Եսայիա 21։1-17

21  Ծովի անապատի պատգամը: Հարաւից յարձակուող մրրիկների պէս անապատիցն է գալիս՝ սոսկալի երկրիցը:  Մի խիստ տեսիլք է ինձ յայտնուել. յափշտակողը յափշտակում եւ կործանողը կործանում է: Վեր եկ, Եղամ. պաշարիր, ով Մարաց ազգ, նորա բոլոր հառաչանքը դադարեցրել եմ:  Սորա համար երանքս լիքն է ցաւերով, ծննդականի ցաւերի պէս ցաւեր են բռնել ինձ. գալարվում եմ, չեմ լսում. վրդովուած եմ, չեմ տեսնում:  Սիրտս շփոթուել է, արհաւիրքն ինձ զարհուրեցրել է, նա իմ ցանկալի գիշերն ինձ համար սրտադողի դարձրեց:  Սեղանը գցում են, դէտը դիտում է. ուտե՜լ, խմե՜լ: Վեր կացէք, ով իշխաններ, օծեցէք վահանները:  Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Գնա դէտին կանգնեցրու, որ տեսածը յայտնէ:  Եւ նա ձիաւորներ տեսաւ՝ զոյգ հեծեալներ, էշի վերայ հեծեալներ, ուղտի վերայ հեծեալներ, եւ մեծ ուշադրութեամբ ուշադրութիւն արաւ:  Եւ առիւծօրեն աղաղակեց. Ով Տէր, ես միշտ ցերեկը կանգնած եմ դիտանոցի վերայ, եւ իմ պահապանութեան տեղը ես բոլոր գիշերը կանգնած եմ:  Եւ ահա գալիս են՝ ձիաւորներ, զոյգ հեծեալներ. եւ պատասխանեց ու ասեց. Ընկա՜ւ, ընկաւ Բաբիլոնը, եւ նրա աստուածների բոլոր արձանները փշրեց գետնովը տալով: 10  Ով իմ կասուածներ, եւ իմ կալի պտուղը, ինչ որ լսել եմ Զօրաց Տէր՝ Իսրայէլի Աստուածանից, այն իմացրել եմ ձեզ: 11  Եդովմի* պատգամը: Դէպի ինձ ձայն է գալիս Սէիրից. պահապան, ի՞նչ կայ գիշերիցը. պահապան, ի՞նչ կայ գիշերիցը: 12  Պահապանն ասում է. Առաւօտը եկած էլ լինի, էլի գիշեր է. եթէ հարցնում էք՝ հարցրէք, ետ դարձէք, եկէք: 13  Արաբիայի պատգամը: Արաբիայի անտառումը պիտի օթեւանէք, ով Դեդանեանց կարաւաններ: 14  Ծարաւին դիմաւորելու գնացէք ջրով, ով Թեմայի երկրի բնակիչներ նորա հացովը փախստականի առաջը եկէք: 15  Որովհետեւ նորանք փախչում են սուրերի երեսից, քաշած սուրի առաջից, եւ լարած աղեղի առաջից, եւ պատերազմի սաստկութեան առաջից: 16  Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Դեռ մէկ տարի էլ կայ՝ վարձկանի տարի, որ պիտի վերջանայ Կեդարի բոլոր փառքը: 17  Եւ Կեդարի որդկանց զօրաւոր աղեղնաւորաց մնացորդների թիւը քիչ է լինելու. որովհետեւ Իսրայէլի Աստուած Եհովան է խօսել:

Ծանոթագրություններ

21։11 Եբր. Դումայի այսինքն լռութեան։