Եսայիա 24։1-23

24  Ահա Տէրը դարտակելու է երկիրը եւ նորան քարուքանդ է անելու, եւ փոխելու է նորա կերպարանքը եւ ցրուելու է նորա բնակիչներին:  Եւ կ’լինի, ինչպէս որ ժողովրդին նոյնպէս էլ քահանային, ինչպէս ծառային այնպէս էլ նորա տիրոջը, ինչպէս աղախնին այնպէս էլ նորա տիկնոջը, ինչպէս ծախու առնողին այնպէս էլ ծախողին, ինչպէս փոխ տուողին այնպէս էլ փոխ առնողին, ինչպէս պարտատիրոջն այնպէս էլ պարտականին:  Երկիրը դարտակուելու դատարկ է լինելու, եւ կողոպտուելով կողոպուտ է դառնալու, որովհետեւ Տէրն է խօսել այս խօսքը:  Տխրելու տրտմելու է երկիրը, նուաղելու ու տրտմելու է աշխարհը, նուաղելու են երկրի ժողովուրդների մեծամեծները:  Եւ երկիրը պղծուած է լինելու իր բնակիչների տակին, որովհետեւ օրէնքները զանց են արել, պատուիրանքը՝ փոխել, յաւիտենական ուխտը՝ խափանել:  Դորա համար անէծքը թափել է երկիրը, եւ բնակիչները նորանով պատիժ կրեցին. այս պատճառով երկրի բնակիչները այրուեցան, եւ քիչ մարդիկ մնացին:  Նոր գինին սուգ է անում, նուաղում է որթը, հառաչում են բոլոր ուրախասիրտները:  Դադարել է թմբուկների զուարճութիւնը. կտրել է ուրախացողների աղաղակը. դադարել է քնարի զուարճութիւնը:  Գինին երգով չեն խմելու, դառնանալու է ցքին իր խմողների համար: 10  Ջարդուել է դատարկ քաղաքը, կղպուել է ամեն տուն՝ մտնել չկայ: 11  Լաց կայ գինիի համար փողոցներումը, մթնել է ամեն ուրախութիւն, վերացել է երկրի ցնծութիւնը: 12  Ամայութիւն է մնացել քաղաքումը, եւ փշրուել աւերակ է դառել: 13  Որովհետեւ այսպէս պիտի լինի երկրի մէջ՝ ժողովուրդների միջումը, այսինքն ինչպէս թափած ձիթենին, ինչպէս ճռաքաղ այգեկութը վերջանալուց յետոյ: 14  Եւ նորանք կ’բարձրացնեն իրանց ձայնը, կ’ցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կ’աղաղակեն ծովի կողմիցը: 15  Սորա համար արեւելքումը փառաւորեցէք Տիրոջը, ծովի կղզիներումը՝ Իսրայէլի Տէր Աստուծոյ անունը: 16  Երկրի ծայրիցը երգեր լսեցինք, Փա՜ռք Արդարին: Բայց ես ասեցի. Մաշուած եմ, վա՜յ ինձ. յափշտակողները յափշտակում են, յափշտակողները յափշտակելով յափշտակում են. 17  Վախ ու վիհ ու վարմ կայ քեզ համար, ով երկրի բնակիչ: 18  Եւ ով որ փախչելու լինի վախի ձայնիցը՝ վիհն է ընկնելու, եւ վիհի միջիցը դուրս եկողը՝ վարմի մէջ է բռնուելու. որովհետեւ վերեւից բաց են պատուհանները, եւ երկրի հիմունքը պիտի սարսեն: 19  Ճեղքվում ճեղքոտվում է երկիրը, պատառվում պատառ պատառ է լինում երկիրը, դողում է, դողդողում է երկիրը. 20  Երերվում տրորվում է երկիրը արբածի նման, եւ ճօճում է հիւղի նման, եւ նորա մեղքը ծանրացել է նորա վերայ, եւ նա վայր է ընկնելու, եւ այլ եւս վեր չի կենալ: 21  Եւ այն օրը լինելու է, որ Տէրը կ’այցելէ բարձանց մէջ բարձանց զօրքերին, եւ երկրի վերայ երկրի թագաւորներին: 22  Եւ պիտի հաւաքուին մէկ հաւաքուած դառնան, եւ կապուին գուբի մէջ, եւ պիտի բանտարկուին բանտի մէջ. եւ շատ օրերից յետոյ պիտի այցելութիւն ունենան: 23  Եւ պիտի ամաչէ լուսինը, ու արեգակը պատկառէ, երբոր թագաւորէ Զօրաց Տէրը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմում, եւ պատիւ կ’լինի իր ծերերի առաջը:

Ծանոթագրություններ