Ելք 3։1-22

3  Եւ Մովսէսը Մադիամի քուրմի՝ իր աներոջ Յոթորի հօտը արածեցնում էր. եւ հօտը անապատի ետեւը քշելով Աստուծոյ Քորեբ սարը եկաւ:  Եւ Եհովայի հրեշտակը կրակի բոցով երեւեցաւ նորան մորենու միջից. եւ նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում:  Եւ Մովսէսն ասեց՝ Մէկ դառնամ ու տեսնեմ այս. մեծ տեսարանը, թէ ինչո՞ւ համար մորենին չէ այրվում:  Եւ Եհովան տեսաւ, որ նա դարձաւ տեսնելու, եւ Աստուած մորենու միջիցը կանչեց նորան եւ ասեց. Մովսէս, Մովսէս. եւ նա ասեց. Ահա ես:  Եւ ասեց. Այս տեղին մի մօտենար. կօշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետեւ այն տեղը, որի վերայ դու կանգնել ես, սուրբ երկիր է:  Նաեւ ասեց. Ես եմ քո հօր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը. եւ Մովսէսն իր երեսը ծածկեց. որովհետեւ վախեց Աստուծոյն մտիկ տալու:  Եւ Եհովան ասեց. Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ.  Եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր՝ Քանանացիների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների տեղը հանելու:  Եւ ահա հիմա Իսրայէլի որդիների աղաղակը ինձ մօտ է հասել. եւ տեսայ էլ այն հարստահարութիւնը, որ Եգիպտացիներն անում են նորանց: 10  Ուստի եկ հիմա քեզ Փարաւօնի մօտ ուղարկեմ, եւ հանիր իմ ժողովուրդը՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը: 11  Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ես ո՞վ եմ որ Փարաւօնի մօտ գնամ, եւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանեմ: 12  Եւ ասեց. թէ Ես քեզ հետ կլինիմ, եւ սա քեզ համար նշան կ’լինի, որ ես եմ քեզ ուղարկել. երբոր ժողովուրդը Եգիպտոսիցը հանես, այս սարի վերայ կ’պաշտէք Աստուծոյն: 13  Եւ Մովսէսն ասեց Աստուծոյն. Ահա ես գնում եմ Իսրայէլի որդիների մօտ, եւ կ’ասեմ նորանց. Ձեր հայրերի Աստուածն ինձ ձեզ մօտ է ուղարկել. եւ երբոր ինձ ասեն. թէ Ի՞նչ է նորա անունը, ես ի՞նչ ասեմ նորանց: 14  Եւ Աստուած ասեց Մովսէսին. Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ: 15  Նաեւ Աստուած ասեց Մովսէսին. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց, այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ: 16  Գնա Իսրայէլի ծերերին մէկտեղ ժողովիր, եւ ասիր նորանց. Ձեր հայրերի Եհովայ Աստուածը, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը երեւեցաւ ինձ ասելով. Արդարեւ այցելութիւն արի ձեզ, եւ Եգիպտոսի մէջ ձեր քաշածը տեսայ: 17  Եւ ասեցի՝ հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքիցը դէպի Քանանացների եւ Քետացիների եւ Ամորհացիների եւ Փերեզացիների եւ Խեւացիների եւ Յեբուսացիների երկիրը կաթ եւ մեղր բղխող երկիրը: 18  Եւ նորանք քո ձայնին կ’լսեն. եւ դու եւ Իսրայէլի ծերերը Եգիպտոսի թագաւորի մօտ կ’մտնէք, եւ կ’ասէք նորան. Եբրայեցիների Աստուածը Եհովան մեզ հանդիպեց. եւ հիմա թող երեք օրուայ ճանապարհ գնանք դէպի անապատը, որ մեր Եհովայ Աստուծոյն զոհ մատուցանենք: 19  Եւ ես գիտեմ, որ Եգիպտոսի թագաւորը ձեզ թող չի տալու. որ գնաք՝ եւ ոչ էլ՝ զօրաւոր ձեռքով: 20  Եւ ես իմ ձեռքը կ’երկայնացնեմ եւ կ’զարկեմ Եգիպտոսը իմ ամեն հրաշքներովը, որ նորա մէջ պիտի անեմ. եւ նորանից յետոյ ձեզ կ’թողէ: 21  Եւ այս ժողովրդին շնորհք կ’տամ Եգիպտացիների առաջին. եւ երբոր դուրս գաք, դատարկ չէք դուրս գալ: 22  Այլ ամեն կնիկ իր դրացուց եւ իր տանը բնակուող կնոջից արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ կ’խնդրէ, եւ կ’դնէք ձեր որդիների եւ աղջիկների վերայ. եւ Եգիպտոսին կ’կողոպտէք:

Ծանոթագրություններ