Ելք 38։1-31

38  Եւ շինեց ողջակէզի սեղանը Սատիմի փայտից. նորա երկայնութիւնը հինգ կանգուն՝ եւ նորա լայնութիւնը հինգ կանգուն՝ քառակուսի, եւ նորա բարձրութիւնը երեք կանգուն:  Եւ նորա եղջիւրները նորա չորս անկիւններին շինեց, նորա եղջիւրներն իրանից էին. եւ պղնձով պատեց նորան:  Եւ սեղանի բոլոր գործիքները՝ այսինքն թաղարները եւ թիակները եւ կոնքերը եւ մսահանները ու կրակի ամանները շինեց. նորա բոլոր գործիքները շինեց պղնձից:  Եւ սեղանի համար՝ մի ցանցակերպ գահաւորակ շինեց պղնձից նորա շրջանակի տակ ներքեւիցը մինչեւ նորա կէսը:  Եւ այն պղնձի գահաւորակի չորս անկիւններին չորս օղակներ ձուլեց ձողերին տեղեր լինելու համար:  Եւ շինեց ձողերը Սատիմի փայտից եւ պղնձով պատեց նորանց:  Եւ ձողերը սեղանի մօտ եղած օղակներին անցկացրեց, որ նա նորանցով վեր առնուի՝ մէջը դարտակ եւ տախտակներից շինեց նորան:  Եւ պղնձի աւազանը եւ նորա պղնձի խարիսխը շինեց ժողովքի խորանի դրանը խումբերով ժողովուող կանանց հայելիներից:  Եւ սրահը շինեց. հարաւային կողմի համար դէպի հարաւ սրահի առագաստները մանած բարակ քթանից հարիւր կանգուն. 10  Նորանց սիւները քսան՝ եւ նորանց պղնձի խարիսխները քսան. սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին: 11  Եւ հիւսիսային կողմի համար հարիւր կանգուն, սիւները քսան եւ նորանց խարիսխները քսան՝ պղնձից. սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին: 12  Եւ արեւմտեան կողմի համար՝ առագաստները յիսուն կանգուն. նորանց սիւները տասը՝ եւ նորանց խարիսխները տասն էին. սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի էին: 13  Եւ արեւելեան կողմի համար դէպի արեւելք յիսուն կանգուն: 14  Մէկ կողմի առագաստները տասնեւհինգ կանգուն՝ նորանց սիւները երեք՝ ու նորանց խարիսխները երեք: 15  Եւ միւս կողմի համար էլ՝ այսինքն սրահի դրանը այս կողմից եւ միւս կողմից առագաստները տասնեւհինգ կանգուն՝ նորանց սիւները երեք՝ եւ նորանց խարիսխները երեք էին: 16  Սրահի բոլոր առագաստները շուրջանակի մանած բարակ քթանից էին: 17  Եւ սիւների խարիսխները պղնձից՝ սիւների բեւեռները եւ նորանց ճանկերը արծաթի՝ եւ նորանց խոյակները արծաթապատ՝ եւ սրահի բոլոր սիւներն էլ արծաթի կարթերով էին: 18  Եւ սրահի դրան վարագոյրը նկարագործ էր, կապուտակից եւ ծիրանեգոյնից՝ եւ կրկնակի կարմիրից՝ ու մանած բարակ քթանից. երկայնութիւնը քսան կանգուն՝ եւ լայնութեան միջի բարձրութիւնը հինգ կանգուն էր սրահի վարագոյրների համեմատ: 19  Եւ նորանց սիւները չորս՝ եւ նորանց պղնձի խարիսխները չորս, նորանց բեւեռները արծաթի՝ եւ նորանց խոյակները արծաթապատ եւ կարթերը արծաթի էին: 20  Եւ խորանի ու շուրջանակի սրահի բոլոր ցիցերը պղնձի էին: 21  Այս է խորանի՝ այսինքն վկայութեան խորանի հաշիւը. որ Մովսէսի պատուիրածին պէս՝ Ղեւտացիների պաշտօնի համար Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքովը հաշուեցաւ: 22  Եւ Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիէլն Յուդայի ցեղիցն՝ արաւ այն ամենը որ Եհովան Մովսէսին պատուիրեց: 23  Եւ նորա հետ Դանի ցեղիցն Աքիսամայի որդի Ոողիաբ քանդակագործը եւ ճարտարագէտը՝ կապուտակով եւ ծիրանեգոյնով եւ կրկնակի կարմիրով ու բարակ քթանով նկարագործողը: 24  Բոլոր ոսկին որ այս շինուածքի համար գործածուեցաւ, այսինքն սրբարանի բոլոր շինուածքի համար նուիրուած ոսկին՝ քսանեւինը տաղանդ եւ եօթը հարիւր երեսուն սիկղ էր սրբարանի սիկղի համեմատ: 25  Եւ ժողովքի համարուողների արծաթը՝ հարիւր տաղանդ եւ հազար եօթը հարիւր եօթանասունեւհինգ սիկղ էր սրբարանի սիկղի համեմատ: 26  Մարդ գլուխ կէս սիկղ, այսինքն սիկղի կէսը սրբարանի սիկղի համեմատ ամեն մէկից որ անցնում էր համարուելով քսան տարեկանը եւ նորանից վեր. այսինքն վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն մարդկանցից: 27  Եւ գնաց հարիւր տաղանդ արծաթը սրբարանի խարիսխները եւ վարագոյրի խարիսխները ձուլելու համար հարիւր տաղանդից հարիւր խարիսխ՝ մէկ տաղանդը մէկ խարիսխի: 28  Եւ այն հազար եօթը հարիւր եօթանասունեւհինգ սիկղ արծաթիցը շինեց սիւների բեւեռները, եւ նորանց խոյակները պատեց, եւ կարթեց նորանց: 29  Եւ նուիրուած պղինձը եօթանասուն տաղանդ ու երկու հազար չորս հարիւր սիկղ էր: 30  Եւ նորանից շինեց ժողովքի խորանի դրան խարիսխները եւ պղնձի սեղանը եւ նորա պղնձի գահաւորակը եւ սեղանի բոլոր գործիքները, 31  Եւ շուրջանակի սրահի խարիսխները եւ սրահի դրան խարիսխները եւ խորանի բոլոր ցիցերը եւ շուրջանակի սրահի բոլոր ցիցերը:

Ծանոթագրություններ