Եսայիա 27։1-13

27  Այն օրը Տէրը պիտի այցելէ իր ամուր ու մեծ եւ զօրաւոր սրովը լեւիաթան փախչող օձին, եւ լեւիաթան ոլորուն օձին, եւ պիտի սպանէ ծովի միջի վիշապին:  Այն օրը գինիի* այգի կ’լինի. նորա համար երգեցէք:  Ես Տէրս եմ նորա պահապանը, ամեն վայրկյան ոռոգում եմ նորան. որպէս զի նորան ոչ ով չ’վնասէ, գիշեր եւ ցերեկ ես նորան պահպանում եմ:  Ես բարկութիւն չ’ունիմ. երանի թէ ցախեր՝ փուշեր լինէին, պատերազմով նորանց վերայ կ’յարձակուէի. ամենը միասին կ’այրէի:  Կամ թէ իմ զօրութիւնիցը բռնեն, ինձ հետ խաղաղութիւն անեն. խաղաղութիւն անեն ինձ հետ:  Ապագայում Յակոբը պիտի արմատանայ, Իսրայէլը ծաղկի եւ ընձիւղէ. եւ պիտի լցնեն աշխարհի երեսը պտուղով:  Մի՞թէ նորա զարկողի զարկածին պէս է զարկել նորան, կամ նա նորա սպանուելու սպանման նման սպանուեցա՞ւ:  Չափաւորութեամբ վիճեցիր նորա հետ նորան արձակելիս, նորան դուրս արաւ սաստիկ քամիով երեւելեան քամիի օրը:  Ուրեմն սորանով կ’քաւուի Յակոբի անօրէնութիւնը, եւ սա է նորա մեղքի հեռացնելու բոլոր պտուղը. երբոր սեղանի քարերը փշրուած կրաքարերի պէս կ’անէ, վեր չեն կենալ աստարովթներ եւ արեգական կուռքերը: 10  Որովհետեւ պարսպաւոր քաղաքը միայնացած՝ ձգուած եւ թողուած բնակարան պիտի լինի անապատի պէս. այնտեղ զուարակն է արածելու, եւ այնտեղ մակաղելու, եւ նորա ճիւուղերը վերջացնելու է: 11  Նորա ճիւղերը չորանալով պիտի կոտրատուին, կնիկները պիտի գան, վառեն նորան, որովհետեւ նա իմաստուն ժողովուրդ չէ, վասն որոյ նորան չէ ողորմելու նորա Արարիչը, եւ նորա ստեղծողը նորան չէ գթալու: 12  Եւ այն օրը կ’լինի, որ Տէրը կ’թօթափէ Գետի յորձանքիցը մինչեւ Եգիպտոսի հեղեղատը, եւ դուք կ’հաւաքուիք մէկ մէկ, ով Իսրայէլի որդիք: 13  Եւ այն օրը փչուելու է մեծ փողովը, եւ գալու են Ասորեստանի երկրում կորածները, եւ Եգիպտոսի երկրի մէջ աքսորուածները, եւ երկրպագելու են Տիրոջը՝ սուրբ սարի վերայ Երուսաղէմումը:

Ծանոթագրություններ

27։2 Ոմանք՝ վայելուչ։