Ելք 32։1-35

32  Եւ ժողովուրդը տեսաւ, որ Մովսէսը ուշացաւ սարիցն իջնելու, եւ Ահարօնի մօտ ժողովուեցաւ ժողովուրդը եւ ասեցին նորան. Վեր կաց մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան. որովհետեւ այդ Մովսէս մարդը, որ մեզ Եգիպտոսի երկրիցը հանեց, չ’գիտենք թէ ինչ եղաւ նորան:  Եւ Ահարօնն ասեց նորանց. Ձեր կանանց, ձեր որդիների եւ ձեր աղջկերանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցէք, եւ ինձ մօտ բերէք:  Եւ բոլոր ժողովուրդն իրանց ականջներին եղած ոսկի օղերը հանեցին եւ Ահարօնի մօտ բերին:  Եւ նա առաւ նորանց ձեռքիցը եւ քանդակագործիով ձեւակերպեց նորան եւ շինեց մի ձուլածոյ որթ։ Եւ ասեցին. Սորանք են քո աստուածները՝ ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին:  Եւ Ահարօնը տեսնելով նորա առաջին սեղան շինեց. եւ Ահարօնը կանչել տուաւ՝ ասելով. Էգուց տօն է Եհովայի համար:  Եւ հետեւեալ առաւօտեան կանուխ վեր կացան, եւ ողջակէզներ մատուցրին, եւ խաղաղութեան զոհեր բերին. եւ ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու եւ վեր կացան խաղալու:  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա իջիր. որովհետեւ ապականուեցաւ քո ժողովուրդը՝ որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր.  Շուտով խոտորեցին այն ճանապարհից, որ իրանց պատուիրեցի. իրանց համար ձուլածոյ որթ շինեցին, եւ նորան երկրպագութիւն արին, եւ նորան զոհեր մատուցրին, եւ ասեցին. Սորանք են քո աստուածները, ով Իսրայէլ, որ քեզ Եգիպտոսի երկրիցը հանեցին:  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Այս ժողովուրդը տեսայ, եւ ահա խստապարանոց ժողովուրդ է նա: 10  Եւ հիմա թող տուր ինձ որ իմ բարկութիւնը նորանց վերայ բորբոքուի եւ փչացնեմ նորանց. եւ քեզ մեծ ազգ շինեմ: 11  Եւ Մովսէսն իր Եհովայ Աստուծոյ առաջին աղաչեց, եւ ասեց. Ով Եհովայ, ինչո՞ւ քո բարկութիւնը բորբոքուի քո ժողովրդի վերայ, որ Եգիպտոսի երկրիցը հանեցիր մեծ զօրութիւնով եւ զօրաւոր ձեռքով: 12  Ինչո՞ւ համար Եգիպտացիք խօսեն եւ ասեն. թէ Չարութեան համար հանեց նորանց, որ սարերումը մեռցնէ նորանց եւ երկրի երեսիցը փչացնէ նորանց. դարձիր քո սաստիկ բարկութիւնիցը, եւ ետ առ այս չարիքը քո ժողովրդի վերայից: 13  Յիշիր քո ծառաներ՝ Աբրահամին, Իսահակին եւ Իսրայէլին, որոնց դու երդում արիր քո անձովը, եւ ասեցիր նորանց. Ձեր սերունդը երկնքի աստղերի պէս պիտի շատացնեմ, եւ բոլոր այս երկիրը՝ որի մասին խօսեցի, ձեր սերունդին պիտի տամ, ու պիտի ժառանգեն յաւիտեան: 14  Եւ Եհովան ետ առաւ այն չարիքը, որ ասել էր, թէ իր ժողովրդին պիտի անէր: 15  Եւ Մովսէսը դարձաւ եւ սարիցն իջաւ, եւ վկայութեան երկու տախտակները ձեռքին էին. տախտակներն երկու կողմերիցը գրուած էին. այս կողմից եւ այն կողմից գրուած էին նորանք: 16  Եւ տախտակներն Աստուծոյ գործք էին, եւ գրուածքն Աստուծոյ գրուածք էր տախտակների վերայ փորագրուած: 17  Եւ Յեսուն լսեց ժողովրդի ձայնը գոռալիս, եւ ասեց Մովսէսին. Պատերազմի ձայն կայ բանակումը: 18  Եւ նա ասեց. Սա յաղթութեան աղաղակի ձայն չէ, եւ պարտութեան աղաղակի ձայն չէ. այլ խաղի ձայն եմ լսում ես: 19  Եւ եղաւ երբոր բանակին մօտեցաւ եւ տեսաւ որթը եւ պարելը, Մովսէսի բարկութիւնը բորբոքուեց, եւ տախտակներն իր ձեռքիցը շպրտեց. եւ կոտրատեց նորանց սարի տակին: 20  Եւ առաւ նորանց շինած որթը եւ կրակով այրեց, եւ մանրեց մինչեւ որ փոշի արաւ, եւ ջրի վերայ ցանեց, եւ խմեցրեց Իսրայէլի որդիներին: 21  Եւ Մովսէսն ասեց Ահարօնին. Այս ժողովուրդն ի՞նչ արաւ քեզ, որ նորանց վերայ բերիր այս մեծ մեղքը: 22  Եւ Ահարօնն ասեց. Թող իմ տիրոջ բարկութիւնը չ’բորբոքուի դու գիտես այս ժողովրդին՝ որ չարին հակամիտեալ են. 23  Եւ ինձ ասեցին. թէ՝ Մեզ համար աստուածներ շինիր որ մեր առաջին գնան, որովհետեւ այս Մովսէս մարդը մեզ Եգիպտոսի երկրից հանողը՝ չ’գիտենք թէ նորան ինչ եղաւ: 24  Եւ ես ասեցի նորանց. Ով որ ոսկի ունի, թող հանէ, եւ բերեն ինձ մօտ. եւ ես կրակը գցեցի այն եւ դուրս եկաւ այս որթը: 25  Եւ Մովսէսը տեսաւ ժողովուրդը որ անզուսպ է, (որովհետեւ Ահարօնը անզուսպ էր արել նորանց իրանց թշնամիների մէջ խայտառակ լինելու համար:) 26  Եւ Մովսէսը բանակի դրանը կանգնեց, եւ ասեց. Ով որ Եհովայինն է՝ ինձ մօտ գայ. եւ Ղեւիի բոլոր որդիքը նորա մօտ ժողովուեցան: 27  Եւ ասեց նորանց. Այսպէս է ասում Իսրայէլի Եհովայ Աստուածը. Ամեն մարդ իր սուրը թող մէջքը կապէ, եւ բանակի մէջ դռնէ դուռ անցէք դարձէք, եւ ամեն մարդ իր եղբօրը, եւ ամեն մարդ իր ընկերին, ամեն մարդ իր դրացուն մեռցնէ: 28  Եւ Ղեւիի որդիքը Մովսէսի խօսքին պէս արին. եւ այն օրը ժողովրդիցն երեք հազար մարդի չափ ընկան: 29  Որովհետեւ Մովսէսն ասեց. Այսօր ձեր ձեռքը լցրէք Եհովայի համար հէնց ամեն մէկն իր որդու վերայ՝ եւ իր եղբօր վերայ, որ ձեր վերայ օրհնութիւն տայ այսօր: 30  Եւ եղաւ հետեւեալ օրը, որ Մովսէսն ասեց ժողովրդին. Դուք մեծ մեղք գործեցիք. եւ հիմա Եհովայի մօտ պիտի վեր գնամ, գուցէ քաւութիւն անեմ ձեր մեղքի համար: 31  Եւ Մովսէսը ետ դարձաւ Եհովայի մօտ եւ ասեց. Ոհ, այս ժողովուրդը մեծ մեղք գործեց, եւ իրանց համար ոսկի աստուածներ շինեցին: 32  Բայց հիմա եթէ նորանց մեղքերը ներես՝ ներիր, եթէ ոչ՝ աղաչում եմ ջնջիր ինձ քո գրած գրքիցը: 33  Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ով որ ինձ դէմ մեղանչել է, ես նորան կ’ջնջեմ իմ գրքիցը: 34  Իսկ հիմա գնա, ժողովրդին տար այնտեղ, որ քեզ ասեցի. ահա իմ հրեշտակը կ’գնայ քո առաջին. բայց այցելութիւն անելու օրս՝ նորանց մեղքը իրանց վերայ պիտի բերեմ: 35  Եւ Եհովան զարկեց ժողովրդին, այն իրանց շինած որթի համար որ Ահարօնը շինեց:

Ծանոթագրություններ