Եսայիա 16։1-14

16  Ուղարկեցէք գառը երկրի տիրողին՝ անապատի Սելայիցը Սիօնի աղջկան սարը:  Եւ թափառական թռչունի պէս, որ դուրս է արուած բոյնիցը, պիտի լինեն Մովաբի աղջիկները Առնոնի անցքերումը:  Խորհուրդ տուր, դատաստան արա, գիշերուայ պէս շինիր քո հովանին կէս օրուայ մէջ. աքսորուածներին թագցրու, փախստականին մի յայտնիր:  Թող իմ աքսորուածները քեզ մօտ պանդխտանան, ով Մովաբ. դու նորանց համար ծածկոյթ եղիր կործանողի դէմ: Որովհետեւ բռնաւորը վերջացաւ, աւերիչը փչացաւ. կոխ տուողները սպառուել են երկրիցը:  Եւ աթոռը ողորմութիւնով կ’հաստատուի, եւ նորա վերայ կ’նստի ճշմարտութիւնով՝ Դաւիթի խորանումը մի դատաւոր, որ իրաւունք է որոնում եւ արդարութիւնը շուտով գործադրում:  Մենք լսեցինք Մովաբի ամբարտաւանութիւնը, շատ ամբարտաւան է. նորա գոռոզութիւնն, ամբարտաւանութիւնն ու բարկութիւնն էլ՝ նորա խօսքերի անստուգութիւնը:  Սորա համար պիտի ողբայ Մովաբը Մովաբի համար, ամեն մէկը պիտի ողբայ. Կիր–հարէսէթի հիմունքի համար պիտի հեծեծաք, հէնց փշրուած:  Որովհետեւ Եսեբոնի դաշտերը նուաղեցան. ազգերի իշխանները Սեբամայի որթի ընտիր ճիւղերը կոտրատեցին, նորանք հասել էին մինչեւ Յազերը, անապատը՝ շրջապատել, նորա շառաւիղները տարածուել անցել էին ծովիցը:  Սորա համար լաց եմ լինելու Յազերի լացովը Սեբամայի որթի վերայ, քեզ աչքիս արտասուքովը որոգելու եմ, ով Եսեբոն ու Եղէաղէ. որովհետեւ դադարելու է քո պտղաքաղի եւ այգեկութի աղաղակը: 10  Եւ ուրախութիւնն ու ցնծութիւնը պիտի վերանայ պարարտ արտերիցը, եւ այգիներումը երգել ցնծալ չէ լինելու, հնձանի մէջ գինի կոխողը չէ կոխելու. աղաղակը դադարեցրի: 11  Դորա համար իմ աղիքը քնարի պէս հնչում է Մովաբի մասին, եւ ներսս՝ Կիր–հարէսէթի համար: 12  Եւ անպատճառ պիտի երեւայ, թէ Մովաբը հոգնում է բարձրաւանդակի վերայ, եւ մտնում է իր սրբարանը աղօթելու. բայց չէ յաջողելու: 13  Սա այն խօսքն է, որ Տէրը վաղուց խօսել է Մովաբի վերայ: 14  Բայց հիմա Տէրը խօսում է եւ ասում. Երեք տարիում, ինչպէս որ վարձկանի տարիներն են, Մովաբի փառը պիտի անարգուի, այն բոլոր մեծ բազմութիւնովը, եւ փոքր մնացորդը պզտիկ չնչին պիտի լինի:

Ծանոթագրություններ