Ելք 2։1-25

2  Եւ Ղեւիի տանից մէկը գնաց, ու Ղեւիի մէկ աղջիկն առաւ:  Եւ կինը յղացաւ, եւ մի որդի ծնեց. եւ տեսաւ որ նա գեղեցիկ էր, երեք ամիս թաքցրեց նորան:  Եւ երբ այլ եւս չ’կարողացաւ թաքցնել նորան, մի պրտուի տապանակ առաւ նորա համար, եւ կուպրով ու ձիւթով ծեփեց, եւ տղան նորա մէջ դրաւ, եւ դրաւ գետի եզերքում եղած շամբի մէջ:  Եւ նորա քոյրը կանգնեց հեռուանց, որ տեսնէ թէ ինչ կ’պատահէ նորան:  Եւ Փարաւօնի աղջիկն իջաւ գետը լուացուելու, եւ նորա աղախինները գետի եզերքին ման էին գալիս. եւ տեսաւ տապանակը շամբի մէջտեղը, եւ իր աղախնին ուղարկեց, որ առաւ նորան:  Եւ նա բացաւ եւ տեսաւ տղան, եւ ահա տղան լաց էր լինում. եւ խղճաց նորա վերայ, եւ ասեց. Սա Եբրայեցի տղաներիցն է:  Յետոյ նորա քոյրն ասեց Փարաւօնի աղջկանը. Գնամ եւ քեզ համար Եբրայեցիներից մի ծիծ տուող կնիկ կանչե՞մ, որ տղային ծիծ տայ քեզ համար:  Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Գնա, եւ աղջիկը գնաց, եւ այն տղայի մօրը կանչեց:  Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Տար այս տղային եւ ծիծ տուր ինձ համար, եւ ես քո վարձքը կ’տամ. եւ կնիկն առաւ տղային, եւ ծիծ տւաւ նորան: 10  Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ նորան որդի եղաւ, նա էլ նորա անունը Մովսէս* դրաւ, եւ ասեց. որովհետեւ ջրիցը հանեցի նորան: 11  Եւ եղաւ այն օրերումը որ Մովսէսը մեծացաւ, եւ դուրս գնաց իր եղբայրների մօտ, եւ նորանց ծանր գործքերը տեսաւ. եւ տեսաւ մի Եգիպտացի, որ իր Եբրայեցի եղբայրներից մէկին ծեծում էր: 12  Եւ այս կողմ ու այն կողմ մտիկ տուաւ եւ տեսաւ որ մարդ չ’կայ, եւ մեռցրեց Եգիպտացուն եւ աւազումը թաղեց նորան: 13  Եւ հետեւեալ օրը դուրս եկաւ, եւ ահա երկու Եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ, եւ ասեց յանցաւորին. Ինչո՞ւ ես քո ընկերին ծեծում: 14  Եւ նա ասեց. Ո՞վ քեզ մեր վերայ իշխան կամ դատաւոր դրաւ. ի՞նձ էլ մեռցնելու միտք ունիս, ինչպէս որ Եգիպտացուն մեռցրիր: Եւ Մովսէսը վախեց եւ ասեց՝ Անշուշտ այս բանը իմացուած է: 15  Եւ Փարաւօնը լսեց այս բանը, եւ ուզում էր Մովսէսին մեռցնել. բայց Մովսէսը փախաւ, եւ Մադիամի երկրումը բնակուեց, եւ մի հորի մօտ նստեց: 16  Եւ Մադիամի քուրմը եօթը աղջիկ ունէր, եւ նորանք եկան եւ ջուր քաշեցին եւ իրանց հօր հօտը խմեցնելու համար աւազանները լցրին: 17  Եւ հովիւները եկան եւ քշեցին նորանց. եւ Մովսէսը վեր կացաւ ու օգնեց նորանց, եւ նորանց հօտին ջուր խմեցրեց: 18  Եւ նորանք իրանց հօր Ռագուէլի մօտ եկան, եւ նա ասեց. Ինչո՞ւ շուտ եկաք այսօր: 19  Եւ ասեցին. Մէկ Եգիպտացի մեզ հովիւների ձեռքիցն ազատեց, եւ մեզ համար ջուր էլ քաշեց եւ խմեցրեց: 20  Նա էլ ասեց իր աղջկերանցը. Եւ ո՞ւր է, ինչո՞ւ այն մարդին այդպէս թող տուիք. կանչեցէք նորան որ հաց ուտէ: 21  Եւ Մովսէսը համաձայնուեց այն մարդի հետ բնակուիլ, եւ նա իր Սեպփօրա աղջիկը Մովսէսին տուաւ: 22  Եւ նա մի որդի ծնեց, եւ նա նորա անունը Գերսամ* դրաւ. որովհետեւ ասեց. Պանդուխտ եղայ օտար երկրում: 23  Եւ այն շատ օրերումը եղաւ որ Եգիպտոսի թագաւորը մեռաւ, եւ Իսրայէլի որդիքը ծառայութեան պատճառով հառաչեցին եւ աղաղակեցին. եւ նորանց աղաղակը ծառայութեան համար Աստուծոյ մօտ բարձրացաւ: 24  Եւ Աստուած նորանց հեծութիւնը լսեց. եւ Աստուած յիշեց իր ուխտը որ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ դրել էր: 25  Եւ Աստուած նայեց Իսրայէլի որդիների վերայ, եւ Աստուած իմացաւ նորանց վիճակը:

Ծանոթագրություններ

2։10 Ջրից հանուած։
2։22 Այնտեղ պանդուխտ։