Եսայիա 11։1-16

11  Եւ Յեսսէի բունիցը մի շառաւիղ է դուրս գալու, եւ մի ընձիւղ է բուսնելու նորա արմատներիցը.  Եւ նորա վերայ կ’հանգչէ Տիրոջ հոգին, իմաստութեան եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զօրութեան հոգին, գիտութեան եւ Տիրոջ երկիւղի հոգին:  Եւ նորա ախորժանքը Տիրոջ երկիւղն է, եւ նա իր աչքի տեսածին պէս չի դատիլ, եւ ոչ իր ականջների լսածին պէս կ’յանդիմանէ:  Այլ արդարութեամբ կ’դատէ աղքատներին, եւ ուղղութեամբ կ’յանդիմանէ երկրի խոնարհների մասին. եւ երկրին կ’զարկէ իր բերանի գաւազանովը, եւ իր շրթունքների հոգովը կ’մեռցնէ ամբարշտին:  Եւ արդարութիւնը նորա մէջքի գօտին կ’լինի, եւ ճշմարտութիւնը՝ նորա երանքի գօտին:  Եւ գայլը կ’բնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կ’պառկէ. եւ որթն ու առիւծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին, եւ մի փոքր երեխայ կ’քշէ նորանց:  Եւ կովն ու արջը կ’արածեն, մէկտեղ կ’պառկեն նորանց ձագերը, եւ առիւծը առջառի պէս յարդ կ’ուտէ:  Եւ կաթնակեր տղան իժի ծակի վրայ կ’խաղայ, եւ կաթից կտրուածը ձեռքը քարբի բոյնի վերայ կ’դնէ:  Նորանք չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը: 10  Եւ այն օրը կ’լինի, որ Յեսսէի արմատը ազգերի համար դրօշակ կ’կանգնէ, եւ ազգերը նորան կ’խնդրեն. եւ նորա հանգիստը փառք կ’լինի: 11  Եւ այն օրը կ’լինի, որ Տէրը կրկին անգամ իր ձեռքը կ’մեկնէ, որ իր ժողովրդի մնացորդը առնէ, որ մնացել է, Ասորեստանիցը, Եգիպտոսիցը, Պաթուրեսիցը, Եթովպիայիցը, Եղամիցը, Սենաարիցը, Եմաթիցը եւ ծովի կղզիներիցը: 12  Եւ նա դրօշակ կ’բարձրացնէ ազգերի համար, եւ կ’ժողովէ Իսրայէլի տարագրեալներին, եւ Յուդայի ցրուեալներին կ’հաւաքէ երկրի չորս անկիւններիցը: 13  Եւ կ’վերանայ Եփրեմի նախանձը, եւ Յուդայի նեղիչները բնաջինջ կ’լինին, Եփրեմը Յուդային չի նախանձիլ, եւ Յուդան Եփրեմին չի նեղիլ: 14  Այլ նորանք Փղշտացիների ուսի վերայ դէպի ծովը կ’թռչեն, միասին կ’կողոպտեն արեւելցիներին, Եդովմի ու Մովաբի վերայ կ’երկարացնեն իրանց ձեռքը, եւ Ամմօնի որդիքը պէտք է հնազանդին նորանց: 15  Եւ Տէրը պիտի կործանէ* Եգիպտոսի ծովի լեզուն եւ իր ձեռքը պիտի շարժէ Գետի վերայ քամիի սաստկութեամբը եւ նորան պիտի զարկէ եօթը առուների բաժանէ, եւ կօշիկով գնալ պիտի տայ: 16  Եւ մի պողոտայ պիտի լինի իր ժողովրդի մնացորդի համար, որ կ’մնայ Ասորեստանից, ինչպէս որ եղաւ Իսրայէլին Եգիպտոսից դուրս գալիս օրը:

Ծանոթագրություններ

11։15 Կամ՝ չորացնէ։