Ելք 40։1-38

40  Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.  Առաջին ամսուայ առաջին օրը կանգնեցրու խորանը՝ այսինքն ժողովքի վրանը:  Եւ նորա մէջ դնես վկայութեան տապանակը, եւ վարագոյրովը ծածկես տապանակը:  Եւ սեղանը ներս բերես, եւ նորա վերայ շարուելու հացերը շարես. եւ աշտանակը ներս բերես, եւ նորա ճրագները վառես:  Եւ վկայութեան տապանակի առաջին դնես խունկի ոսկի սեղանը. եւ խորանի դրանը դնես սրահակը:  Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի դրանը առաջին դնես ողջակէզի սեղանը:  Եւ աւազանը դնես ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը եւ նորա մէջը ջուր ածես:  Եւ շուրջանակի սրահը կանգնեցնես, եւ սրահի դրանը վարագոյրը դնես:  Եւ օծման իւղը առնես, եւ խորանը եւ նորա մէջ եղած բոլոր բաները օծես. եւ սրբես նորան եւ նորա բոլոր անօթները, որ սուրբ լինին: 10  Եւ օծես ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները, եւ սրբես սեղանը. եւ սեղանը ամենասուրբ լինի: 11  Եւ օծես աւազանը եւ նորա խարիսխը եւ սրբես նորան: 12  Եւ Ահարօնին եւ նորա որդկանցը մօտեցնես ժողովքի խորանի դրանը, եւ ջրով լուանաս նորանց: 13  Եւ Ահարօնին հագցնես սուրբ զգեստները, եւ օծես նորան եւ սրբես նորան, որ ինձ քահանայութիւն անէ: 14  Եւ նորա որդկանցն էլ մօտեցնես, եւ շապիկներ հագցնես նորանց: 15  Եւ նորանց էլ օծես ինչպէս որ օծեցիր նորանց հօրը, որ ինձ քահանայութիւն անեն. եւ նորանց օծումը իրանց ազգերի մէջ յաւիտենական քահանայութեան համար լինի: 16  Եւ Մովսէսն արաւ բոլորովին ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. այնպէս արաւ: 17  Եւ եղաւ որ երկրորդ տարին՝ առաջին ամսուայ առաջին օրը խորանը կանգնուեցաւ: 18  Եւ Մովսէսը կանգնեցրեց խորանը, եւ նորա խարիսխները դրաւ, եւ կանգնեցրեց նորա տախտակները, եւ նորա նիգերը անցկացրեց, եւ սիւները կանգնեցրեց: 19  Եւ խորանի վերայ տարածեց վրանը, եւ վրանի ծածկոցը նորա վերայ դրաւ վերեւիցը, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր: 20  Եւ առաւ վկայութիւնը դրաւ տապանակի մէջ եւ ձողերը տապանակին անցկացրեց, եւ քաւութիւնը դրաւ տապանակի վերայ վերեւիցը: 21  Եւ տապանակը խորանի մէջը բերաւ, եւ ծածկող վարագոյրը դրաւ, եւ վկայութեան տապանակը ծածկեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր: 22  Եւ սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմիցը վարագոյրիցը դուրս. 23  Եւ նորա վերայ շարուելու հացերը շարեց Եհովայի առաջին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր: 24  Եւ աշտանակը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմին: 25  Եւ Եհովայի առջեւի ճրագները վառեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր: 26  Եւ ոսկի սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ վարագոյրի առաջին. 27  Եւ նորա վերայ անուշահոտ խունկ ծխեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր: 28  Եւ խորանի դրանը դրաւ սրահակը: 29  Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի դրան մօտ դրաւ ողջակէզի սեղանը. եւ նորա վերայ ողջակէզն ու հացի ընծան մատուցրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր: 30  Եւ աւազանը դրաւ ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը, եւ նորա մէջը լուացուելու համար ջուր ածեց: 31  Եւ նորանից լուանում էին Մովսէսը եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը եւ ոտքերը. 32  Ժողովքի վրանը մտնելիս, եւ սեղանին մօտենալիս լուանում էին, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուրել էր: 33  Եւ խորանի ու սեղանի շուրջը սրահը կանգնեցրեց, եւ սրահի դրանը վարագոյրը դրաւ: Այսպէս Մովսէսը բոլոր գործը վերջացրեց: 34  Եւ մի ամպ ծածկեց ժողովքի վրանը. եւ Եհովայի փառքը լցրեց խորանը: 35  Եւ Մովսէսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը. որովհետեւ ամպը նորա վերայ նստել էր, եւ Եհովայի փառքը լցրել էր խորանը: 36  Եւ ամպը խորանի վերայից վերանալիս Իսրայէլի որդիքը չուում էին իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը: 37  Եւ եթէ ամպը չէր վերանում, չէին չուում մինչեւ նորա վերանալու օրը: 38  Որովհետեւ Եհովայի ամպը ցերեկը խորանի վերայ էր, եւ գիշերը նորա վերայ կրակ կար, Իսրայէլի բոլոր ժողովրդի առաջին՝ իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը:

Ծանոթագրություններ