Եսայիա 22։1-25

22  Տեսիլքի ձորի պատգամը: Հիմա քեզ ի՞նչ եղաւ, որ ամենքդ վեր էք գնացել կտուրները.  Ով խռովութեամբ լցուած, աղմկալից քաղաք, զբօսասէր քաղաք. քո սպանուածները սուրի սպանած չեն եւ ոչ պատերազմի մեռելներ:  Բոլոր իշխաններդ միասին փախան, առանց աղեղի կապուեցան, բոլոր քեզ մօտ գտնուողները միասին կապուեցան, որ հեռու էին փախել:  Նորա համար ասում եմ. Ուշ դարձրէք ինձանից, դառնապէս լաց եմ լինելու. մի բռնադատէք ինձ մխիթարելու իմ ժողովրդի աղջկայ աւերակի համար:  Որովհետեւ խռովութեան, ոտնահարութեան եւ շփոթութեան օր է տեսիլքի ձորումը Զօրաց Եհովայ Տիրոջ համար. պարիսպը քանդում են. եւ դղրդոցը հասնում է սարը:  Եւ Եղամը կրում է կապարճը, կառքի հետ մարդկանց եւ ձիաւորներին. եւ Կիրը բաց է անում վահանը:  Եւ քո ընտիր հովիտները կառքերով լիքն են լինելու, եւ ձիաւորները շարքով շարուելու են դէպի դռները:  Եւ նա կ’բանայ Յուդայի ծածկոցը, եւ դու կ’նայես այն օր անտառի տան զէնքերին.  Եւ կը տեսնէք Դաւիթի քաղաքի ճեղքերը, որ շատ կ’լինեն, եւ կ’ժողովէք ցածի աւազանի ջրերը: 10  Եւ կ’համարէք Երուսաղէմի տները, եւ տները կ’քանդէք պարիսպը պնդացնելու համար. 11  Եւ մի ջրակոյտ կ’շինէք երկու պարսպի մէջտեղը հին աւազանի ջրերի համար. բայց չէք նայում այս բանն անողին, եւ այս բանը վաղուց շինողին չէք տեսնում: 12  Եւ Զօրաց Եհովայ Տէրը կանչեց այն օրը՝ լաց լինելու եւ սգալու համար, գլուխ կնտացնելու եւ քուրձ հագնելու համար: 13  Եւ ահա ցնծութիւն եւ ուրախութիւն, արջառներ սպանե՜լ եւ ոչխարներ մորթե՜լ, միս ուտե՜լ եւ գինի խմե՜լ, ասելով. ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց մեռնելու ենք: 14  Բայց Զօրաց Տէրը յայտնել է իմ ականջներին, անշուշտ պիտի չ’քաւուի ձեր այս անօրէնութիւնը մինչեւ որ մեռնիք, ասում է Զօրաց Եհովայ Տէրը: 15  Այսպէս է ասում Զօրաց Եհովայ Տէրը. Գնա մտիր այդ պալատական Սեբնայի մօտ, որ պալատի վերակացու է, եւ ասիր. 16  Ի՞նչ ունիս այստեղ, եւ ո՞վ ունիս այստեղ, որ այստեղ քեզ համար գերեզման ես փորել. փորե՜լ է բարձրումն իր գերեզմանը, քանդե՜լ է վէմի մէջ իրան համար բնակարանը: 17  Ահա Տէրը քեզ թաւալեցնելու է՝ ուժով մարդի թաւալեցնելու պէս, եւ քեզ բոլորովին ծածկելու է: 18  Քեզ կծիկի պէս կծկելու կծիկ է շինելու՝ գնտակի պէս շպրտելու է լայնարձակ երկրի վերայ. դու այնտեղ պիտի մեռնես, եւ այնտեղ լինելու են քո փառաց կառքերը, դու, ով քո տիրոջ տան անարգանքը: 19  Եւ ես քեզ մերժեցի քո պաշտօնիցը. եւ նա պիտի քեզ խորտակէ քո կանգնած տեղիցը: 20  Եւ այն օրը կ’լինի, որ կ’կանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին: 21  Եւ նորան կ’հագցնեմ քո պատմուճանը, եւ քո գօտին նորան կ’կապեմ, եւ քո իշխանութիւնը կը տամ նորա ձեռքը եւ նա հայր կ’դառնայ Երուսաղէմի բնակիչների եւ Յուդայի տան համար: 22  Եւ Դաւիթի տան բանալին կ’դնեմ նորա ուսին, որ նա բանայ, եւ ոչ ով չ‘գոցէ. եւ գոցէ, ու ոչ ով չ‘բանայ: 23  Եւ նորան կ‘պնդացնեմ բեւեռի պէս մի հաստատ տեղ, եւ նա փառաց աթոռի պէս կը լինի իր հօր տան համար: 24  Եւ նորանից կ‘կախուին իր հօր տան բոլոր փառաւոր բաները, ոստերը եւ շառաւիղները, բոլոր նուաստ անօթները՝ սկաւառակների տեսակ անօթներից սկսած մինչեւ ամեն տեսակ սափորները: 25  Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, պիտի շարժուի այն հաստատ տեղում պնդացրուած բեւեռը, եւ կոտրուի ու վայր ընկնի, եւ այն բեռը պիտի կոտրատուի որ նորա վերայ էր. որովհետեւ Տէրն է խօսել:

Ծանոթագրություններ