Եսայիա 25։1-12

25  Եհովայ, դու իմ Աստուածն ես. ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը. որովհետեւ դու սքանչելիք արիր, վաղեմի խորհուրդներ, հաւատարմութիւն եւ ճշմարտութիւն:  Որովհետեւ քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. քաղաքը՝ օտարների պալատ, յաւիտեան չէ շինուելու:  Նորա համար քեզ պիտի պատուէ զօրաւոր ժողովուրդը, ահարկու ազգերի քաղաքը պիտի վախենայ քեզանից:  Որ դու ապաստան եղար աղքատին, ապաստան՝ չքաւորին նորա նեղութեան մէջ, ապաւէն՝ փոթորիկից, հովանի՝ տաքութիւնից. որովհետեւ զօրաւորների կատաղութիւնը պատ քանդող փոթորիկի նման է:  Օտարների աղմուկը տաքութեն պէս է չոր տեղում, որ դու խոնարհեցիր. տաքութիւնը ամպի հովանիով անցնելու պէս բռնաւորների երդը պիտի իջնէ:  Եւ Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով:  Եւ բնաջինջ է անելու այս սարի վերայ երեսի ծածկոցը, որ ծածկում է բոլոր ժողովուրդներին, եւ այն վարագոյրը որ վարագուրուած է բոլոր ազգերի վերայ:  Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում:  Եւ այն օրն ասելու են, ահա մեր Աստուածը, որին մենք յուսացել ենք, եւ նա մեզ փրկեց. Եհովան է սա, որին յուսացել ենք, ուրախանալու եւ ցնծալու ենք նորա փրկութիւնովը: 10  Որովհետեւ Տիրոջ ձեռքը հանգչելու է այս սարի վերայ. եւ Մովաբը ջարդուելու է նորա տակին, ինչպէս որ խոզանը կոխ է տրվում աղբահարումը: 11  Եւ նա տարածելու է իր ձեռքերը նորա մէջ, ինչպէս որ տարածում է լողացողը լողանալիս, բայց նա պիտի ցածացնէ նորա հպարտութիւնը նորա ձեռքերի հնարքների հետ: 12  Եւ քո պարիսպների բարձր ամրութիւնը նա պիտի խոնարհեցնէ, ցածացնէ, մինչեւ փոշին գետնովը տայ:

Ծանոթագրություններ