիս. ամեն մէկն իր տեղը թող նստէ. ոչ մէկն իր տեղիցը դուրս չ’գնայ եօթներորդ օրը. 30  Եւ ժողովուրդը հանգստացաւ եօթներորդ օրը: 31  Եւ Իսրայէլի տունը նորա անունը Ման դրին. եւ նա գինձի սերմի պէս սպիտակ, եւ համը մեղրով շինուած գաթայի պէս էր: 32  Եւ Մովսէսն ասեց. Այս է Եհովայի հրամայած բանը. նորանից մի օմէր լցրէք, որ ձեր սերունդների համար պահուի, որ տեսնեն այն հացը՝ որ ձեզ ուտեցրի անապատումը՝ ձեզ Եգիպտոսի երկրիցը հանելիս: 33  Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Մի սափոր առ, եւ նորա մէջը մի օմէր լիքը մանանայ դիր. եւ Եհովայի առաջին դիր որ պահուի ձեր սերունդների համար: 34  Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, այնպէս էլ Ահարօնը վկայութեան առաջին դրաւ նորան որ պահուի: 35  Եւ Իսրայէլի որդիքը քառասուն տարի կերան մանանան, մինչեւ որ շէն երկիրն եկան՝ մանանան կերան՝ մինչեւ որ Քանանի երկրի սահմանն եկան: 36  Եւ օմէրը արդուի տասներորդ մասն է:

Ծանոթագրություններ

16։15 Եբր. Մա՞ն հու։