Ելք 29։1-46

29  Եւ սա է այն բանը որ նորանց պիտի անես, որ նորանց սրբես ինձ համար քահանայ լինելու. արջառներից մէկ զուարակ եւ երկու անարատ խոյ առ,  Եւ անխմոր հաց՝ եւ իւղով զանգուած անխմոր շօթեր՝ եւ իւղով օծուած անխմոր լաւաշներ. ցորենի բարակ ալիւրից շինես սորանց:  Եւ մի սակառի մէջ դնես եւ մատուցանես նորանց սակառի մէջ, եւ զուարակն ու երկու խոյերը:  Եւ Ահարօնին եւ նորա որդիներին ժողովքի խորանին դրանը մօտեցնես, եւ նորանց ջրով լուանաս:  Եւ զգեստները առնես եւ հագցնես Ահարօնին շապիկը եւ եփուդի պատմուճանը եւ եփուդը եւ լանջապանակը. եւ եփուդի ժապաւէնովը գօտեւորես նորան:  Եւ խոյրը նորա գլխին դնես, եւ խոյրի վերայ սուրբ պսակը դնես:  Եւ օծման իւղը առնես. եւ նորա գլխի վերայ թափես եւ օծես նորան:  Եւ նորա որդիները մօտեցնես, եւ նորանց շապիկներ հագցնես.  Եւ գօտիներով գօտեւորես նորանց՝ այսինքն Ահարօնին եւ նորա որդիներին, եւ նորանց գլխներին ապարօշներ փաթաթես. եւ քահանայութիւնը նորանցը լինի յաւիտենական կանոնով: Եւ այսպէս լցրու Ահարօնի ձեռքը եւ նորա որդիների ձեռքը: 10  Եւ զուարակը ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ Ահարօնը եւ նորա որդիներն իրանց ձեռքը զուարակի գլխին դնեն: 11  Եւ մորթես զուարակը ժողովքի խորանի դրանը Եհովայի առաջին: 12  Եւ զուարակի արիւնիցն առնես եւ մատովդ սեղանի եղջիւրներին քսես. եւ մնացած բոլոր արիւնը սեղանի տակին թափես: 13  Եւ առնես այն բոլոր ճարպը, որ ծածկում է փորոտիքը եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի եղած ճարպը եւ սեղանի վերայ այրես: 14  Բայց զուարակի միսը, եւ նորա մորթը՝ եւ նորա աղբը բանակիցը դուրս կրակով այրես. մեղքի պատարագ է սա: 15  Եւ խոյերի մէկն առնես, եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն: 16  Եւ այն խոյը մորթես, եւ նորա արիւնն առնես, եւ սեղանի վերայ շուրջանակի սրսկես: 17  Եւ խոյը կտոր կտոր անես, եւ լուանաս նորա փորոտիքը եւ նորա ոտքերը, եւ նորանց նորա կտորների եւ գլխի վերայ դնես: 18  Եւ բոլոր խոյը այրես սեղանի վերայ. սա ողջակէզ է Եհովայի համար. անուշահոտ պատարագ է Եհովային: 19  Եւ միւս խոյն առնես. եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը խոյի գլխին դնեն: 20  Եւ խոյը մորթես, եւ նորա արիւնիցն առնես, եւ քսես Ահարօնի աջ ականջի բլթակին՝ եւ նորա որդկանց աջ ականջների բլթակին եւ նորանց աջ ձեռքի մեծ մատին եւ նորանց աջ ոտքի մեծ մատին, եւ մնացած արիւնը սեղանի վերայ շուրջանակի սրսկես: 21  Եւ սեղանի վերայ եղած արիւնիցը եւ օծման իւղիցն առնես, եւ Ահարօնի վերայ եւ նորա զգեստների վերայ եւ նորա հետ իր որդիների վերայ՝ եւ իր որդիների զգեստների վերայ սրսկես. եւ նա ու նորա զգեստները եւ նորա հետ իր որդիները եւ նորա հետ իր որդիները եւ իր որդիների զգեստները սուրբ կ’լինին: 22  Եւ խոյիցն առնես ճարպը եւ դմակը՝ եւ փորոտիքը ծածկող ճարպը՝ եւ լեարդի վերայի թաղանթը՝ եւ երկու երիկամունքը եւ նորանց վերայի ճարպը, եւ աջ զիստը, (որովհետեւ սա ձեռք լցնելու խոյն է.) 23  Եւ մէկ պան հացի եւ մէկ իւղով հացի շօթ եւ մէկ լաւաշ առնես այն անխմոր հացի սակառիցը որ Եհովայի առաջին է, 24  Եւ ամենը Ահարօնի ձեռքին եւ նորա որդիների ձեռքին դնես, եւ նորանց Եհովայի առաջին երերացնելու ընծայ երերացնես: 25  Եւ նորանց ձեռքիցն առնես նորանց եւ սեղանի վերայի ողջակէզի վերայ այրես Եհովայի առաջին անոյշ հոտի համար. սա պատարագ է Եհովային: 26  Եւ Ահարօնի ձերքը լցնելու խոյիցը՝ երբուծն առնես, եւ նորան Եհովայի առաջին երերացնելու ընծայ մատուցանես. եւ դա քո բաժինը լինի: 27  Եւ Ահարօնի համար եւ նորա որդիների համար ձեռք լցնելու խոյիցը երերացնելու երբուծը եւ բարձրացնելու գիստը սրբես: 28  Եւ յաւիտենական կանոն դառնայ Ահարօնի եւ նորա որդիների համար Իսրայէլի որդիների կողմանէ. որովհետեւ սա բարձրացնելու ընծայ է, եւ բարձրացնելու ընծայ պիտի լինի Իսրայէլի որդիների կողմանէ իրանց խաղաղութեան զոհերիցը բուն իրանց բարձրացնելու ընծան Եհովայի համար: 29  Եւ Ահարօնի սուրբ զգեստները իրանից յետոյ իր որդիներին լինին՝ նորանցով օծուելու եւ նորանցով ձեռք լցուելու համար: 30  Եօթը օր հագնէ նորանց իր որդիներից իր փոխարէնը լինող քահանան, որ սրբարանի մէջ պաշտօն կատարելու համար ժողովքի խորանը կ’մտնէ: 31  Եւ ձեռք լցնելու խոյը առնես՝ եւ նորա միսը եփես սուրբ տեղ: 32  Եւ Ահարօնը եւ նորա որդիքը ժողովքի խորանի դրանը ուտեն խոյի միսը՝ եւ սակառի միջի հացը: 33  Եւ նորանք ուտեն այն բաները՝ որ իրանց ձեռք լցնելու ու սրբուելու համար նորանցով քաւութիւն եղաւ, եւ օտարական պիտի չ’ուտէ. որովհետեւ նորանք սուրբ են: 34  Եւ եթէ ձեռք լցնելու մսիցը եւ հացիցը մինչեւ առաւօտը մնայ, այս աւելացածը կրակով այրես. նա պիտի չ’ուտուի, որովհետեւ սուրբ է: 35  Եւ Ահարօնին եւ նորա որդիներին այսպէս անես, ինչպէս որ բոլոր քեզ պատուիրել եմ. եօթը օրուան մէջ նորանց ձեռքերը լցնես: 36  Եւ օրը մէկ զուարակ մեղքի պատարագ անես քաւութեան համար. եւ սեղանի համար քաւութիւն անես նորան մաքրելով եւ նորան օծես սրբելու համար: 37  Եօթը օր քաւութիւն անես սեղանի համար, եւ նորան սրբես, որ սեղանը ամենասուրբ լինի. ամեն ինչ որ սեղանին դպչի՝ սուրբ պիտի լինի: 38  Եւ սա է որ սեղանի վերայ պիտի անես. միշտ ամեն օր մէկ տարեկան երկու գառ. 39  Մէկ գառը առաւօտանց մատուցանես, եւ միւս գառը իրիկուայ դէմ մատուցանես: 40  Եւ մէկ տասանորդ բարակ ալիւր հիմենի քառորդ ծեծուած ձեթով զանգուած, եւ մէկ հիմենի քառորդ գինի թափելու նուէր մատուցանես մէկ գառի հետ: 41  Եւ միւս գառը իրիկուայ դէմ զոհես. առաւօտեան հացի ընծայի պէս՝ եւ նորա թափելու նուէրի պէս անես նորան՝ անուշահոտ պատարագ Եհովայի համար: 42  Սա ձեր ազգերի մէջ մշտնջենաւոր ողջակէզ լինի Եհովայի առաջին ժողովքի խորանի դրանը, ուր ձեզ կ’հանդիպեմ՝ քեզ հետ խօսելու: 43  Եւ այնտեղ կ’հանդիպեմ Իսրայէլի որդիներին, եւ խորանը իմ փառքովը սուրբ կ’լինի: 44  Եւ ժողովքի խորանն ու սեղանը կ’սրբեմ. Ահարօնին եւ նորա որդիներին էլ կ’սրբեմ, որ ինձ քահանայութիւն անեն: 45  Եւ Իսրայէլի որդիների մէջ կ’բնակուեմ, եւ նորանց Աստուած կ’լինիմ: 46  Եւ կ’գիտենան, թէ ես եմ նորանց Եհովայ Աստուածը, որ Եգիպտոսի երկրիցը հանեցի նորանց, որ նորանց մէջ բնակուեմ ես նորանց Եհովայ Աստուածը:

Ծանոթագրություններ