Եսայիա 17։1-14

17  Դամասկոսի պատգամը: Ահա Դամասկոսը դադարում է քաղաք լինելուց, եւ պիտի դառնայ փլատակների շեղջ:  Թողուած ձգուած են Արոերի քաղաքները. նորանք հօտերինն են դառնալու, որ նորանք մակաղ տան եւ վախեցնող չ’լինի:  Եւ նա վեր է առնում Եփրեմից պարիսպը, եւ թագաւորութիւնը՝ Դամասկոսից եւ Ասորիների մնացորդիցը. Իսրայէլի որդկանց փառքի պէս պիտի լինեն, ասում է Զօրաց Տէրը:  Եւ այն օրը կ’լինի, որ պիտի պակասէ Յակոբի փառքը, եւ նորա մարմնի պարարտութիւնը պիտի նիհարանայ:  Եւ կ’լինի ինչպէս որ հնձողը ցորենը հնձում է, եւ նորա բազուկը հնձում է հասկերը. եւ հասկեր ժողովելու պէս է լինելու Ռափայնոց հովիտումը:  Բայց նորա վերայ ճիռեր պիտի մնան, ինչպէս որ ձիթենին թափում են, որ երկու երեք հատ լինում է ճիւղի ծայրին, մի չորս ու հինգը՝ պտղաբեր ոստի վերայ, ասում է Իսրայէլի Եհովայ Աստուածը:  Այն օրը մարդս մտիկ պիտի տայ իր Արարչին, եւ աչքերը պիտի տեսնեն Իսրայէլի Սուրբին:  Եւ նա չի նայիլ իր ձեռքի գործ սեղաններին. եւ չի տեսնիլ այն որ իր մատերը շինել են՝ Աստարովթի կուռքերը եւ արեգակի կուռքերը:  Այն օրը նորա ամուր քաղաքներն անտառների եւ լեռնագագաթների աւերակներ պիտի լինեն, որ թողեցին Իսրայէլի որդկանց առաջին եւ անապատ է դառնալու: 10  Որովհետեւ դու մոռացել ես քո փրկութեան Աստուծուն. եւ քո զօրութեան Վէմին չես յիշել. նորա համար հաճելի տունկեր էիր տնկում, եւ օտար որթի ճիւղեր էիր տնկում: 11  Տնկած օրդ նորան ցանկապատեցիր, եւ առաւօտանց բուսցրիր քո ցանածը. դա մի հունձքի դէղ է վէրքի օրումը, եւ սաստիկ ցաւ*: 12  Վա՜յ շատ ժողովուրդների բազմութեանը, որ գոռում են ծովերի գոռումի պէս, եւ ժողովուրդների աղմուկին, որ աղմուկ են հանում սաստիկ ջրերի աղմուկի պէս: 13  Ազգերը շատ ջրերի աղմուկի պէս աղմուկ են հանում, բայց նա նորան յանդիմանելու է, որ նա էլ հեռու փախչէ, եւ հալածուի սարերի մղեղին պէս քամիի առաջից, եւ ինչպէս փոշին՝ մրրկի առաջից: 14  Իրիկուայ ժամանակին, ահա խռովութիւն, եւ առաւօտից առաջ, չիք են դառել: Սա է մեզ կողոպտողների բաժինը, եւ մեզ յափշտակողների վիճակը:

Ծանոթագրություններ

17։11 Կամ՝ բայց հունձքը փախչում է վշտի և սաստիկ տրտմութեան օրումը։