Եսայիա 19։1-25

19  Եգիպտոսի պատգամը: Ահա Տէրը հեծել է թեթեւ ամպի վերայ, եւ գալիս է Եգիպտոս. եւ Եգիտոսի կուռքերը սարսում են նորա երեսից, եւ Եգիպտոսի սիրտը հալում է իր միջումը:  Եւ ես պիտի Եգիպտոսը գրգռեմ Եգիպտոսի դէմ, եւ պիտի պատերազմեն ամեն մարդ իր եղբօր հետ, եւ ամեն մարդ իր ընկերի հետ, քաղաք քաղաքի հետ, եւ թագաւորութիւն թագաւորութեան հետ:  Եւ պիտի նուաղէ Եգիպտոսի սիրտը իր միջումը, եւ ես նորա խորհուրդը պիտի խորտակեմ, եւ նրանք խնդրելու են կուռքերին եւ կարխարդներին, եւ վհուկներին եւ նշանագէխներին:  Եւ ես պիտի մատնեմ Եգիպտոսը մի խիստ տիրող ձեռքի, եւ մի բռնաւոր թագաւոր պիտի իշխէ նորանց վերայ. ասում է Զօրաց Եհովայ Տէրը:  Եւ ջրերը պիտի քաշուին ծովիցը, եւ գետը պիտի չորանայ եւ ցամաքէ:  Եւ պիտի հոտեն գետերը, եւ պիտի բարակեն եւ չորանան Մասորի* վտակները, եղէգն ու պրտուն պիտի թառամեն:  Նեղոսի մօտ եւ Նեղոսի եզերքի մօտ եղող մարգագետինները, եւ Նեղոսի բոլոր վարուցանը պիտի չորանայ, փուլ գայ եւ չքանայ:  Եւ ձկնորսները պիտի հեծեծան, եւ ողբան Նեղոսի մէջ կարթ ձգողների բոլորը. եւ ջրի երեսի վերայ ուռկան փռողները պիտի տխրին:  Եւ պիտի ամաչեն բարակ քթան գործողները, եւ բամպակի կտաւեղէն հինողները: 10  Եւ նորա սիւները պիտի կոտրատուած լինեն, եւ բոլոր վարձքով գործողների սիրտը կոտրած պիտի լինի: 11  Անշուշտ յիմարներ են Տայանիսի իշխանները. Փարաւօնի խորհրդատու իմաստունների խորհուրդը յիմարական է. դուք ի՞նչպէս էք ասում Փարաւօնին. Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագաւորների որդի: 12  Հիմա ո՞ւր են քո իմաստունները որ քեզ պատմեն, եւ իմացնեն, թէ ինչ է վճռել Զօրաց Տէրը Եգիպտոսի վերայ: 13  Տայանիսի իշխանները յիմարացել են, Մեմփիսի իշխանները խաբուած են, եւ Եգիպտոսին մոլորեցրել են նորա ցեղերի գլխաւորները: 14  Տէրը նորա մէջ խառնեց մոլորութեան հոգի, եւ նորանք մոլորեցրել են Եգիպտոսին նորա բոլոր գործերումը, ինչպէս որ արբածն է մոլորում փսխելիս: 15  Եգիպտոսումը գործք պիտի չ’լինի, որ գործէ գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը: 16  Այն օրը Եգիպտոսը կնիկների պէս է լինելու, եւ պիտի դողայ եւ զարհուրէ Զօրաց Տիրոջ ձեռքի շարժելուց, որ նա շարժելու է նորա վերայ: 17  Եւ Յուդայի երկիրը Եգիպտոսի համար արհաւիրք է դառնալու, ամեն ով որ նորան յիշէ, պիտի վախենայ, Զօրաց Տիրոջ խորհրդի պատճառովը, որ նա նորա վերայ որոշել է: 18  Այն օրը հինգ քաղաք է լինելու Եգիպտոսի երկրումը Քանանի լեզուն խոսող եւ Զօրաց Տիրոջ անունով երդուող. մէկին Արեգակի քաղաք են ասելու: 19  Այն օրը Տիրոջ համար մի սեղան է լինելու Եգիպտոսի երկրի մէջ. եւ նորա սահմանի կշտին մի կոթող՝ Տիրոջ համար: 20  Եւ նա նշան ու վկայութիւն է լինելու Զօրաց Տիրոջ համար Եգիպտոսի երկրումը. որովհետեւ նորանք դէպի Տէրն են աղաղակելու բռնաւորների երեսից, եւ նա մի փրկիչ եւ մի մեծ է ուղարկելու նորանց մօտ եւ նորանց փրկելու է: 21  Եւ Տէրը ճանաչուած պիտի լինի Եգիպտոսումը, եւ Եգիպտցիք այն օրը պիտի ճանաչեն Տիրոջը եւ զոհեր ու պատարագներ պիտի մատուցանեն, եւ ուխտ պիտի ուխտեն Տիրոջը եւ կատարեն: 22  Եւ Տէրը պիտի հարուածէ Եգիպտացիներին, պիտի հարուածէ եւ պիտի բժշկէ, եւ նորանք պիտի դառնան Տիրոջը մօտ, եւ նորանք պիտի ընդունուին, եւ նա պիտի բժշկէ նորանց: 23  Այն օրը մի պողոտայ է լինելու Եգիպտոսից դէպի Ասորեստան, եւ Ասորեստանցիք գալու են Եգիպտոս, Եգիպտացիք՝ Ասորեստան, եւ Եգիպտացիք Ասորեստանցիների հետ ծառայելու են Տիրոջը: 24  Այն օրը Իսրայէլը երրորդը պիտի լինի Եգիպտոսի եւ Ասորեստանի մէջ. եւ օրհնութիւն կ’լինի երկրի մէջ, 25  Որին օրհնելու է Զօրաց Տէրը ասելով. Օրհնեալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոս. եւ իմ ձեռքի գործը՝ Ասորեստան, եւ իմ բաժինը՝ Իսրայէլ:

Ծանոթագրություններ

19։6 Այսինքն՝ Եգիպտոսի։