Եսայիա 23։1-18

23  Տիւրոսի պատգամը: Ողբացէք, ով Թարսիսի նաւեր, որովհետեւ աւերակ է դառել՝ ոչ տուն կայ ոչ մուտք. Կիտացիների երկրիցը յայտնուեցաւ նորանց:  Լռեցէք, ով ծովեզրեայ բնակիչներ, Սիդոնի ծովագնաց վաճառականները քեզ լցրել էին:  Շատ ջրերի միջի Սիովրի սերմը՝ Նեղոսի հունձքը նորա եկամուտն էր. եւ նա եղել էր ազգերի վաճառանոցը:  Ամօ՜թ քեզ, ով Սիդոն, որովհետեւ ծովը խօսում է, ծովի զօրութիւնն ասում է, ես ծննդականի ցաւ չեմ քաշել եւ չեմ ծնել, եւ երիտասարդներ չեմ մեծացրել եւ կոյսեր չեմ բարձրացրել:  Երբոր լուրը Եգիպտոս հասնէ, պիտի ոլորուին Տիւրոսի լուրի համար:  Անց կացէք Թարսիս, ողբացէք, ով ծովեզրեայ բնակիչներ:  Սա՞ է ձեր զուարճացեալ քաղաքը, որի հնութիւնը հին ժամանակից է. նորա ոտները պիտի քշեն նորան հեռու տեղ պանդուխտ լինելու:  Ո՞վ արաւ այս խորհուրդը Տիւրոսի մասին, որ պսակներ էր բաժանում, որի վաճառականներն իշխաններ էին, որի առուտուր անողները՝ երկրի պատուաւորները:  Զօրաց Տէրն է արել այս խորհուրդը, որ խայտառակէ ամեն զարդի բարձրութիւնը, որ անարգէ երկրի բոլոր պատուաւորներին: 10  Հեղեղիր քո երկիրը Նեղոսի պէս, ով Թարսիսի աղջիկ, այլ եւս արգելք* չ‘կայ: 11  Նա իր ձեռքը մեկնել է ծովի վերայ, սարսեցրել է տէրութիւններին. Եհովան պատուիրել է Քանանացիների մասին, որ նորա բերդերը քանդեն: 12  Եւ ասում է. Դու այլ եւս պիտի չ‘ուրախանաս, ով դու Սիդոնի պղծուած կուսական աղջիկ. դէպի Կիտիմ, վեր կաց, անցիր, բայց այնտեղ էլ պիտի հանգիստ չ‘լինես: 13  Ահա Քաղդէացիների երկիրը, այս ազգը, որ չէր եղած, Ասորեստանը հիմնեց դորան անապատում բնակողների համար. նորանք կանգնեցրին նորա աշտարակները, քանդեցին նորա պալատները, նորան աւերակ արին: 14  Ողբացէք, ով Թարսիսի նաւեր, որ ձեր ամրութիւնը քարուքանդ եղաւ: 15  Եւ այն օրը կ‘լինի որ Տիւրոսը կը մոռացուի եօթանասուն տարի, մէկ թագաւորի օրերի չափ. եօթանասուն տարուց յետոյ կ‘լինի Տիւրոսին՝ այն պոռնկի երգին համեմատ. 16  Առ քնարը, շրջիր քաղաքը, ով մոռացուած պոռնիկ. լաւ ածիր, շատ երգ երգիր, որ քեզ յիշեն: 17  Եւ եօթանասուն տարուց յետոյ կ‘լինի, որ Տէրը այցելութիւն կ‘անէ Տիւրոսին, եւ նա ետ կ‘դառնայ դէպի պոռնկական վարձքը եւ կ‘պոռնկանայ աշխարհի երեսին եղող բոլոր երկրի թագաւորութիւնների հետ: 18  Եւ նորա աշխատանքն ու վարձանքը պիտի նուիրուի Տիրոջը. նա չ‘պիտի գանձարանը մտնէ, եւ չ‘պիտի շտեմարանումը պահուի, այլ Տիրոջ առաջին բնակողներինը պիտի լինի նորա աշխատանքը. որ ուտեն կշտանան, եւ պատուական զգեստներ հագնեն:

Ծանոթագրություններ

23։10 Կամ՝ գօտի։