Ելք 26։1-37

26  Եւ խորանը շինես տասը վարագոյրներով՝ մանած բարակ քթանից եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից. ճարտար ոստայնագործ շինես նորանց քերովբէներով:  Մէկ վարագոյրի երկայնութիւնը քսանեւութը կանգուն, եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն լինի. մէկ չափ լինի բոլոր վարագոյրների համար։  Հինգ վարագոյրները իրար կցուած, եւ միւս հինգ վարագոյրները իրար կցուած:  Եւ կապուտակեայ օղակներ շինես. մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի ծայրի մօտ ծայրի վարագոյրի եզերքին. եւ այսպէս անես երկրորդ կցուածքին:  Յիսուն օղակ շինես մէկ վարագոյրի վերայ, եւ յիսուն օղակ շինես միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի ծայրին. օղակները իրար դէմ ու դէմ լինին:  Եւ յիսուն ոսկի ճարմանդներ շինես. եւ վարագոյրները ճարմանդներովը կոճակես, որ մէկ խորան դառնայ:  Եւ վրանի համար այծի մազի վարագոյրներ շինես խորանի վերայ. տասնեւմէկ վարագոյր շինես նորանց:  Մէկ վարագոյրի երկայնութիւնը երեսուն կանգուն՝ եւ մէկ վարագոյրի լայնութիւնը չորս կանգուն. մէկ չափ լինի տասնեւմէկ վարագոյրների համար:  Եւ հինգ վարագոյրները առանձին կցիր, եւ վեց վարագոյրները առանձին. եւ վեցերորդ վարագոյրը խորանի առջեւի կողմիցը երկպատիկ անես: 10  Եւ յիսուն օղակներ շինես մէկ վարագոյրի եզերքի վերայ կցուածքի ծայրի մօտ եւ յիսուն օղակներ միւս կցուածքի մօտ եղած վարագոյրի եզերքի վերայ: 11  Եւ յիսուն պղնձի ճարմանդներ շինես, եւ ճարմանդները օղակներին անցկացնես, եւ վրանը կոճակես, որ մէկ լինի: 12  Եւ վրանի վարագոյրներից աւելորդ մնացածը՝ այն վարագոյրի աւելացած կէսը՝ խորանի ետեւիցը կախուի: 13  Եւ մէկ կանգունը այս կողմից եւ մէկ կանգունը միւս կողմից վրանի վարագոյրների երկայնութիւնից աւելացածը՝ խորանի կողքերովը կախուած մնայ՝ նորան այս կողմից եւ այն կողմից ծածկելու համար. 14  Եւ վրանի համար կարմիր ներկուած խոյի մորթերից ծածկոց շինես, եւ թէհաշի մորթերից մի ծածկոց էլ նորա վերայով: 15  Եւ խորանի համար տախտակները Սատիմի փայտից շինես՝ կանգնած: 16  Մէկ տախտակի երկայնութիւնը տասը կանգուն՝ եւ մէկ տախտակի լայնութիւնը մէկ ու կէս կանգուն: 17  Ամեն մէկ տախտակին երկու սփռիչ լինին իրար ագուցիկ. խորանի բոլոր տախտակներին այսպէս շինես: 18  Եւ խորանի տախտակներ շինես. դէպի հարաւ՝ հարաւային կողմին քսան տախտակ: 19  Եւ քառասուն արծաթի խարիսխ շինես քսան տախտակների տակ. մէկ տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ իր երկու սփռիչների համար: 20  Եւ խորանի միւս կողմի համար հիւսիսային կողմին՝ քսան տախտակ, 21  Եւ նորանց քառասուն արծաթի խարիսխները, մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ: 22  Եւ խորանի ետեւի կողմին դէպի արեւմուտքը վեց տախտակ շինես: 23  Եւ խորանի անկիւններին՝ ետեւի կողմին երկու տախտակ շինես: 24  Եւ տակի կողմից զոյգ լինին եւ վերեւումը բոլորվին միացած լինին մէկ օղակով. երկուսն էլ այսպէս լինին. նորանք երկու անկիւնների համար լինին. 25  Եւ ութը տախտակ լինին, եւ նորանց արծաթի խարիսխները տասնեւվեց խարիսխ. մէկ տախտակի տակ երկու խարիսխ՝ եւ միւս տախտակի տակ երկու խարիսխ լինի: 26  Եւ Սատիմի փայտից նիգեր շինես. խորանի մէկ կողմի տախտակների համար հինգ, 27  Եւ խորանի միւս կողմի տախտակների համար հինգ նիգ, եւ դէպի արեւմուտք խորանի ետեւի կողմին տախտակների համար հինգ նիգ: 28  Եւ միջի նիգը, այսինքն տախտակների միջինը մէկ ծայրից միւս ծայրը պիտի անցնէ: 29  Եւ տախտակները ոսկով պատես, եւ նորանց օղակներն՝ այսինքն նիգերի անցնելու տեղերը ոսկուց շինես, եւ նիգերը ոսկով պատես: 30  Եւ կանգնեցնես խորանը իր ձեւի համեմատ, ինչպէս որ սարի վերայ քեզ ցոյց տրուեցաւ: 31  Եւ կապուտակից եւ ծիրանեգոյնից՝ եւ կրկնակի կարմիրից եւ մանուած բարակ քթանից մի վարագոյր շինես. նա ճարտար ոստայնագործ շինուի քերովբէներով: 32  Եւ նորան Սատիմի փայտից չորս ոսկէպատ սիւների վերայ դնես. նորանց բեւեռները ոսկի լինին. չորս արծաթ խարիսխների վերայ: 33  Եւ վարագոյրը ճարմանդների տակիցը կախես, եւ այնտեղ վարագոյրի ներսի կողմը տանես վկայութեան տապանակը. եւ վարագոյրը ձեզ համար բաժանէ սրբութիւնի եւ սրբութեանց սրբութիւնի մէջտեղը: 34  Եւ քաւութիւնը վկայութեան տապանակի վերայ՝ սրբութեանց սրբութիւնումը դնես: 35  Եւ վարագոյրի դուրսի կողմումը սեղանը, եւ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմումը աշտանակը դնես, եւ սեղանը հիւսիսային կողմումը դնես: 36  Եւ վրանի դրան համար մի սրահակ շինես կապուտակից եւ ծիրանեգոյնից եւ կրկնակի կարմիրից եւ մանուած բարակ քթանից՝ նկարագործ: 37  Եւ դրան սրահակի համար Սատիմի փայտից հինգ սիւն շինես, եւ նորանց ոսկով պատես, նորանց բեւեռները ոսկի լինին. եւ նորանց համար հինգ պղնձի խարիսխ ձուլես:

Ծանոթագրություններ