Ելք 23։1-33

23  Սուտ լուր չ’տարածես. անօրէնի հետ ձեռքդ չ’դնես որ անիրաւ վկայ դառնաս:  Չարութիւն անելու համար՝ բազմութեանը չ’հետեւես. եւ չ’խօսես դատաստանի մէջ իրաւունքը ծռելու համար շատերի ետեւից խոտորելով:  Եւ աղքատին աչառութիւն չ’անես նորա դատումը:  Եթէ քո թշնամու մոլորած եզին կամ էշին հանդիպելու լինիս, անպատճառ իրան դարձնես նորան:  Եթէ տեսնես քեզ ատողի էշը իր բեռի տակ ընկած, եւ չ’կամենաս նորան ազատել, անպատճառ նորա հետ էշն ազատես:  Քո աղքատի իրաւունքը չ’ծռես նորա հետ դատուելիս:  Սուտ խօսքից հեռու կաց, եւ անմեղին ու արդարին մի մեռցնիր. որովհետեւ ես չարին չեմ արդարացնիլ:  Եւ կաշառ չ’առնես, որովհետեւ կաշառը կուրացնում է աչքաբացներին, եւ շուռ է տալիս արդարների բանը:  Եւ օտարականին մի նեղիր. դուք էլ գիտէք օտարականի սիրտը. որովհետեւ Եգիպտոսի երկրումը օտարական էիք: 10  Եւ երկիրդ վեց տարի ցանիր, եւ նորա արդիւնքը ժողովիր. 11  Բայց եօթներորդումը պարապ թող եւ ձգիր նորան, որ քո ժողովրդի աղքատներն ուտեն, եւ նորանց մնացածը դաշտի անասուններն ուտեն. քո այգուն ու ձիթաստանին էլ այսպէս անես: 12  Վեց օր քո գործը գործիր, եւ եօթներորդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշը հանգստանայ, եւ քո աղախինի որդին ու օտարականը շունչ առնէ: 13  Եւ բոլոր ձեզ ասածներս պահեցէք, եւ ուրիշ աստուածների անունը չ’յիշէք. բերանիցդ չ’լսուի: 14  Տարին երեք անգամ ինձ համար տօն պահիր: 15  Բաղարջակերաց տօնը պահիր. եօթն օր անխմոր հաց կեր՝ քեզ պատուիրածիս պէս Աբիբ ամսուայ սահմանուած ժամանակին. որովհետեւ այն ամսումն Եգիպտոսիցը դուրս եկար. եւ մէկը դարտակ չ’երեւայ իմ առաջին: 16  Եւ արտի մէջ ցանելու բանիդ երախայրիքը հնձելու տօնը, եւ տարուայ վերջին ժողովելու տօնը պահիր արտիցը քո բաները ժողովելիս: 17  Տարին երեք անգամ քո ամեն արուները Տէր Եհովայի առաջին պիտի երեւան: 18  Իմ զոհի արիւնը խմորեալ հացով չ’մատուցանես, եւ իմ տօնի ճարպը մինչեւ առաւօտը չ’մնայ: 19  Քո երկրի առաջի երախայրիները քո Եհովայ Աստուծոյ տունը տանես: Ուլը իր մօրը կաթի մէջ չ’եփես: 20  Ահա քո առաջին մի հրեշտակ կ’ուղարկեմ, որ քեզ ճանապարհին պահպանէ, եւ քեզ տանէ իմ պատրաստած տեղը: 21  Զգուշացիր նորա առաջին, եւ նորա խօսքին լսիր, նորա դէմ մի յամառիր. որովհետեւ նա ձեր յանցանքը չի ներիլ, որովհետեւ իմ անունը նորանում է: 22  Բայց եթէ լսես նորա խօսքին, եւ իմ բոլոր ասածն անես, այն ժամանակ քո թշնամիներին թշնամի կ’լինիմ, եւ քո հակառակորդներին՝ հակառակորդ: 23  Որովհետեւ իմ հրեշտակը քո առաջին կ’գնայ, եւ քեզ Ամօրհացիների եւ Քետացիների եւ Փերեզացիների եւ Քանանացիների, եւ Խեւացիների եւ Յեբուսացիների մօտ կ’տանէ, եւ ես պիտի ջարդեմ նորանց: 24  Նորանց աստուածներին երկրպագութիւն կամ ծառայութիւն չ’անես, եւ նորանց արածի պէս չ’անես. այլ բոլորովին կործանես նորանց եւ նորանց կուռքերը բոլորովին կոտրատես: 25  Եւ ձեր Եհովայ Աստուծոյն պաշտէք. եւ նա կ’օրհնէ քո հացը եւ քո ջուրը, եւ ես քո միջիցը հիւանդութիւնը կ’դարձնեմ: 26  Քո երկրի մէջ վիժող եւ ամուլ չի լինիլ, քո օրերի թիւը պիտի լցնեմ: 27  Իմ երկիւղը կ’ուղարկեմ քո առաջին եւ կ’շփոթեցնեմ այն բոլոր ժողովուրդը, որոնց մէջ դու գնում ես, եւ քո բոլոր թշնամիների մէջքը քեզ կ’դարձնեմ. 28  Եւ քո առաջին իշամեղուն կ’ուղարկեմ, եւ նա կ’քշէ Խեւացիներին, Քանանացիներին եւ Քետացիներին քո առաջին: 29  Նորանց քո առաջին մէկ տարուայ մէջ պիտի չ’քշեմ, որ մի գուցէ երկիրը ամայի դառնայ, եւ քեզ վերայ դաշտի գազանները շատանան: 30  Նորանք քո առջեւից կամաց կամաց պիտի քշեմ, մինչեւ որ դու բազմանաս եւ երկիրը ժառանգես. 31  Եւ ես դնեմ քո սահմանները Կարմիր ծովիցը մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատիցը մինչեւ Եփրատ գետը. որովհետեւ այն երկրի բնակիչները քո ձեռքը պիտի տամ. եւ պիտի քշես քո առջեւիցը: 32  Նորանց հետ եւ նորանց աստուածների հետ դաշինք չ’դնես: 33  Քո երկրի մէջ չ’բնակուին, որ քեզ մեղք գործել չ’տան ինձ դէմ, որովհետեւ եթէ նորանց աստուածները պաշտես, անպատճառ նա քեզ համար որոգայթ կ’դառնայ:

Ծանոթագրություններ