Եսայիա 13։1-22

13  Բաբիլոնի պատգամը որ տեսաւ Ամովսի որդի Եսայիան:  Դաշտացած սարի վերայ դրօշակ տնկեցէք, ձայն բարձրացրէք դէպի նորանց, ձեռք երերացրէք, որ իշխանները գան դռները:  Ես եմ իմ սրբեալներին պատուիրել, իմ զօրաւորներին էլ կանչել եմ իմ բարկութեան համար՝ իմ վերափառութիւնովը խրոխտացողներին:  Բազմութեան ձայն կայ սարերի վրայ մեծ ժողովրդի նմանութիւնով, ժողովուած ազգերի թագաւորութիւնների աղմուկի ձայնը. Զօրաց Տէրը հանդէս է անում պատերազմի զօրքին,  Որ եկել են հեռու երկրից՝ երկնքի ծայրիցը. Տէրը եւ նորա բարկութեան գործիքները՝ բոլոր երկիրը աւերելու համար:  Ողբացէք, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը, իբրեւ զօրաւոր աւերում գալիս է Ամենազօրաւորիցը:  Նորա համար թուլացել են ամեն ձեռքեր, եւ ամեն մարդի սիրտը հալվում է:  Սոսկում են, անձկութիւններ եւ ցաւեր են բռնում նրանց, ծննդականի պէս երկունք են քաշում, ամեն մարդ ապշած է մնում դէպի իր ընկերը, բոցավառ երեսներ են նորանց երեսները:  Ահա գալիս է Տիրոջ օրը՝ անգթութիւն, ցասումն եւ բարկութեան բորբոքումն. որ երկիրն աւերակ անէ, եւ նորա մեղաւորներին բնաջինջ անէ նորանից: 10  Որովհետեւ երկնքի աստղերը եւ նորա աստեղատները իրանց լոյսը չեն տալու. արեգակը դուրս գալիս խաւար է լինելու, եւ լուսինը չի ցոլացնելու իր լոյսը: 11  Եւ ես պիտի պատժեմ աշխարհքը չարութեան համար, եւ ամբարիշտներին՝ իրանց անօրէնութեան համար, եւ պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտաւանութիւնը, եւ բռնաւորների գոռոզութիւնը պիտի ցածացնեմ: 12  Եւ մարդին մաքուր ոսկիից աւելի պատուական պիտի անեմ եւ հոգեղէնին՝ Ոփիրի գանձիցը: 13  Սորա համար սարսեցնելու եմ երկինքը, եւ երկիրը սասանելու է իր տեղիցը. Զօրաց Տիրոջ բարկութիւնովը եւ նորա բորբոքեալ բարկութեան օրը: 14  Եւ պիտի լինի ինչպէս մի հալածուած այծեամն, եւ ինչպէս ոչխարներ, որոնք հաւաքող չ’ունին, ամեն մարդ իր ժողովրդին է դառնալու, ամեն մարդ փախչելու է իր երկիրը: 15  Ամեն ով որ գտնուի՝ պիտի խոցուի, եւ ամեն ով որ բռնուի՝ սրով պիտի ընկնի: 16  Եւ նորանց մանուկները պիտի ջարդուին իրանց աչքի առաջին, նորանց տները պիտի կողոպտուին եւ նորանց կանայքը պիտի պղծուին: 17  Ահա ես վեր կ’կացնեմ նորանց վերայ Մարաց ազգը, որոնք արծաթը մի բան չեն համարում, եւ ոսկիին չեն հաւանում: 18  Եւ աղեղները երիտասարդներին են խոցում, եւ որովայնի պտուղին չեն ողորմում, եւ երեխաներին չէ խնայում նորանց աչքը: 19  Եւ Բաբիլոնը՝ թագաւորութիւնների զարդը, Քաղդեացիների փառաւորութեան պարծանքը պիտի դառնայ Աստուծոյ Սոդոմին եւ Գոմորին կործանելուն պես: 20  Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. եւ Արաբացին այնտեղ պիտի չ’կանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չ’նստեցնեն իրանց խաշինքը: 21  Այլ այնտեղ վայրի գազաններն են մակաղ տալու. եւ բուերն են լցնելու նորանց տները, եւ այնտեղ ջայլամներն են բնակուելու, եւ յուշկապարիկներն են այնտեղ պար գալու: 22  Եւ չագալներն են ոռնալու նորա պալատներումը, եւ վայրի շները նորա զբոսանքի տներումը, եւ մօտ է, որ գայ նորա ժամանակը, եւ նորայ օրերը չեն ուշանալու:

Ծանոթագրություններ