Եսայիա 1։1-31

1  Ամովսի որդի Եսայիայի տեսիլքը որ տեսաւ Յուդայի եւ Երուսաղէմի վերայ Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը:  Լսեցէք, ով երկինք, եւ ականջ դիր ով երկիր. որովհետեւ Եհովան է խօսում. ես զաւակներ մեծացրի եւ բարձրացրի, բայց նորանք ապստամբուեցին ինձ դէմ:  Եզը ճանաչում է իր տիրոջը, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլը չէ ճանաչում, իմ ժողովուրդը չէ իմանում:  Վա՜յ մեղաւոր ազգին. անօրէնութիւնով ծանրացած ժողովուրդ, չարագործների սերունդ, ապականիչ զաւակներ. թող տուին Տիրոջը, անարգեցին Իսրայէլի Սուրբին, ետ քաշուեցին:  Ձեր էլ ո՞ր տեղին կարելի է զարկել. որ ապստամբութիւնը աւելացնում էք. բոլոր գլուխը հիւանդ է, եւ բոլոր սիրտը նուաղել է:  Ոտքի թաթից մինչեւ գլուխը ողջ տեղ չ’կայ նորա վերայ. հարուածներ եւ վէրքեր եւ շարաւալի խոցեր, չեն մաքրվում եւ չեն կապվում եւ իւղով չեն կակղացնվում:  Ձեր երկիրը աւերուած, ձեր քաղաքները կրակով այրուած են. ձեր արտերը ձեր առաջին օտարներն են ուտում. եւ խոպանացած են օտարների տակնուվերայ արածի պէս:  Եւ Սիօնի աղջիկը մնացել է այգիի միջի մի խրճիթի պէս, եւ ինչպէս մի հիւղ վարունգի արտում, մի պաշարուած քաղաքի նման:  Եթէ որ Զօրաց Տէրը մեզ համար մի քիչ մնացորդ չ’թողէր, Սոդոմի պէս կ’լինէինք, Գոմորին կ’նմանէինք: 10  Լսեցէք Տիրոջ խօսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրէք մեր Աստուծոյ օրէնքին, ով Գոմորի ժողովուրդ: 11  Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում: 12  Երբոր գալիս էք, իմ երեսը տեսնելու. դա ո՞վ է պահանջում ձեր ձեռքից՝ կոխատել իմ սրահները: 13  Այլեւս ունայն ընծաներ մի բերէք, ձեր խունկը ինձ համար պիղծ է. ամսագլուխներին եւ շաբաթներին ու ժողովներ գումարուելուն չեմ տանիլ. անօրէնութիւն եւ տօնախմբութի՜ւն: 14  Ձեր ամսագլուխներից եւ տօներից զզուել է հոգիս, նորանք ինձ վերայ բեռ են. յոգնել եմ տանելուց: 15  Եւ դուք ձեր ձեռքերը տարածելիս՝ ես աչքերս ծածկում եմ ձեզանից. նաեւ երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով: 16  Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց: 17  Սովորեցէք բարութիւն անել, որոնեցէք իրաւունք, ուղղութիւն ցուցէք զրկուածին, որբի դատը տեսէք, որբեւայրիի դատը պաշտպանեցէք: 18  Հիմա եկէք ու վիճաբանենք, ասում է Տէրը, եթէ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան. եթէ նորանք որդան կարմիրի պէս լինին, ասրի պէս սպիտակ պիտի դառնան: 19  Եթէ յօժարէք եւ լսէք, երկրի բարիքը կ’ուտէք: 20  Բայց եթէ մերժէք եւ ապստամբուէք, սուրը պիտի ձեզ ուտէ. որովհետեւ Տիրոջ բերանը խօսեց: 21  Ի՜նչպէս պոռնկացաւ հաւատարիմ քաղաքը. նա լիքն էր իրաւունքով, արդարութիւն էր օթեւանում նորանում. բայց հի՞մա, մարդասպաններ: 22  Արծաթդ կղկղանք է դարձել. գինիդ ջրով խառնուած է: 23  Իշխաններդ ապստամբներ եւ գողերի ընկերներ են, ամենքն էլ կաշառք են սիրում եւ վարձի ետեւից են ընկել. որբի դատը չեն նայում, եւ որբեւայրիի դատը չի գալիս նորանց առաջը: 24  Նորա համար Զօրաց Եհովայ Տէր՝ Իսրայէլի Հզօրի խօսքը սա է. Ահա՜ ես ինձ կ’հանգստացնեմ իմ նեղիչներիցը, եւ վրէժս կ’առնեմ իմ թշնամիներիցը: 25  Եւ ես կ’դարձնեմ իմ ձեռքը դէպի քեզ, եւ կ’մաքրեմ քո կղկղանքը ինչպէս թէ բորակով, եւ կ’հեռացնեմ քո բոլոր անագը: 26  Եւ ետ կ’բերեմ քո դատաւորներին՝ ինչպէս որ առաջ էր, եւ քո խորհրդականներին՝ ինչպէս որ սկզբումը: Այնուհետեւ քեզ կ’ասեն՝ Արդարութեան քաղաք, Հաւատարիմ աւան: 27  Սիօնը իրաւունքով պիտի փրկուի եւ նորա ետ դարձողները՝ արդարութիւնով: 28  Բայց անօրէնների ու մեղաւորների կործանումը միասին կ’լինի, եւ որոնք որ թողում են Տիրոջը, պիտի փչանան: 29  Որովհետեւ նորանք պիտի ամաչեն ձեր ախորժած բեւեկնիներից, եւ պիտի ամօթով մնաք այն պարտէզներից որ հաւանել էք: 30  Որովհետեւ դուք պիտի լինէք տերեւները թառամած բեւեկնիի պէս, եւ միջումը ջուր չ’եղող պարտէզի պէս: 31  Եւ զօրաւորը կ’լինի որպէս խծուծ, եւ նորա գործքը՝ կայծ. եւ երկուսը կ’այրուին մէկտեղ եւ հանգցնող չի լինիլ:

Ծանոթագրություններ